Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պարտվեց ՄԻԵԴ-ում՝ 13 տարի, 5 ամիս և 1 օր տեւած դատական քաշքշուկի գործով. «Ա1+»

Մայիս 22,2026 15:43 Share

«Ա1+». Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի մայիսի 21-ին հրապարակել է սկզբունքային նշանակություն ունեցող վճիռ:
Հաշվի առնելով դիմումների նմանատիպ առարկան, Դատարանը նպատակահարմար է գտել դրանք համատեղ քննել մեկ դատավճռով:

Դատարանը ոչ միայն արձանագրել է մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, այլև Հայաստանի իշխանություններից պահանջել է արմատական բարեփոխումներ իրականացնել դատական համակարգում։

Գործի հիմքում ընկած են Հայաստանի քաղաքացիների բողոքները, որոնց դատական գործերը հայաստանյան ատյաններում տևել են 7-ից մինչև 13 տարի, 5 ամիս։ Հատկանշական է դիմումատուներից Լենա Հակոբյանը, որի հողային վեճը սկսվել էր դեռևս 2012 թվականին և շարունակվում էր նույնիսկ 2025 թվականի դրությամբ, մահացել է մինչև վճռի կայացումը, 2024 թվականին, իսկ  նրա գործը Ստրասբուրգում շարունակել է դուստրը։

ՄԻԵԴ-ը միաձայն որոշել է, որ խախտվել է դիմումատուների՝ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը (Կոնվենցիայի 6-րդ հոդված)։

Բացի այդ Հայաստանի կառավարությունը փորձել էր համոզել Դատարանին, որ երկրում գործում է նման դեպքերի համար փոխհատուցման արդյունավետ մեխանիզմ (Քաղաքացիական օրենսգրքի 162.1 և 1087.2 հոդվածներ)։ Սակայն ՄԻԵԴ-ը չի  ընդունել է այս պնդումը։

Դատարանը մատնանշել է, որ հայաստանյան դատարանները քաղաքացիների վրա անհամաչափ ծանր բեռ են դնում՝ պահանջելով ապացուցել, որ ձգձգումներն իրենց մեղքով չեն եղել։ Օրինակ՝ դիմումատուներից պահանջվել է ներկայացնել բոլոր դատական նիստերի ձայնագրությունները՝ հիմնավորելու համար, որ իրենք չեն պատճառ հանդիսացել գործի երկարաձգմանը։ Բացի այդ, հենց այդ «փոխհատուցման» համար նախատեսված դատական վարույթները Հայաստանում տևում են 3-ից 5 տարի, ինչն ինքնին անհեթեթություն է։

«Դատարանը մտահոգությամբ նշում է, որ դատական վարույթների տևողության վերաբերյալ բողոքների համար Հայաստանի փոխհատուցման միջոցն ակնհայտորեն չի բավարարում արդյունավետության պահանջներին, որոնց պետք է համապատասխանի նման պաշտպանության միջոցը ։ Հետևաբար, այն հորդորում է ներպետական իշխանություններին, որպես առաջնահերթության խնդիր, ներդնել փոխհատուցման միջոց, որը հատուկ նվիրված կլինի վարույթների գերազանցող տևողության վերաբերյալ բողոքներին՝ համաձայն Դատարանի վերոհիշյալ չափանիշների ՝ ներկա գործի նման խախտումների համար իրապես արդյունավետ պաշտպանություն ապահովելու նպատակով, չբացառելով նաև արագացման (acceleratory) միջոցի ներդրման հնարավորությունը»,- ասված է որոշման մեջ։

Հաշվի առնելով խնդրի համակարգային բնույթը՝ ՄԻԵԴ-ը կիրառել է Կոնվենցիայի 46-րդ հոդվածը և Հայաստանին «հորդորել» առաջնահերթության կարգով ներդնել հատուկ փոխհատուցման մեխանիզմ։ Այդ մեխանիզմը պետք է  լինի պարզ և արագ, ունենա հետադարձ ուժ (տարածվի նաև արդեն իսկ ձգձգված գործերի վրա), չդնի քաղաքացու վրա ապացուցման անիրական պահանջներ։

Որպես  փոխհատուցում, ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուներին վճարել ընդհանուր առմամբ 9,600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, և 1,000 եվրո՝ դատական ծախսերի համար։

Բոլոր վճարումները պետք է կատարվեն Հայաստանի Հանրապետության կողմից՝ վճռի վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031