«Եթե իրենք ընտրվեցին՝ ասելու են՝ «Սևանը Գյոյչա է և վերջ»,- Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց «Առաջարկ Հայաստանին» թիմի առաջնորդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Նա հայտարարեց, որ ՀՀ գործող իշխանության համար սուտ խոսելը «փեշակ» է դարձել, նախընտրական քարոզարշավի էլ գնում են՝ իրենց հետ ավտոբուսներով մարդիկ տանելով կամ մարդկանց ստիպելով, որ մասնակցեն դրան․ «Մի հատ նշան են սարքել՝ թե քարտեզ։ Ի՞նչ է, նո՞ր եք հայտնաբերել Հայաստանը՝ այսօր մասնատելով, բաժանելով․․․ Ադրբեջանցիները բազաներ են սարքում, իրենց զորքերը, հենակետերը դրել են, հետ չեն գնում, գյուղացին չի կարողանում իր հողերը մշակի՝ ասում են՝ խաղաղություն ենք բերում»։
Գագիկ Ծառուկյանը ցանկանում է թուղթ տեսնել՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից ստորագրված ու կնքված՝ խաղաղության հաստատման մասին։
«Ադրբեջանի ախորժակը այսօր շատ մեծ է, որ այսօր ասում է՝ Սևանը Ադրբեջանինն է, անունն էլ Գյոյչա է, Երևանն էլ՝ Էրիվան է։ Այսօր ինքը՝ հունիսի 18-19-ը Նախիջևանում, այդ ծրագիրն է իրականացնում, որ կարողանա Արևմտյան Ադրբեջան ստեղծի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ կոչ անելով հունիսի 7-ին մասնակցել ընտրությունների, միասնական լինել, որպեսզի հնարավոր լինի այս ամենի ընթացքը կանգնեցնել։ Այլապես, ինքը վստահ է՝ Հայաստանին Արցախի ճակատագիրն է սպասվում։
Կարդացեք նաև
«Ալիևը վրեժ է լուծում։ Այդ 30 տարվա իրենց խայտառակությունից հետո՝ վրեժ է լուծում։ Ասում է՝ ես գալու եմ, իմ ժողովուրդը գալու է բնակվի․ տանկերով չենք գալու, ավտոբուսներով ենք գալու, բայց եթե նեղացրեցիք՝ մի հատ էլ զորք կբերեմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն նախկինում ասում էին՝ «Արցախը Հայաստանն է և վերջ։ Մենք նմա՞ն ենք հող հանձնողի», իսկ այժմ Արցախը չկա։ Վստահ է՝ հիմա էլ նույնն է լինելու․ «Եթե իրենք ընտրվեցին՝ ասելու են՝ «Սևանը Գյոյչա է և վերջ»»։
Ինչ վերաբերում է ՀՀ պաշտոնյաների այն հայտարարություններին, որ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարց չկա, Գագիկ Ծառուկյանը խորհուրդ է տալիս կարդալ Իլհամ Ալիևի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի ելույթը։
Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է՝ դեռ հնարավոր է շատ բան ետ բերել, ամեն ինչ իր տեղը դնել՝ ճիշտ դաշնակիցներ ընտրելով։
Գագիկ Ծառուկյանը խոսեց սահմանամերձ համայնքներին արտոնություններ տրամադրելու իրենց ծրագրերի մասին, որոնք կամրապնդեն այդ բնակավայրերը, մարդիկ էլ չեն հեռանա․ «Դատարկելով՝ մենք ինքնըստինքյան դրանք հանձնում ենք ադրբեջանցիներին։ Սահմանը պետք է ամուր լինի»։ Խոսեց նաև գյուղնախարարության վերականգնման, գյուղատնտեսներին պետական աջակցության, մանր ու միջին բիզնեսի և տուրիզմի զարգացման հեռանկարների մասին։
Մանրամասները՝ շուտով տեսանյութում։
Նելլի Գրիգորյան
Լուսանկարը՝ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից


















































