Հունիսի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը:
Բերկրառատ տոնի առիթով առավոտյան Վեհարանից եկեղեցականների հանդիսավոր թափորն առաջնորդվեց դեպի Սուրբ Գայանե վանք՝ տանելով Սուրբ Գայանե կույսի մասունքակիր Աջը:
Թափորը, մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար, գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ սրբազան մասունքով օրհնելով բարեպաշտ ժողովրդին:
Այնուհետև Վեհափառ Հայրապետը մասունքակիր Աջը փոխանցեց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին:
Օրվա խորհրդի կապակցությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Անանիա եպիսկոպոս Ծատուրյանը։
Իր քարոզում Սրբազան Հայրը, անդրադառնալով Սուրբ Գայանյանց կույսերի վարքին ու նահատակության խորհրդին, ընդգծեց. «Սուրբ կույսերը Հայաստան եկան իրենց մաքրության լույսով ցրելու կռապաշտության խավարը։ Իսկ այսօր մենք՝ այս հողի վրա ապրողներս, կոչված ենք մեր հավատարմությամբ և հաստատակամությամբ փարատելու հուսահատության, վախի ու անորոշության խավարը մեր միջից։
Սիրելինե՛ր, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր ևս բացել է վանական կյանքի դռները հավատարիմ ու կոչման գիտակցությունն ունեցող շատ ու շատ անձանց առջև` վերափոխելու իրենց կյանքն ու նմանվելու այսօրվա հիշատակելի սրբերին և իրենց աղոթքներով մշտամնա օրհնություն իջեցնելու հայոց հողի վրա», – նշեց Անանիա Սրբազանը՝ հավելելով, որ հավատարմությունը մարդուն զորացնող մարդկային կյանքի հիմնարար բարոյահոգևոր արժեքներից է՝ անշեղ մնալու ճշմարտության, բարու և իր ընտրած ճանապարհի մեջ։
Պատարագի սրբազան արարողության ավարտին Սուրբ Գայանե վանքի բակում, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, սրբուհու մասունքակիր Աջով կատարվեց հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ:
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ


















































