Լրահոս
Օրվա լրահոսը

«2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին անզուգական երգիչն ու հայն արդեն զենքով էր…»

Հունիս 12,2026 00:03 Share

«Եթէ կ՚ուզես ազգային պատկանելիութեան սահմանը անգամ մը չափել, պէտք է երթալ եւ հայ զինուորին կողքին կենալ»:

  • Գէորգ Հաճեան․ «Ազդակ», 6-1-2018

Արաքսամերձ Կովսականի հայոց պատմական գավառը, որտեղով անցնում են Ողջի ու Ծավ գետերը, որոշ հատվածում՝ Հակարին, ու միանում են Մայր Արաքսին, վաղնջական ժամանակներից եղել է հայի տուն ու հայրենիք:

Մեծ Հայքի Սյունիք աշխարհի այս գավառի արևելյան, հարթավայրային տարածքը մշտապես ենթարկվել է օտարների հարձակումներին, ուստի մեր պապերն ամրացել են լեռնային հատվածներում, հիմնել ամրոցներ ու տեր մնացել իրենց երկրին: Սակայն եկավ մի պահ, որ միաբան չէինք, ու 18-րդ դարի կեսից այս հատվածը՝ հարթավայրային Կովսականի գավառը, օտարի շներով բնակեցվեց: 1 դար անց, երբ Արևելյան Հայաստանն անցավ Ռուսաստանի տիրապետության տակ, այս տարածքը մտավ Զանգեզուրի գավառի մեջ: 1920-ական թվականներից սկսած, երբ ստեղծվեց Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, Կովսականի մի հատվածը բռնակցվեց այս նորաստեղծ արհեստածին հանրապետությանը՝ հետագայում դառնալով Զանգելանի շրջան՝ համանուն վարչական կենտրոնով:

Մինչև 20-րդ դարի 70-ական թվականները խորհրդային իշխանությունների թողտվությամբ ու հանձնարարականներով Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներ նույնպես հանձնվեցին Ադրբեջանին: Եղավ Արցախյան գոյամարտը, հաղթեցինք թուրքին, 1993թ․ աշնանն ազատագրեցինք մեր հայրենիքի այս հատվածը ևս, վերահայացրեցինք Կովսականի օտարացած հատվածը՝ Կովսական քաղաքով: Թվում էր՝ վերջ, մենք դարձանք մեր հայրենիքի տերը: Կովսականում սկսեց գործել ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցը, որի դիմաց հերոսի կիսանդրին էր: Այստեղ էին հասակ առնում հայրենասեր շատ երեխաներ, ովքեր տարածքը լցնում էին իրենց գոյությամբ:

Կարդացեք նաև

Բայց… եղավ 2020 թվականի պատերազմը, և ինչպես 3 դար առաջ, այս անգամ էլ մոռացանք միավորման մասին, և Կովսականը դարձյալ Ադրբեջանի կազմում է: Նույն պատերազմում նահատակվեցին նաև Կովսական քաղաքի հիշատակածս երեխաներից արդեն հայրենիքի զինվոր դարձած Մոնթե Հայրապետյանը, ով Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի, Էրրիկ Սայադյանը, Հովհաննես Սողոմոնյանը։ Մեծ ցավով եմ այս մասին գրում: 1994-ից վերահայացած այս տարածքում մշակութային շատ միջոցառումներ են կայացել, և հայ մշակույթի նշանավոր շատ գործիչներ են եղել Կովսականում։

2019թ. գարնանը լիբանանահայ երգիչ Գևորգ Հաճյանին ուղեկցեցինք Կովսական քաղաք, որտեղ նա մնաց մոտ 10 օր, համերգներով հանդես եկավ տարածքի բնակավայրերում և, ամենակարևորը, աշխատեց երեխաների հետ՝ ներկայացնելով իսկական հայկական երաժշտական արժեքները՝ հատկապես Կոմիտաս: 2020թ. հոկտեմբերի 7-ին մամուլում եղավ հաղորդագրություն. «Նախօրեին Արցախի հյուսիսում տեղի ունեցած մարտում զոհվել է նաև օպերային երգիչ, լիբանանահայ Գևորգ Հաճյանը»:

2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին անզուգական երգիչն ու հայն արդեն զենքով էր, ու հոկտեմբերի 6-ին Դաշնակցության կամավորական գումարտակի 24 մարտիկների, այդ թվում՝ 2-րդ վաշտի հրամանատար Մհեր Հարությունյանի, ազատամարտիկ Քրիստափոր Արթինի հետ Մատաղիսում՝ Վարանգաթաղ լեռան բարձունքում, միացավ Անմահ հերոսների զորքին:

Գևորգն ընտանիքի հետ Հայաստան էր տեղափոխվել 2004 թվականին ու բնակություն հաստատել Պռոշյան գյուղում: 2015թ․ ստացել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Գևորգ Հաճյանը Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի կապակցությամբ լույս էր ընծայել «Ղօղանջ անկախութեան» ձայնասկավառակը, որտեղ նոր գործիքավորմամբ էր ներկայացրել ամենասիրված ռազմահայրենասիրական երգերը՝ «Գինի լից», «Անդրանիկին», «Ելի՛ր, Գևորգ, ելի՛ր» և այլն: Երգիչը ռազմաճակատ էր մեկնել հանուն Արցախի:

Նա, մինչ պատերազմն էլ, հաճախ էր լինում Արցախում, այցելում զորամասեր, առաջնագիծ ու ոգևորում հայ զինվորին իր ռազմահայրենասիրական երգերով, իր էությամբ: 2016-ին՝ Ապրիլյանի օրերին էլ նրան կարելի էր տեսնել տարբեր հատվածներում՝ իր հայրենասիրական կատարումներով։ 2019թ․ Կովսական այցելության առաջին օրը Կովսականի քաղաքային մշակույթի բաժնի վարիչ Ահարուն Հայրապետյանը մեզ իրենց տուն հրավիրեց։ Եղբայրը՝ Մոնթեն, արդեն հայրենիքի զինվոր էր, ով քաջաբար նահատակվեց 44-օրյայի մարտերում։ 2019թ․ ոգևորված էինք, իսկ Գևորգի ու իր նման ՀԱՅԵՐԻ այցը Քաշաթաղի շրջան առավել էր ոգևորում մեզ։ Այդ օրերի մասին մամուլում գրեցի հետևյալ լրատվությունը։

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ և Քաշաթաղի շրջվարչակազմի աջակցությամբ մարտի 22-ից Քաշաթաղի շրջանի հարավային Կովսական քաղաքում է լիբանանահայ հայրենադարձ օպերային երգիչ Գևորգ Հաճյանը:

Շրջանի հարավային թևում է Կովսականը՝ փռված Ողջի գետի 2 ափերին: Առաջին օրը երգիչը Կովսականի քաղաքապետարանի հարակից հրապարակում հանդես եկավ համերգով, որին մասնակից դարձրեց նաև տարածքի բնակավայրերի՝ Միջնավանի, Մուշի, Ալաշկերտի և այլն, երեխաներին: Մինչ համերգն սկսելը զրուցեցի երգչի հետ:

Տեղեկացրեց՝ այցը և համերգը նվիրված են Կոմիտասի 150-ամյակին: 1 շաբաթից ավելի մնալու է Կովսականում և կաշխատի դպրոցականների, նաև տարեցների (եթե ցանկացողներ կլինեն) հետ՝ նրանց ծանոթացնելով Կոմիտասի ստեղծագործությանը, սովորեցնելու է երգել, և հինգշաբթի՝ մարտի 28-ին, արդեն համերգով հանդես կգա իր սաների հետ, նրանց կատարումներով:

Տեղեկացրեց նաև՝ մի քանի անգամ եղել է Կովսականում, նշեց՝ իր ծննդավայր Այնճարն ու Կովսականը քույր քաղաքներ են. 2018-ի սեպտեմբերի 1-ին ներկա է եղել Այնճարի քաղաքապետ Վարդգես Խոշյանի այցին Կովսական, մասնակցել են դպրոցականների առաջին զանգի արարողությանը: Երգիչը նաև խոսեց Համազգային հայ կրթական և մշակութային միության առաքելության մասին՝ նշելով՝ Համազգայինը միշտ կանգնած է հայապահպանության և հայկական արժեքների տարածման գործի ակունքում։

Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի (ՄԵՀ) բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց երգչին: Գ. Հաճյանը, դիմելով ներկաներին, որոնց մեծ մասը երեխաներ էին, նշեց իր այցի նպատակը և հույս հայտնեց՝ մարտի 28-ին Կոմիտասին նվիրված մեծ համերգ է լինելու Կովսականում:

Խոսեց Կոմիտաս-մեծության մասին: Հայ ժողովրդի մեծ զավակը կարողացել է մաքրել ու անաղարտ պահել հայ երգը: «Հայրենի հողը պահող զինվոր է նաև Կոմիտասն իր երգերով, բանաստեղծություններով, – ասաց երգիչը՝ հավելելով՝ – Կոմիտաս վարդապետը Հայաստան է, մեր տոկունությունը»: Առաջին կատարումը Կոմիտասի վերջին ստեղծագործությունն էր՝ «Աղոթք մանկան շուրթերով» երգ-աղոթքը: Սկզբում Գ. Հաճյանն ասմունքեց, սովորեցրեց երեխաներին աղոթքը, և հրապարակում տեղադրված խաչքարի մոտ միասնաբար հնչեցրեցին երգը:

Հայր մեր,
Տուր մեզ, տուր քո շընորհ,
Լիուլի, ամեն օր.
Հայր մեր,
Կյանք տուր մեր մայրիկին,
Կյանք տուր մեր հայրիկին,
Հայր մեր,
Մեզ պահե քո Աջով,
Մեզ օրհնե Սուրբ Խաչով,
Հայր մեր,
Դու պահապան մեր:

Հաջորդը «Գովական» երգն էր. «Քելե՛, քելե՛, քելքիդ մեռնեմ, Քո գովական խելքիդ մեռնեմ…»: Կարևորեց աշխատանքային երգերը, որոնք Կոմիտասը պեղում էր՝ շրջելով հայոց գյուղերում, լսելով ժողովրդից և բյուրեղացնում էր՝ դարձնելով մշակույթի գլուխգործոց: «Հորովել» երգը կատարեց մեծ ոգևորությամբ՝ երեխաներին բացատրելով տողերի իմաստները: «Կռունկ» կարոտի երգը նույնպես հնչեց բացատրություններով: Երգչի ծննդավայր Այնճարը Մեծ եղեռնից մազապուրծ եղած մուսալեռցիների երկրորդ հայրենիքը դարձավ և Լիբանանում միակ հայկական գյուղն է:

Նշված 4 երգերը, ըստ Գ. Հաճյանի, մարտի 28-ին հնչելու են աշակերտների կողմից: Այնուհետև երգիչը հանդես եկավ ազգային-հայրենասիրական երգերի կատարումով: Երգերին զուգահեռ պարային կատարումներով հանդես եկավ տարիներ շարունակ Կովսականում գործած Կովսականի «Թաթուլ» ազգագրական երգի ու պարի համույթը՝ պարուսույց Կարեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Մոտ 2 ժամ տևեց համերգ-դասընթացը, և երեխաները սիրով մասնակիցն ու հանդիսատեսը եղան: Համերգից հետո Կովսականի քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանի և Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Սերոբ Քարամյանի հետ որոշեցին դասընթացներն անցկացնել դպրոցում:

Գևորգ Հաճյանը համերգներով և առանձին ելույթներով եղել է Ավստրալիայում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Եգիպտոսում, Սիրիայում, Քուվեյթում, Վրաստանում և այլ երկրներում: Ունի 5 ձայնասկավառակ՝ «Կոմիտասյան երախայրիք»-ը, «Զքեզ օրհնեմք», «Հայաստանը երգերում», «Կոմիտասյան Հայաստան», «Ղողանջ անկախության»:

Համերգը վարեց Սիրանուշ Հեքիմյանը: 2019թ. մարտի 28-ին Կովսականի և հարակից բնակավայրերի շատ երեխաներ երգեցին Կոմիտասի գործերից: Երգիչը հրաժեշտ տվեց կովսականցիներին՝ հավատով, որ նորից են հանդիպելու Կովսականում: Սակայն եղավ այն, ինչ ունենք այժմ: Մնում է վառ պահենք Գևորգի հիշատակը և աշխատենք վերստին տեր դառնալ մեր հայրենիքին: Այսօր Գևորգի և բոլոր մարտիրոսների, այդ թվում նաև՝ կովսականցի կամավորների հոգիները հանգիստ չեն գտել, սպասում են…

 

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930