Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան որևէ երկաթուղային ճանապարհ չի բացել Հայաստանի հետ. մի՛ տրվեք թուրքական քարոզչությանը․ Վարուժան Գեղամյան

Մայիս 24,2026 11:10 Share

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Թուրքիան, իհարկե, որևէ երկաթուղային ճանապարհ (առավել ևս՝ սահման) չի բացել Հայաստանի հետ։

Ավելին՝ չի էլ պատրաստվում նման քայլի, և դա ունի շատ հիմնավոր ու պրագմատիկ պատճառ։

ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է՝ օգտագործելով պատերազմական փափուկ ուժի գործիք հանդիսացող տնտեսական շրջափակումը։ Սակայն այդ գործիքը ոչ այնքան ծառայում է բուն նպատակին (զուտ տնտեսական տեսանկյունից դրա արդյունավետությունը խիստ կասկածելի է), այլ պաշտոնական Անկարայի կողմից այն օգտագործվում է որպես քարոզչական ու հոգեբանական գործիք։

Բացատրեմ, թե ինչպես է դա աշխատում։

1991 թ.-ից ի վեր մեզ անդադար համոզում են, որ Թուրքիայի հետ սահմանները բացելուց հետո մենք տնտեսական բարեկեցության մեջ ենք ապրելու՝ այդպիսով Հայաստանի բոլոր տնտեսական խնդիրները բխեցնելով Թուրքիայի կողմից փակված սահմաններից։ Այս քարոզչական մանիպուլյատիվ թեզը, ցավոք, շատ ամուր կերպով նստած է հայ հասարակության ու նույնիսկ ազգային էլիտաների պատկերացումներում՝ դիտարկելով Թուրքիայի հետ բաց սահմանը որպես բացարձակ բարիք՝ առանց դրա իրական, գիտահեն ապացույցների։ Այս հարցում ամեն բան կառուցվում է կենցաղային տրամաբանության վրա. այս տրամաբանությունը սնուցվում է «բաց սահմանը ավելի լավ է, քան փակը», «21-րդ դարում փակ սահմաններ չկան» և այլ անհիմն պնդումներով։

Մինչդեռ այս թեզի քարոզի ու լայն տարածման գլխավոր շահառուն Թուրքիան է։ Այդ քարոզի տրամաբանությամբ Թուրքիայի կողմից արված պատերազմական քայլը դիտարկվում է զուտ տնտեսական և մի բան, որ «մեզ շատ է պետք»։ Ուստի պաշտոնական Անկարան սահմանների բացման հեռանկարը օգտագործում է որպես խայծ՝ Հայաստանից զիջումներ կորզելու համար։ Իր արդյունավետությամբ դա շատ ավելի լավ գործիք է, քան բուն սահմանը բացելը։

Հենց սա է պատճառը, որ 2020 թ. պատերազմից հետո ՀՀ դե ֆակտո իշխանությունը ամեն օր նոր զիջումներ է անում Թուրքիային ու Ադրբեջանին, բայց սահմանների բացման ու ճանապարհների ապաշրջափակման հարցը չի լուծվում։ Թուրքիան օգտագործում է սահմանների թեման որպես դիվանագիտական-քաղաքական ճնշման գործիք։ Պատահական չէ, որ արդեն 6 տարի կան միայն հայ-թուրքական անբովանդակ հանդիպումներ, քննարկումներ, բայց չկա սահմանների բացում։ Այս ամբողջ քարոզչության նպատակն է հայ հասարակության շրջանում ստեղծել կեղծ պատրանք, որ «հեսա-հեսա բացվելու է սահմանը» և «լավ ենք ապրելու»։ Մինչդեռ դրա դիմաց Թուրքիային արվում են նոր զիջումներ։

Մի՛ տրվեք թուրքական քարոզչությանը, դա վնաս է ոչ միայն առողջությանը, այլև՝ անվտանգությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031