Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԻՀԿ իրազեկումը՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր ձայների «երեք հինգերորդ» մեծամասնության և դրա հետևանքների վերաբերյալ

Հունիս 09,2026 19:22 Share

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը պատրաստել է իրազեկում՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր ձայների «երեք հինգերորդ» մեծամասնության և դրա հետևանքների վերաբերյալ։

Իրազեկումը հասանելի է հետևյալ հղումով։

 

ԱԺ պատգամավորների ընդհանուր ձայների «երեք հինգերորդ» մեծամասնության և դրա հետևանքների վերաբերյալ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Իրավունքի գերակայությունը (rule of law) պետության «խաղի արդար կանոններն» են։ Ի թիվս այլ հարցերի՝ այն ենթադրում է օրենքի գերակայության, հանրային իշխանությունների տարանջատման, զսպման և հակակշիռների այնպիսի համակարգ, որտեղ օրենքը գործում է հավասարապես և կանխատեսելի բոլորի համար, դատարաններն անկախ են, հանրային իշխանությունները գործում են իրենց լիազորությունների շրջանակում, զսպվում են անկախ մարմինների կողմից, իսկ չարաշահման դեպքում արժանանում օրենքով նախատեսված պատասխանատվության ։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը գտնում է, որ իրավունքի գերակայության սկզբունքը նախադրյալ է մարդու իրավունքների պաշտպանվածության և ժողովրդավարության կայացման համար։

Դրա կայացման մեջ, ինչպես նշվեց, կարևորագույն դեր ունեն դատական համակարգի անկախությունը և մի շարք պետական մարմինների իրական անկախությունը։

Այդ մարմինները, համաձայն ՀՀ Սահմանադրության, ընտրվում են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների ընդհանուր ձայների առնվազն երեք հինգերորդով։ Նույն շեմն է անհրաժեշտ մի շարք կարևորագույն՝ Սահմանադրական օրենքների ընդունման և փոփոխության համար (Ազգային ժողովի կանոնակարգը, Ընտրական և Դատական օրենսգրքերը, Սահմանադրական դատարանի, Հանրաքվեի, Կուսակցությունների և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքները)։

Այսինքն՝ խորհրդարանի այնպիսի գումարման պարագայում, երբ որևէ իշխող խմբակցություն չի տիրապետում մանդատների երեք հինգերորդին, ընդդիմությունը կարող է «վետո» կիրառել դատական և այլ անկախ մարմինների թեկնածուների ընտրության ժամանակ, այդ կերպ պարտադրելով իշխող ուժին առաջադրել իրապես անկախ, չկաշկանդված թեկնածուներ։

2015թ․ սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ ազգային ժողովում դեռևս չի եղել այնպիսի կազմ, որտեղ ընդդիմությունն ունենա «վետոյի» իրավունք։ Հետևաբար՝ բոլոր այն պաշտոնատար անձանց ընտրությունը, որոնց համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր ձայների երեք հինգերորդը, կայացվել են բացառապես իշխող քաղաքական ուժի հայեցողությամբ։

2026թ․ ԱԺ ընտրությունների արդյունքները դեռևս ամփոփված չեն։ Սակայն հնարավոր զարգացումներից մեկն այն է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չունենա ԱԺ ընդհանուր ձայների երեք հինգերորդը։

Այդուհանդերձ՝ անգամ «երեք հինգերորդ» մեծամասնություն չունենալու պարագայում առկա են մի շարք պաշտոնյաների և պետական մարմինների անդամների ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման կարգեր, որոնք ներկայացված են ստորև։

Հաշվի առնելով իրավիճակը և դրա շուրջ առկա քննարկումները, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն անհրաժեշտ է համարում քաղաքացիներին իրազեկել խորհրդարանում մեկ ուժի կողմից երեք հինգերորդ ձայներ ունենալու կամ չունենալու այն հետևանքները, որոնք կարող են անդրադառնալ օրենքի գերակայության սկզբունքի վրա՝ մինչև հաջորդ հերթական ընտրություններ։

Ծանոթություն․ այս իրազեկումը վերաբերում է Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված կարգին։ Այդ կարգի փոփոխման, շրջանցման կամ աղավաղման պարագայում հնարավոր չէ կանխատեսել իրադարձությունների զարգացումը։

Ո՞Ր ՀԱՐՑԵՐՈՒՄ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՁԱՅՆԵՐԻ ԵՐԵՔ ՀԻՆԳԵՐՈՐԴԸ

ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է մի շարք պետական մարմինների անդամների և պաշտոնյաների նշանակման, ինչպես նաև մի շարք որոշումների կայացման համար պատգամավորների ընդհանուր ձայների առնվազն երեք հինգերորդի առկայության պահանջ։
Այն մարմինները, որոնց պաշտոնատար անձանց լիազորությունները լրանում են մինչև 2031թ․ ԱԺ ընտրությունները և նրանց լիազորությունները

Ստորև ներկայացված են ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված օրենքի գերակայության տեսակետից կարևորագույն այն մարմինները, որոնց լիազորությունները դադարում են մինչև 2031թ․ ԱԺ ընտրությունները և որոնց ընտրման համար անհրաժեշտ է լինելու ԱԺ պատգամավորների ընդհանուր ձայների երեք հինգերորդը, ինչպես նաև այդ մարմինների հաջորդ ընտրության տարեթիվն ու ամիսը։

Բարձրագույն դատական խորհուրդ

Հայաստանում դատական համակարգի կարևորագույն մարմինը, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը : Ի թիվս այլ գործառույթների՝ կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները, ԱԺ-ին է առաջարկում Վճռաբեկ դատարանի դատավորների և նախագահի թեկնածուներին, լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, քրեական հետապնդում հարուցելու, ազատությունից զրկելու և լիազորությունների դադարեցման հարցերը .

ԲԴԽ անդամների կեսն ընտրվում են հինգ տարի ժամկետով ԱԺ կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։

ԲԴԽ անդամներ Երանուհի Թումանյանցի լիազորությունները դադարում են 2027թ․ հոկտեմբերին, Կարեն Թումանյանինը՝ 2029թ․ փետրվարին, իսկ Անահիտ Աբրահամյանի, Արմենուհի Հարությունյանի և Աշոտ Հայրապետյանի լիազորությունները՝ 2030թ․ մայիսին։

Ծանոթություն․ ըստ ՀՀ Դատական օրենսգրքի 81-րդ հոդվածի՝ «Եթե Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամի պաշտոնը թափուր մնալու օրվան հաջորդող եռամսյա ժամկետում չի ընտրում Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ապա մինչև Ազգային ժողովի կողմից նրա ընտրությունը Հանրապետության նախագահը տասնհինգօրյա ժամկետում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, որը պետք է բավարարի Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամին ներկայացվող պահանջները»:

Գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազը ղեկավարում է ողջ դատաազությունը, որն իր հերթին հարուցում է քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները, հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ գլխավոր դատախազն ու իր տեղակալները լուծում են նախաքննության տարածքային ենթակայության վեճերը, ինչպես նաև իրավասու են որոշ դեպքերում վարույթը մեկ մարմնի քննիչից փոխանցել այլ մարմնի քննիչի , լուծել քրեական հետապնդում չհարուցելու (կամ դադարեցնելու) մասին այլ դատախազի որոշումները , որևէ վարույթով բերել վճռաբեկ բողոք , բացառիկ վերանայման բողոք և այլն։

Գլխավոր դատախազը ընտրվում է վեց տարի ժամկետով՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ։ Գործող գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են 2028թ․ հունիսին։

Ծանոթություն․ ըստ Դատախազության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի՝ «գլխավոր դատախազի պաշտոնն օրենքով սահմանված կարգով թափուր մնալու դեպքում գլխավոր դատախազին ժամանակավորապես փոխարինում է գլխավոր դատախազի` դատախազության համակարգում առավել երկար փորձառություն ունեցող տեղակալը»:

Մարդու իրավունքների պաշտպան

ՄԻՊ-ը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը :
ՄԻՊ-ն ընտրվում է վեց տարի ժամկետով՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։ Նրա դեմ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնության համար նույնպես անհրաժեշտ է ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը ։

Ծանոթություն․ ըստ Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի՝ «Պաշտպանին փոխարինելու մասին որոշման անհնարինության կամ հրաժարականի դեպքում Պաշտպանին ժամանակավորապես փոխարինում է Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարներից տարիքով ավագը, իսկ Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարներից տարիքով ավագի կողմից Պաշտպանին ժամանակավորապես փոխարինելու անհնարինության դեպքում՝ Պաշտպանի աշխատակազմի հաջորդ դեպարտամենտի ղեկավարը»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Հանձնաժողովը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ : Անդամներն ընտրվում են վեց տարի ժամկետով և լիազորությունները համապատասխան իրավիճակում դադարեցվում են ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ։

ԿԸՀ բոլոր անդամների լիազորությունները դադարում են 2028թ․ հոկտեմբերին։

Ծանոթություն․ ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի՝ «Ազգային ժողովի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կամ անդամ չընտրվելու դեպքում Հանրապետության նախագահը, խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ, հնգօրյա ժամկետում նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամի ժամանակավոր պաշտոնակատար։»

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Հանձնաժողովն ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, վերահսկում է հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը : Անդամներն ընտրվում են վեց տարի ժամկետով և լիազորությունները համապատասխան իրավիճակում դադարեցվում են ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ։

ՀՌՀ անդամների լիազորությունները դադարում են ըստ ստորև ներկայացված աղյուսակի․

Այլ հարցեր, որոնց համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը

Բացի այս մարմիններից, ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդն է պահանջվում Հաշվեքննիչ պալատի անդամների, կենտրոնական բանկի նաագահի նշանակման և համապատասխան իրավիճակում լիազորությունների դադարեցման համար ։

Սահմանադրական դատարանի դատավորները նույնպես ընտրվում են ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով: Գործող դատավորներից որևէ մեկի ժամկետը չի լրանում մինչև 2031թ․ ԱԺ ընտրությունները։

Սահմանադրության կարևորագույն դրույթների փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար նախատեսված է ավելի բարձր շեմ՝ ընդհանուր ձայների երկու երրորդ։ Նույն երկու երրորդ շեմը պահանջվում է Սահմանադրության բազմաթիվ (ոչ կարևորագույն) հոդվածների՝ միայն ԱԺ պատգամավորների կողմից փոփոխության համար։ Սակայն այդքան ձայներ չապահովելու պարագայում Սահմանադրության բազմաթիվ (ոչ կարևորագույն) հոդվածների փոփոխության նախագիծը կարող է դրվել հանրաքվեի՝ արդեն պատգամավորների ընդհանուր ձայների երեք հինգերորդով ։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930