Ամերիկյան Revolution Medicines բիոտեխնոլոգիական ընկերության կողմից անցկացված կլինիկական հետազոտությունների արդյունքները, որոնք հրապարակվել են մայիսի 31-ին New England Journal of Medicine ամսագրում, բուռն ծափահարությունների են արժանացել Չիկագոյում կայացած Ամերիկյան կլինիկական ուռուցքաբանության միության (ASCO) ամենամյա համաժողովում, քանի որ բեկումնային են համարվում աշխարհում ամենամահացու քաղցկեղներից մեկի՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ պայքարում։
Փորձարարական նոր դեղամիջոցի՝ դարաքսոնրասիբի (daraxonrasib) կլինիկական փորձարկումների տվյալները ցույց են տվել, որ այն գրեթե կրկնապատկում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդների կյանքի տևողությունը։
500 մարդու մասնակցությամբ անցկացված փորձարկումների երրորդ փուլում դարաքսոնրասիբը, որն ընդունվել է օրական մեկ անգամ, համեմատվել է ավանդական քիմիաթերապիայի հետ,և արդյունքում պարզվել է, որ այդ դեղամիջոցը մոտ 60%-ով նվազեցնում է մահվան ռիսկը՝ քիմիաթերապիայի համեմատ, կյանքի տևողությունը մոտ 7 ամսից հասցնում է մոտ մինչև 14 ամիս, էապես հետաձգում է քաղցկեղային ցավի ուժգնացումը:
Ինչպես նշում են ուռուցքաբանները․ «Մենք նմանատիպ լավացում չենք նկատել բուժման այլ մեթոդների կիրառման դեպքում։ Ուռուցքաբանության ոլորտում բազմաթիվ տպավորիչ առաջընթացներ են գրանցվել, սակայն դրանցից որևէ մեկը մինչ այս պահը չի աշխատել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման դեպքում։ Այս դեղամիջոցը փոխում է խաղի կանոնները»։
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հայտնի է որպես «լուռ մարդասպան»
Այս հիվանդությունն առաջանում է ենթաստամոքսային գեղձում՝ հիմնականում էկզոկրին բջիջներում, որոնք կարևոր դեր ունեն մարսողության գործընթացում։
«Լուռ մարդասպանն» իր վաղ փուլերում գրեթե անախտանիշ է ընթանում և հաճախ շատ ուշ է հայտնաբերվում, երբ արդեն տարածվել է օրգանիզմում։ Այդ փուլում հիվանդների կյանքի միջին տևողությունը սովորաբար մեկ տարուց պակաս է լինում, իսկ ապրելիության հնարավորությունը՝ 5 տարվա ընթացքում մոտ 13 տոկոս է կազմում։
«Պատմական պահ» քաղցկեղի բուժման ոլորտում
Դարաքսոնրասիբը ազդում է այն մուտացված սպիտակուցի վրա, որը ուռուցքի չկառավարվող աճի պատճառ է հանդիսանում։ Սա սկզբունքորեն նոր մոտեցում է քաղցկեղի բուժման ոլորտում։
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի 10 դեպքերից 9-ի պատճառը KRAS գենի մուտացիան է, որը բերում է KRAS անոմալ սպիտակուցի ձևավորման․ այս սպիտակուցը միշտ «միացված» ռեժիմում է գտնվում՝ բջիջներին աճելու ու բազմանալու անվերջանալի ազդակներ հղելով։
Եվ մեծ ձեռքբերում է, որ վերջապես հաջողվել է ազդել այդ մուտացիայի վրա։ Դարաքսոնրասիբը համարվում է «պան-RAS արգելակիչ»՝ դեղամիջոցների բոլորովին նոր դասի առաջին ներկայացուցիչը։
«Այս արդյունքները փոխում են գիտնականների, բժիշկների ու պացիենտների պատկերացումները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման հարցում»,- Reuters գործակալությանը հայտնել է հետազոտության հեղինակներից մեկը։ Ավելին, նրանց կարծիքով այս մեթոդը նոր դարաշրջան է բացում ուռուցքաբանության մեջ՝ բուժման, վերահսկման հնարավորություններ ստեղծելով նույնիսկ ամենաագրեսիվ քաղցկեղների դեպքում:
Բեն Սասի «հրաշք դեղամիջոցը»
Հենց այս դեղամիջոցն է ընդունում ԱՄՆ Նեբրասկա նահանգի նախկին սենատոր Բեն Սասը, որի մոտ 2025 թվականի դեկտեմբերին ախտորոշվել էր 4-րդ փուլի մետաստատիկ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։
Բժիշկները նրան սկզբում կանխատեսել էին ընդամենը 3-4 ամիս կյանք, սակայն դարաքսոնրասիբի ընդունումից հետո նրա ուռուցքի ծավալը նվազել է 76 տոկոսով։ Սասը դեղամիջոցը բնորոշել է որպես «հրաշք դեղամիջոց»։
Ե՞րբ դեղամիջոցը լայնորեն հասանելի կլինի
ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունն դեղամիջոցին տրամադրել է «Բեկումնային թերապիա» և «Հազվագյուտ հիվանդության դեղ» կարգավիճակներ։ Ներկայումս այն այդ երկրում հասանելի է հատուկ ծրագրի շրջանակում այն հիվանդների համար, որոնք արդեն անցել են քիմիաթերապիա։
Լիարժեք հաստատման ճշգրիտ ժամկետը դեռ հայտնի չէ, սակայն դա կարող է տեղի ունենալ 2026 թվականի ընթացքում։
Կողմնակի ազդեցությունները
Հիվանդների մեծ մասի մոտ դիտվում են.
- մաշկային ցաներ,
- փորլուծություն,
- սրտխառնոց,
- լորձաթաղանթների բորբոքում,
- եղունգների շուրջ բորբոքային փոփոխություններ։
Միևնույն ժամանակ, ի տարբերություն շատ քիմիաթերապևտիկ դեղամիջոցների, դարաքսոնրասիբը սովորաբար չի առաջացնում մազաթափություն կամ արյան բջիջների քանակի զգալի նվազում։
Եվ ինչպես նշում են ուռուցքաբանները, սա դեռևս բուժման վերջնական լուծում չէ, բայց այն տալիս է էական օգուտ՝ համեմատաբար վերահսկելի կողմնակի ազդեցություններով։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ Danielle Villasana / Reuters


















































