Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իմ ձեռքում լինի, իրենք գերության մեջ մեկ ամիս էլ չեն մնա»․ Գագիկ Ծառուկյանը՝ Բաքվում պահվող հայերի մասին

Մայիս 26,2026 18:35 Share

«Ցանկացած մարդու, հայի, ղեկավարի, Հայաստանի բնակչի համար գերիների հարցը պատվի, արժանապատվության խնդիր է։ Ինչքան ուզում ես մեծ-մեծ խոսի, բայց եթե քո զինվորները, գեներալները, նախագահներն այնտեղ են, ապա գլուխդ բարձր չես կարող պահել, ասել, պետք է այդ հարցով զբաղվել։ Կարելի է դիմել Ալեքսանդր Լուկաշենկոյին, Վլադիմիր Պուտինին, Դոնալդ Թրամփին, Էմանուել Մակրոնին․․․ Հնարավորության դեպքում, եթե դա իմ ձեռքում լինի, իրենք գերության մեջ մեկ ամիս էլ չեն մնա։ Չկա խնդիր, որ լուծում չունենա, միայն կա դատարկ-դատարկ խոսել կամ չկարողանալ այդ ծանրության տակ մտնել։ Բանակցել կարող է ծանոթություն, շրջապատ ունեցողը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում՝ խոսելով Բաքվում գտնվող հայ գերիների մասին, ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նա վստահ է, որ այդ հարցը կարող է լուծվել միայն միջնորդների միջոցով, իսկ միջնորդներ կարող են լինել ազդեցիկ պետությունների ղեկավարները։

Գագիկ Ծառուկյանը զգուշացնում է՝ գերիներ ունենալու պարագայում չի կարող երաշխավորված խաղաղություն լինել։

Հիշեցնենք՝ 2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին դատապարտեց 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել էր և քննվում էր առանձին վարույթում։ Վարդանյանը հրաժարվել է դատավճռի բողոքարկումից. նա չի ճանաչում դատավճիռը որպես արդարադատության իրավական ակտ և այն համարում է քաղաքական շարժառիթներով և անօրինական հետապնդման մաս, որը ոչ այլ ինչ է, քան արդարադատության մերժում։ Մյուս գործերով վերաքննիչ բողոքների լսումներն են մեկնարկել։

Հարցին՝ ինքը ՀՀ իշխանություններին առաջարկե՞լ է գերիների վերադարձի հարցում իր օգնությունը՝ նկատի ունենալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իր մտերմությունը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ ՀՀ իշխանություններն իրեն չեն առաջարկել այս հարցում իր կապերն օգտագործել․ «Ընկերությունը, պաշտոնը մի բան է, պետության դիրքը՝ մի այլ բան։ Կառավարելը հենց այնպես չէ, որ այսօր նստել ես, ոչ ոքի հետ չես շփվում, ցեխ շպրտում»։ Հավելեց՝ ցանկացած հարց, որով ինքը դիմում է Բելառուսի նախագահին, երկու րոպեում է լուծում ստանում․ «Այսօր ամբողջ աշխարհն է Լուկաշենկոյին որպես ազդեցիկ մարդ ընդունում, նույն ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը։ Մարդը տեսած, կարող․․․ Պատերազմ է սահմանի վրա՝ և Ուկրաինայում, և Լեհաստանում պատերազմ է, բայց մարդն այնպիսի քաղաքականություն է վարում, որ մեկ դրոն չի ընկել իրենց սահմանին»։

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը նաև հայտարարեց, որ իր ունեցվածքը պահելու համար իշխանության հետ համաձայնության չի գնալու․ «Ոչ մի կոմպրոմիս չի կարող լինել»։

Պատրաստեց՝ Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031