Լրահոս
Օրվա լրահոսը

Ես հավատում էի, ու դեռ հավատում եմ, որ ճշմարտությունը բարձրաձայնելուց և կեղծ աշխատանքներին բացահայտորեն դեմ լինելուց ավելի կարևոր բան չկա. Վադիմ Ժուրավլյով

Մայիս 14,2026 13:38 Share

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջի տեղեկությամբ՝ «Շատ հետաքրքիր հանդիպում ունեցանք ճանաչված օպերային քննադատ, գրքերի հեղինակ և «Աստվածների մթնշաղ» բլոգի ստեղծող Վադիմ Ժուրավլյովի հետ»: Այս լուրին հաջորդեց Aravot.am-ի «որոնողական աշխատանքը»՝ նպատակ ունենալով հանդիպել առաջին անգամ մեր երկիր այցելած, միլիոնավոր հետևորդներ ունեցող «Сумерки богов» բլոգի հիմնադիր, հեղինակ և վարող, օպերային քննադատի հետ։

Ներկայացնում ենք հարցազրույցն արվեստագետի հետ։

-Ձեր մասին, ավելի ճիշտ՝ ձեր գործունեությունը լուսաբանող մամուլի ներկայացուցիչները մշտապես օգտագործում են հետևյալ միտքը՝ Վադիմ Ժուրավլյովը ամեն ինչ գիտի օպերայի մասին, նույնիսկ ավելին, ինչին միանշանակ համակարծիք ենք նաև մենք։ 1990-ականներին հիմնեցիք «Сумерки богов» բլոգը։ Դրանք այն թվականներն էին, երբ օպերայում սկսվել և մինչ օրս շարունակվում են տեղի ունենալ նշանակալի, նույնիսկ այնպիսի գործընթացներ, որոնց մասին քչերն են հաշվի առնում կամ պարզապես չեն բարձրաձայնում։ Մեր դիտարկմամբ՝ դուք հատիկ-հատիկ ներկայացնում եք դրանք, ընդ որում՝ բաց տեքստով։ Նույնիսկ չեք խնայում հռչակ վայելող արտիստներին, այդ թվում՝ պրիմադոննաներին։

-Պատասխանս սկսեմ վերջից։ Օգտագործեցիք «պրիմադոննա» բառը։ Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ պրիմադոննան՝ մի երևույթ, որը միշտ բնորոշ է եղել օպերային, ինստիտուցիոնալ կերպով անհետանում է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են բարձրակարգ օպերային երգիչներն իրենց վարքագծով ասոցացվում ռոք և փոփ աստղերի հետ։ Նույնիսկ ամենօրյա ռեժիմով։ Իրենց ինստագրամում հրապարակում են լուսանկարներ՝ ինչ են ուտում, ինչ են հագնում փորձի ժամանակ, ինչ գիշերազգեստով են քնում…

Մեկ նախադասությամբ անդրադառնամ հանդիսատեսին։ Այսօր էլ կան շատերը, որոնք թատրոնը ընկալում են որպես հանգստի միջոց, հագուստներ ցուցադրելու, ադամանդները շողշողացնելու, շամպայն խմելու վայր… Եվ այդպիսով օպերան դիտում են որպես զվարճանք։ Մինչդեռ օպերա հաճախելը նշանակում է հաճելի երեկո անցկացնել։ Քանի որ օպերան ինձ համար կյանքի իմաստներից մեկն է, ես կտրականապես դեմ եմ օպերան այդպես ընկալելուն։ Այսօր օպերան առաջարկում է նոր իմաստներ, գաղափարներ, ի վերջո՝ կատարսիս։ Նոր իմաստները պետք է ուղեկցվեն ինչպես արտիստների և պրոդյուսերների, այնպես էլ հանդիսատեսի աշխատանքով։ Այս գործընթացը երկկողմանի է։

-Դուք արդեն տասնամյակներ շարունակ շրջագայում եք աշխարհում՝ հեղինակավոր և ոչ միայն թատրոններից ձեր բլոգում ներկայացնելով օպերային անցուդարձը։ Ակտիվ վարում եք նաև դասախոսություններ…

-Այո՛, պարբերաբար դասախոսություններ եմ կարդում։ Դրանք ակադեմիական չեն, այլ բավականին մատչելի ու հասանելի։ Օգնում եմ մարդկանց պատրաստվել որոշակի ստեղծագործությունների հետ հանդիպումներին և այլն։ Մեծ հաշվով, ինձ հետաքրքրող թեման ռեժիսորական մեկնաբանություններն են։ Այսօր ռեժիսորական օպերայի լանդշաֆտն այնքան լայն է, որ դրա մեջ հեշտ է կորչել։ Փորձում եմ համակարգել ամեն ինչ և բացատրել՝ ինչ, ինչպես և ինչու։

Իմ գերխնդիրը տեսնում եմ մարդկանց համար օպերայի «դուռը» բացելը, նույնիսկ եթե նրանք երբեք չեն սիրել այն և մտածել են, որ օպերային թատրոնները վայրեր են, որտեղ գեր ու տարեց կանայք երգում են՝ մարմնավորելով երիտասարդ կանանց… Իրականում օպերան գեղեցիկ արվեստ է։ Օպերայի դռները բաց են բոլորի համար։

-Հետաքրքիր է, ինչպե՞ս օպերան հայտնվեց ձեր կյանքում։

-Մեզ՝ երեխաներիս, խորհրդային տարիներին թատրոն էին տանում։ Ես ապշած էի, երբ առաջին անգամ գնացի երաժշտական թատրոն։ Նույնիսկ չեմ հիշում, թե ինչ էր դա, ինչ ներկայացում էր։ Բայց հիշում եմ, որ հենց այդ պահից սկսեցի դասական երաժշտության ձայնագրություններ լսել։ Ասեմ, որ դա էլ այն ժամանակ «հեշտ» չէր…

Չկա արվեստի մի այլ ձև, որը կարողանա այնքան լիարժեքորեն ներառել մյուս բոլոր ձևերը, որքան օպերան։ Չկա ավելի ամբողջական գեղագիտական հայեցակարգ, քան օպերան։ Ինձ համար չկա ավելի գեղեցիկ բան, քան ամբողջական ներկայացումը, որն ամբողջական սինթեզ է բոլոր լավագույն բաղադրիչների՝ երաժշտություն, գեղանկարչություն, լուսանկարչություն, ռեժիսուրա, դիզայն, դերասանական խաղ…

Վերջին տարիներին դրամատիկական թատրոնում դիտելով Շեքսպիրի «Օթելլոն»՝ ոչ թե մտածեցի, այլ համոզվեցի, որ այն «մերկ» է առանց Վերդիի երաժշտության։ Հասկանալի է, որ սա բարձրաձայնելով՝ ընդդիմադիրների անհավանական մեծ պատնեշի կհանդիպեմ։

-Դուք սկսել էիք օպերային քննադատի ձեր կենսագրությունը խորհրդային տպագիր մամուլում…

– Մենք սկսեցինք զրոյից քննադատություն ստեղծել մշակութային թեմաներով։ Մենք՝ երիտասարդ քննադատներս, ունեինք «դոնկիխոտյան» վերաբերմունք աշխատանքի նկատմամբ։ Հաճախ էինք լսում՝ ո՞վ է ձեզ իրավունք տվել նման հոդված գրել, նա տաղանդավոր և անվանի երգիչ է, իսկ դուք… ու նման լիքը կարծիքներ, մինչև անգամ՝ սպառնալիքներ։ Ես հավատում էի, ու դեռ հավատում եմ, որ ճշմարտությունը բարձրաձայնելուց և կեղծ աշխատանքներին բացահայտորեն դեմ լինելուց ավելի կարևոր բան չկա։ Այսօր էլ նույնն է կատարվում՝ հոդվածներ են հրապարակվում, բայց դրանք քիչ նմանություն ունեն քննադատության կամ վերլուծության հետ։ Դրանք ավելի շատ նման են գովեստի։

-Գիտենք, որ օրերս Երևանի թատրոնում դիտել եք Արմեն Տիգրանյանի «Անուշ»-ը…

-Հասկացա։ Ներկայացնեմ աշխատաոճս՝ յուրաքանչյուր ինձ համար նոր բեմադրություն, առավել ևս՝ ինձ անծանոթ կամ քիչ ծանոթ օպերայի հետ առնչվելուց հետո չեմ շտապում կարծիք, դիտարկում, ենթադրություն անել։ Բայց դա կհայտնվի իմ բլոգում։ Ամիսը, օրը, ժամը, նույնիսկ տարվա եղանակը չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել նաև, թե այն կհայտնվի՞ բլոգում, թե՞ ոչ։ Մնում է հետևել ու հետևել եթերներին (ժպտում է

Զրույցը՝ Սամվել Դանիելյանի

Լուսանկարը՝ օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031