Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուզան. Արցախի դուստրը»․ երևանյան բեմում կրկին արցախցի դերասաններն են

Հունիս 12,2026 20:20 Share

Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի մշտական խաղացանկը կհարստանա։

Այն կհամալրվի «Ռուզան. Արցախի դուստրը» բեմադրությամբ՝ հայ դասական Մուրացանի «Ռուզան» պիեսի հիման վրա։ Ներկայացման պրեմիերան կկայանա հունիսի 28-ին և 29-ին «Համազգային» թատրոնի բեմում։

Արցախցի դերասանները կներկայացնեն հայրենասիրության և ազատության համար պայքարի պատմությունը՝ երիտասարդ հայ իշխանուհի Ռուզանի հերոսական կերպարի և անձնազոհության համատեքստում։ Մուրացանի ստեղծագործությունը նվիրված է 13-րդ դարում՝ թաթար-մոնղոլական արշավանքների ժամանակաշրջանում, Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։

Պատմական դրաման բեմադրել է Վահրամ Փափազյանի անվան Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանը։ Գլխավոր՝ արցախցի հայրենասեր կնոջ՝ Ռուզանի կերպարը կմարմնավորի թատրոնի դերասանուհի, Գալյա Նովենցի անվան թատերական դպրոցի Արցախի դասընթացի ունկնդիր Շողեր Սարգսյանը։ Ներկայացման մեջ ներգրավված է Ստեփանակերտի թատրոնի ողջ թատերախումբը, կան նաև հրավիրված դերասաններ։

Պատմական դրամայի բեմադրության իրականացումը հնարավոր է դարձել «Դիալոգ» հասարակական կազմակերպության աջակցության շնորհիվ։ Այս ներկայացման համար ստեղծվել են հատուկ զգեստներ և դեկորացիաներ։ Պատմական ժամանակաշրջանին համապատասխան զգեստների և դեկորացիաների ստեղծման աշխատանքներում ներգրավված են թատրոնի նկարիչներ Անտոն Քեշիշյանը և Մարինե Թադևոսյանը։

Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը Երևանում 2025 թվականի օգոստոսից գործում է մշտական հիմունքներով։ Թատրոնն իր փորձերն անցկացնում է Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում։ Վահրամ Փափազյանի անվան Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը վերջերս երևանյան բեմում հաջողությամբ ներկայացրեց «Արցախյան սիրո պատմություն» ներկայացումը՝ արցախյան բարբառով։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930