Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունիսի 1-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝
- «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ-ի ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ:
- «ՇԱՆԹ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 15 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
- «ԻՄՊՈՒԼՍ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 16 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
- «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 17 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
Նիստի օրակարգի հաստատումից հետո՝ Հանձնաժողովը որոշեց հաստատել «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը։
Մայիսի 8-ի և 9-ի «ՇԱՆԹ» տեսալսողական ծրագրի տեսագրությունների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ հեռարձակված «Հեռանկար բանավեճ»՝ հետնապատկերին «ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ 2026» գրությամբ», տեսալսողական հաղորդումը, որի հյուրերը եղել են ԱԺ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների ընտրական ցուցակներով պատգամավորության թեկնածուներ, ընդմիջվել է առևտրային գովազդով։
Նմանատիպ խախտում է արձանագրվել նաև «ԻՄՊՈՒԼՍ» ՍՊԸ-ի «ԳՈՐԾԱՐԱՐ ԱԼԻՔ ԷՖԷՄ 106.5» լսողական ծրագրի մայիսի 12-ի ձայնագրության մշտադիտարկման արդյունքում։ «Թարմ ուղեղով» հաղորդումը, որի հյուրը եղել է ԱԺ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների ընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու, նույնպես ընդմիջվել է առևտրային գովազդով։
Կարդացեք նաև
Հանձնաժողովը որոշեց վերոնշյալ Ընկերությունների նկատմամբ կիրառել վարչական տույժեր՝ գրավոր նախազգուշացումներ:
Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ՍՊԸ գործողությունների արդյունքում հայտնաբերել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ, այն է՝ ԱԺ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անվճար րոպեներից օգտվելու իրավունքի իրացումը սահմանափակելը։
Հանձնաժողովն արձանագրել է, որ Հեռարձակողի կողմից ներկայացված այն պատճառաբանությունը, թե հեռուստաալիքը հանդիսանում է բացառապես սպորտային ուղղվածության և ձգտում է պահպանել քաղաքական չեզոքություն, չի կարող դիտվել որպես ընտրական օրենսդրությամբ սահմանված պարտականությունների չկատարման իրավաչափ հիմք։
Հանձնաժողովը որոշեց «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառել գրավոր նախազգուշացում:
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով


















































