Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեխնիկան, թեկուզ և սուպեր, կամ, ինչպես ասում են, վերջին ճիչ, իմ մասնագիտությանը երբեք չի փոխարինի և չի էլ կարող փոխարինել». Հուշարար Նատալյա Ասմարյան

Մայիս 29,2026 14:29 Share

Պատմության ընթացքում բազում մշակութային մասնագիտություններ ամբողջովին անհետացել են կամ մոռացության մատնվել։ Այսօր կան այնպիսինները, որոնք կանգնած են անհետացման եզրին։ Այս մասին Aravot.am-ին հայտնել էր առաջին անգամ Հայաստան այցելած ճանաչված օպերային քննադատ, միլիոնավոր հետևորդներ ունեցող «Сумерки богов» բլոգի վարող Վադիմ Ժուրովլյովը, որի հետ հարցազրույցը վերջերս ներկայացրել ենք։ Դրանում տեղ չէր գտել, իր խոսքերով, անհետացման եզրին գտնվող հուշարարի մասնագիտության հետ կապված հատվածը։ Ժուրովլյովի հավաստմամբ՝ «ներկայումս աշխարհում հուշարարների թվի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկան, քանի որ այս մասնագիտությունն այսօր չափազանց հազվադեպ հանդիպողներից է և, ըստ էության, գոյատևում է միայն խոշոր քաղաքների մի քանի թատրոններում»։ Նա նշել էր, որ Ռուսաստանում այսօր հուշարարների կհանդիպենք մասնավորապես Մոսկվայում՝ Բոլշոյ, Փոքր և Չեխովի անվան թատրոններում, և իրենց երկրում հուշարարների թիվը չի գերազանցում 30-ը։

Վերը շարադրվածի առիթով պարզեցինք, որ Եվրոպայի և աշխարհի այն երկրներում, որտեղ պահպանվում են թատերական ավանդույթները, հուշարարների պաշտոնները նույնպես անհետացել են՝ գոյատևելով միայն որպես հազվագյուտ մասնագետներ խաղացանկային թատրոններում կամ ակադեմիական ներկայացումներում։ Նույնիսկ խոշոր թատերական կենտրոններում՝ Լոնդոնում, Փարիզում, Նյու Յորքում և այլուր, հուշարարի դերը աստիճանաբար փոխարինվում է ժամանակակից տեխնիկական միջոցներով՝ հեռահուշարարներով, աուդիոհուշարարներով։ Ստացվում է՝ պրոֆեսիոնալ հուշարարները չափազանց հազվադեպ են։ Դրա հիման վրա աշխարհում թատերական հուշարարների թիվը, հավանաբար, կարելի է հաշվել, ինչպես նշեց նաև Վադիմ Ժուրովլյովը, տասնյակներով կամ առավելագույնը մեկ-երկու հարյուրներով։ Կրկնենք, որ ճշգրիտ թիվը կամ թվերը հրապարակայնորեն փաստաթղթավորված չեն։

Երևանի թատրոններում անցկացված մեր հարցումների արդյունքում պարզվեց, որ երկու թատրոնում դեռևս կա այս մասնագիտության՝ հուշարարի անհրաժեշտությունը կամ պահանջը՝ Օպերայի և Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում։

Տեղեկանալով, որ Ազգային օպերային թատրոնի հուշարարն արդեն 40 տարի է՝ մշակութային այդ օջախում է, հանդիպեցինք նրա՝ Նատալյա Ասմարյանի հետ։

«15 տարի պատմություն եմ դասավանդել թատերական ինստիտուտում՝ «Երաժշտական թատրոն» բաժնում։ Ի դեպ, այս դասընթացի ուսումնական ծրագիրն ինքս էի առաջարկել։ Երկար տարիներ դասավանդել եմ Երգչախմբային ընկերությանը կից քոլեջում, որը կադրեր էր պատրաստում կոնսերվատորիայի համար։ Եվ ահա 40 տարի օպերային թատրոնում եմ։ Պետք է հավաստեմ, որ այսօրվա օպերային թատրոնի կամ օպերայի հանդեպ հետաքրքրությունն անհամեմատելի է 1980-ականների հետաքրքրության հետ։ Մանավանդ վերջին մի քանի տարիների ընթացքում հանդիսատեսն ակտիվորեն հետևում է, ներկա գտնվում պրեմիերաներին։ Օպերան միակ ժանրն է, որը երբեք չի անհետանա այն պարզ պատճառով, որ ընդգրկում է գրեթե ամեն ինչ՝ թատրոնից մինչև երաժշտություն, գրականություն, նկարչություն, բալետ և կինո»,– հայտնեց մեր զրուցակիցը։

Հետո, առանց որևէ հարցադրման, ընկավ հիշողությունների գիրկը․ «Հարցնում էին, թե ինչ եմ ուզում դառնալ, մշտապես պատասխանում էի՝ դերասանուհի, բայց, ինչպես տեսնում եք, դարձա հուշարար։ Եվ գիտե՞ք ինչու, որովհետև դա տեղի ունեցավ թատրոնի խաղացանկի իմ իմացության շնորհիվ, քանի որ դեռևս մանկությունից ամեն Աստծու օր եղել եմ կուլիսներում, մեծացել այնտեղ։ Շնորհակալ եմ ծնողներիս, ովքեր երկար տարիներ աշխատել են օպերային թատրոնում։ Հայրս՝ Թադևոս Ասմարյանը, մեներգիչների կոնցերտմայստերն էր, ով ժամանակին կազմակերպել է Սուրբ Գայանե եկեղեցու տղամարդկանց երգչախումբը, որի կատարմամբ Հայաստանում առաջին անգամ հնչել է Կոմիտասի «Պատարագը»՝ բնօրինակով։ Մայրս՝ Նելլի Մաթևոսյանը, երգչախմբի կոնցերտմայստերն էր։ Հիշում եմ՝ և՛ այն տարիներին, և՛ այսօր էլ թատրոնում տիրում է ստեղծագործական և, որ ամենակարևորն է, ջերմ մթնոլորտ… Օպերաներն այսօր ներկայացվում են նաև իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով, բայց կային ժամանակներ, երբ բոլոր օպերաները ներկայացվում էին հայերեն ու ռուսերեն։ Միանգամից ասեմ, որ օտար լեզուներին տիրապետելու նպատակով տասնամյակներ առաջ սովորել ու կատարելագործվել եմ արտասահմանում՝ իհարկե, թատրոնի գործուղման շնորհիվ։ Աշխատել եմ, շփվել, անմոռանալի օրեր անցկացրել մեր անվանի բոլոր երգիչների հետ։ Հիմա ձեր գլխավոր հարցին պատասխանեմ շատ հակիրճ՝ տեխնիկան, թեկուզ և սուպեր, կամ, ինչպես ասում են, վերջին ճիչ, իմ մասնագիտությանը երբեք չի փոխարինի և չի էլ կարող փոխարինել»։

Կես կատակ-կես լուրջ դիտարկմանը՝ «Դուք ամբողջովին օպերա եք», Նատալյա Ասմարյանը ժպիտով պատասխանեց․ «Այո՛, համամիտ եմ, բայց սիրում եմ նաև ու մեծ հաճույք եմ ստանում գրքեր ու ամսագրեր կարդալուց, ֆիլմեր դիտելուց, հաճախ եմ այցելում ցուցահանդեսներ և, ինչու ոչ, երաժշտարվեստի այլ ոճերի ու ուղղությունների լավ երաժշտություն եմ սիրում լսել։ Բայց օպերան ուրիշ է…»։

Վերջում տեղեկացնենք, որ Նատալյա Ասմարյանը «Տեսարան հուշագրի արկղից» գրքի հեղինակն է, ինչը, ըստ էության, իր կենսագրականն է։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031