Քրեակատարողական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանը գրում է.
«Գիտեմ, որ այս օրերին ինչ էլ գրես, շատ արագ կարող են փորձել քեզ տեղավորել որևէ քաղաքական «դարակում»․ «նիկոլական», «նախկինների մարդ», «սրանց կողմնակից», «նրանց պաշտպան» և այլն։
Բայց ես երբեք չեմ գրում որևէ կուսակցության օգտին կամ որևէ կուսակցության ու քաղաքական միավորի դեմ։ Չեմ գրում նաև այն պատրանքով, թե Ֆեյսբուքում հնարավոր է բոլորին համոզել։
Ուզում եմ մտահոգությունս հայտնել, որ այսօր՝ 21-րդ դարում, 2026 թվականին, Հայաստանում մարդկանց դեռ վախեցնում են բանտերով։
Կարդացեք նաև
Սա ինձ համար ոչ միայն քաղաքական կամ հուզական հարց է, այլ պատժային համակարգերի, քրեական արդարադատության և պետության որակի հիմնախնդիր։
21-րդ դարում աշխարհը, քրեական արդարադատության ոլորտում, հստակ ուղղությամբ է շարժվում՝ ազատությունից զրկելու այլընտրանքներ, պրոբացիա, վերականգնողական արդարադատություն, մարդակենտրոն բանտային համակարգ, ռիսկերի և կարիքների վրա հիմնված աշխատանք մարդու հետ, վերասոցիալականացում, հասարակություն վերադարձնելու իրական ճանապարհներ։ Այսինքն՝ որքան հնարավոր է քիչ բերենք բանտ ու, որքան հնարավոր է շուտ, անցավ ու լավ վերահսկելիությամբ վերադարձնենք մարդուն իր բնական վիճակին՝ հասարակություն։
Իսկ մենք դեռ քաղաքական խոսքում պահում ենք շատ հին, շատ կոպիտ և վտանգավոր պատկերացումներ․ «Կուղարկենք բանտ», «բոլորիդ կնստեցնենք», «բանտերը կլցնենք»։
Տիկնայք և պարոնայք, բանտը սպառնալիք չէ։ Բանտը քաղաքական լեզվի «զարդ» չէ։ Բանտը նախընտրական ամբիոնից նետվող արտահայտություն չէ։ Բանտը պետության ամենածանր հարկադրանքի գործիքներից է, որից պետք է խուսափել առավելագույնից էլ առավելագույն չափով։
Բանտով վախեցնելը կարող է հարիր լինել այն երկրներին, որտեղ բանտային համակարգը պատմականորեն եղել է ճնշման, լռեցման և վախի գործիք։ Բայց եթե մենք իսկապես ուզում ենք լինել իրավունքի գերակայության, մարդու արժանապատվության և ժողովրդավարության երկիր, ապա պետք է վերջապես փոխենք ոչ միայն օրենքները, այլ նաև պետական խոսքի լեզուն։
Որևէ երկրի ղեկավարի, նախարարի, կուսակցական առաջնորդի կամ բարձրաստիճան պաշտոնյայի գործը չէ մարդկանց «բանտ ուղարկելը»։ Դա կարող է անել միայն անկախ դատարանը՝ օրենքով սահմանված կարգով, ապացույցներով, պատշաճ ընթացակարգով, համաչափությամբ և մարդու իրավունքների լիարժեք հարգմամբ։
Ավելին, մենք խոսում ենք մի երկրի մասին, որտեղ կալանքը դեռ չափազանց հաճախ է ընկալվում որպես բնական ու ամենաարագ լուծում։ Խոսում ենք մի համակարգի մասին, որտեղ նախնական կալանքի բարձր ցուցանիշները, ազատությունից զրկելու նկատմամբ «մեղմ» վերաբերմունքը և պայմաններով վաղաժամկետ ազատման մեխանիզմների սակավ կիրառումը ցույց են տալիս, որ պատժողական մտածողությունը մեզանում ոչ թե անցյալի մնացորդ է, այլ գործող իրականություն։
Հենց այդ պատճառով էլ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը սովորական քաղաքացու խոսք չէ։ Քաղաքացին կարող է բարկանալ, հուզվել, երբեմն անգամ չափն անցնել։ Դա խրախուսելի չէ, բայց հասկանալի է։ Պաշտոնյան՝ հատկապես երկրի առաջին դեմքերը, նման շքեղություն չունեն և չեն կարող ունենալ։ Այստեղ խնդիրը միայն բառը չէ։ Խնդիրը այն ազդակն է, որ այդ բառը փոխանցում է համակարգին։
Այդ խոսքը լսում են ոչ միայն ընտրողները։ Այդ խոսքը լսում են ոստիկանությունում, քննչական մարմիններում, դատախազությունում, դատարաններում ու բանտային համակարգում։ Եվ եթե այդ համակարգերում կան մարդիկ, որոնք ղեկավարի նույնիսկ հուզական կամ քաղաքական խոսքը կարող են ընկալել որպես ուղիղ հրահանգ (իսկ այդպիսի մարդկանց պակաս չի նկատվում), ապա մենք արդեն ունենք ոչ թե պարզապես վատ արտահայտություն, այլ պետական կառավարման լուրջ ռիսկ։
Այդ ռիսկն այն է, որ ձերբակալությունը սկսում է ընկալվել որպես արագ լուծում, կալանքը՝ որպես բնական վիճակ, ազատազրկումը՝ որպես քաղաքականորեն ցանկալի արդյունք, իսկ բանտը՝ որպես պետության ուժի լավագույն ցուցիչ։
Բայց ժողովրդավար պետության ուժը հենց հակառակն է․ պետությունն ուժեղ է ո՛չ այն ժամանակ, երբ կարող է պատժել բոլորին, այլ այն ժամանակ, երբ կարող է պատժել, բայց իրեն զսպում է օրենքով։ Երբ կարող է ուժ կիրառել, բայց ընտրում է օրինական ընթացակարգերն ու իրավաչափությունը։ Երբ կարող է ճնշել, բայց ընտրում է իրավունքը։ Երբ նույնիսկ իրեն չսիրող, իրեն քննադատող կամ իրեն հակադրվող մարդու նկատմամբ պահպանում է արժանապատվությունը։
Միաժամանակ, ես հասկանում եմ նաև հասարակության զայրույթը։ Հասկանում եմ նաև նրանց, ովքեր տարիներ շարունակ սպասել են, որ նախկին կամ ներկա պաշտոնյաները պատասխան կտան։ Բայց արդարադատությունը վրեժխնդրության ինստիտուտ չէ։ Արդարադատությունը ամբոխի պահանջը չէ։ Արդարադատությունը նաև քաղաքական խոստում չէ։
Արդարադատությունը ընթացակարգ է, ապացույց է, անկախ դատարանն է, համաչափություն է։ Վերջապես, մարդու ազատության արժեքի գիտակցումն է։
Ժամանակին մենք խոսում էինք անցումային արդարադատության մասին։ Շատերս, այդ թվում՝ ես, հավատում էինք, որ այն կարող է դառնալ ճշմարտության, պատասխանատվության, հանրային երկխոսության և չկրկնվելու երաշխիքների ճանապարհ։ Բայց անցումային արդարադատությունը երբեք չպետք է լիներ վրեժխնդրության մեխանիզմ։ Այն պետք է բերեր ավելի հասուն պետություն, ոչ թե անվերջ փոխադարձ մեղադրանքներ, թե վերջապես ում օրոք «կերան երկիրը»։ Ցավոք, այս ինստիտուտը ետ մղվեց հեղափոխականների օրակարգից։
Պաշտոնյան կարող է լինել հուզական մարդ։ Բայց պաշտոնական խոսքը չի կարող լինել անզուսպ։
Քաղաքական գործիչը կարող է պայքարել։ Բայց պետությունը չի կարող վրեժ լուծել։
Իշխանությունը կարող է ունենալ մեծամասնություն։ Բայց քրեական արդարադատությունը չի կարող դառնալ մեծամասնության տրամադրության շարունակությունը։
Այդ պատճառով իմ մտահոգությունը շատ պարզ է․ բանտը քաղաքական սպառնալիք չպետք է դառնա որևէ մեկի խոսույթում։ Բանտը քարոզարշավի լեզու չէ։ Բանտը հանրային հույզերը կառավարելու գործիք չէ։ Եվ որևէ իշխանություն՝ լինի ներկա, նախկին կամ ապագա, իրավունք չունի խառնվել քրեական արդարադատությանը, առավել ևս՝ փոխանցել այն ազդակը, որ ազատությունից զրկելը կարող է լինել քաղաքական նպատակահարմարության «արձագանք՝ էխո»։
Մենք պետք է վերջապես դուրս գանք ցարական, սովետական և այլ երկրներին ու կառավարման համակարգերին հարիր պատժային մտածողությունից։ Հայաստանը չի կարող կառուցել մարդակենտրոն արդարադատություն՝ միաժամանակ մարդկանց վախեցնելով բանտերով»։


















































