Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը անդրադարձել է բռնի տեղահանված անձանց խնդիրներին

Մայիս 30,2026 18:08 Share

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 30-ին հիմնական ելույթով է հանդես եկել Դիլիջանում կազմակերպված՝ «Մարդու հիմնարար իրավունքներ և պարտականություններ» թեմայով ինտերակտիվ հանդիպմանը, որն անցկացվել է  «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում։

Հանդիպումը կազմակերպել է «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը՝ ճամբարային ձևաչափով։ Մասնակցել են բռնի տեղահանված կանայք։

Իր ելույթում Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների հիմնական  բովանդակությունը, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործառույթները, ինչպես նաև այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր է պաշտպանել խախտված իրավունքները։

Հանդիպումն ունեցել է ինտերակտիվ բնույթ․ մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց մտահոգությունները, ներկայացնելու առկա խնդիրները և ստանալու պարզաբանումներ իրենց իրավունքների իրացման և պաշտպանության վերաբերյալ։

Պաշտպանն ընդգծել է, որ թեև վերջին տարիներին արձանագրվել են որոշակի դրական զարգացումներ կանանց իրավունքների իրացման, ներգրավվածության և ինքնադրսևորման ոլորտներում, սակայն կանանց հզորացման ուղղությամբ դեռևս առկա են բազմաթիվ մարտահրավերներ։ Այդ համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է նման նախաձեռնությունների իրականացումը։

Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձել է բռնի տեղահանված անձանց խնդիրներին՝ նշելով, որ այդ խումբը գտնվում է իր առանձնահատուկ ուշադրության կենտրոնում։

Անդրադառնալով բռնի տեղահանված անձանց խնդիրների հանրային քննարկումներին՝ Պաշտպանը շեշտել է զգայունության պահպանման և ատելության խոսքի բացառման կարևորությունը։  Անահիտ Մանասյանը կարևորել է նաև հանրային համերաշխության ամրապնդումը՝ ընդգծելով կրթական համակարգի առանցքային դերը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ անհրաժեշտ են կրթական բարեփոխումներ, քանի որ կրթական միջավայրը պետք է ձևավորի այն բարոյական և էթիկական չափանիշները, որոնց վրա կառուցվում է հանրային վարքագիծը․ այդ չափանիշներն ուղղակիորեն ազդում են նաև մարդու իրավունքների նկատմամբ վերաբերմունքի վրա։

«Շատ կարևոր է, որպեսզի բռնի տեղահանված անձինք ներգրավված լինեն իրենց վերաբերելի որոշումների կայացման գործընթացներին»,– ընդգծել է Պաշտպանը։

Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհակալություն են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին կառուցողական քննարկման համար։ Անահիտ Մանասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ կարևոր հարցադրումներ բարձրաձայնելու համար։

Պաշտպանը կարևորել է նման ձևաչափով անմիջական շփումները՝ ընդգծելով, որ բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է ոչ միայն համակարգային լուծումներ, այլև անհատական մոտեցում և շարունակական ու զգայուն հաղորդակցություն։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակելու է աջակցել տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն ու իրազեկվածության բարձրացմանը՝ համագործակցելով նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031