Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուզան, Արցախի դուստր». ներկայացում արժեքների մասին

Հունիս 29,2026 23:33 Share

Պրեմիերա է. Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնն է։

«Շահ, անձնական շահ… Ո՞վ է մտածում ժողովրդի մասին, ո՞ւմ հօգուտ է, որ թշնամին նստած է երկրի սրտում…»,- Գուգարաց Սմբատ իշխանի այս մտորումները, որոնք 13-րդ դարի իրադարձություններին են վերաբերում, այսօր էլ մեզ մտորելու և խորհելու տեղիք են տալիս։ Մենախոսության հատվածը Մուրացանի պիեսից է։ Պիեսը 13-րդ դարի թաթար-մոնղոլական ներխուժման մասին է։

«Ռուզան» պատմական դրամայի հիման վրա ստեղծված «Ռուզան. Արցախի դուստր» բեմադրությունը երեկ ներկայացրեց Երևանում վերակազմավորված Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմում։ Ներկայացման մեջ միահյուսվում են հիշողությունը, ինքնությունը և աննահանջ ոգին՝ պատմական նյութը վերածելով մեր օրերի ցավի ու փորձության։ Արցախի մշակութային գոյության և ազգային հիշողության պահպանման խորհրդանշական, յուրօրինակ խոսք է այս ներկայացումը։

Անսահման ու անկեղծ սեր, դավաճանություն, անձնազոհություն՝ հանուն սեփական տեսակի և հայրենիքի. ներկայացումն ամբողջացնում է մարդկային զգացմունքների և զգացողությունների ամբողջ փունջը։ Իսկ վերջում՝ հանդիսատեսի չդադարող ծափեր, արցունքներ՝ բեմի վրա և դահլիճում, անսահման ու խեղդող կարոտ, շունչ տվող և ապրեցնող հիշողություն… հայրենիքի, հայրենի տան… Մշակույթն է դարձել ամենաուժեղ ձայնը, որով հնարավոր է պաշտպանել ազգային հիշողությունը, խոսել արդարության և սեփական իրավունքների մասին, պահպանել Արցախի անունն ու պատմությունը՝ չթողնելով, որ դրանք մոռացության մատնվեն։

«Հաղթահարեցինք։ Կարողացանք հանուն մեծ գաղափարի միավորվել։ Պաթետիկ չհնչի, բայց այս ամենն արվում է հանուն Արցախի գոյության։ Մենք մեր մեջ ուժ գտանք, և այսօր գործում է ու կա Արցախի թատրոնը»,- ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ներկայացման ռեժիսոր Ռուզան Խաչատրյանը։ Նա մանրամասնում է. ««Ռուզան» դրամայի ընտրությունը պատահական չէր, ընտրության մեջ հատուկ խորհուրդ է դրված։ Պետք է հույսը միշտ պահել։ Նույնիսկ ամենադժվար ժամանակներում և ամենաանելանելի թվացող իրավիճակներից ելք կա։ Դերասանները ամեն բջիջով գիտեն, հասկանում են, թե ինչ է նշանակում հայրենիքի դժվար շրջանը, հայրենիքի կորուստը, զոհողությունը հանուն հայրենիքի…»։

Արցախի երիտասարդ իշխանուհի Ռուզանի կերպարը հայրենասիրության, ազատության համար պայքարի և հանուն այդ վեհ գաղափարների անձնազոհության պատրաստ իշխանուհու կերպար է։ Իշխանուհի Ռուզանին մարմնավորող Շողեր Սարգսյանը բեմից փոխանցում էր ոչ միայն Ռուզանի, այլ առավելապես սեփական ապրումները, հայրենիքի կարոտն ու պարտքի զգացումը։ Նա չի խաղում։ Ապրում է։ Շողերը խոստովանում է, որ ներկայացման մեջ մի հատված կա, որտեղ կերպարն ու իրականությունը տարբերելն անհնար է դառնում. «Ամենադժվարը հրաժեշտի տեսարանն էր… Նման հրաժեշտ ես էլ եմ ունեցել։ Հրաժեշտի տեսարանում շատ պատկերավոր էին ինձ համար և՛ լեռները հայրենի, և՛ երկինքը, և՛ արևը…

Սա կրկնակի դժվար է, բայց և կրկնակի մխիթարող է, երբ դու հնարավորություն ունես կրկին հրաժեշտի խոսքն ասելու, որովհետև ինչ-որ ձևով այդպես նաև մոտիկ ես մնում հայրենիքին և պահում քո մեջ այդ հիշողությունը։ Շատ պատասխանատու դեր է։ Պարտավորեցնող, և դրանից էլ ավելի սիրելի՝ ինձ համար։ Ինչ-որ չափով հայրենիքի կարոտն էի առնում։ Ռուզանի միջոցով մի պարտք էի տալիս, որը հնարավորություն չունեցա իմ հայրենիքի համար ժամանակին տալու… Սա մխիթարանք է, նաև առաքելություն՝ Արցախի մշակույթի պահպանման, հանուն Արցախի հիշատակի հավերժացման»։

Ներկայացման մեջ Սյունյաց Համտուն իշխանի կերպարը մարմնավորող Սամվել Սարգսյանն էլ պատմում է, որ երկար ժամանակ ներքին բախումների, կռիվների մեջ է եղել։ Կերպարի միջոցով մերօրյա իրականությունն է տեսել. «Շատ նմանություններ կան այսօրվա հետ։ Ես անդադար վիճել եմ կերպարիս հետ, բայց հետո հասկացա, որ ամեն մեկիս մեջ կա այդ Համտունը։ Ուղղակի պետք է կարողանաս նրան ղեկավարել, թե չէ Համտունն ավելի ու ավելի կաճի»։

«Բոլոր արտիստներին ճանաչում եմ։ Ընկերներ ունեմ այնտեղ, ինքս էլ ինձ կիսով չափ արցախցի եմ համարում։ Ուրախ եմ, որ անմիջապես արդեն ներկայացումներում զբաղվածություն ունեմ, ու «Ռուզանն» էլ ավելի ընդգծված եղավ»,- ասում է Արցախի Հասան Ջալալ իշխանաց իշխանին մարմնավորող Շանթ Հարությունյանը։ Որ Ստեփանակերտի թատրոնը մեծ ապագա ունի, Շանթ Հարությունյանի համար անվիճելի է. «Արցախի մայր թատրոնը՝ իր յուրահատուկ ձեռագրով, պետք է պահպանվի, ուրույն տեղը գտնի նաև Հայաստանում։ Չպիտի ընկճվենք։ Արցախ անունը պետք է բարձր պահենք, նաև բեմերից միշտ հնչեցնենք»։

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը վերակազմավորվել է 2025 թվականի օգոստոսին՝ Հայաստանի թատերական գործիչների միության և «Դիալոգ» հասարակական կազմակերպության աջակցությամբ։

«Մեզ համար չընդհատվող գործունեություն է Արցախի կրթական, մշակութային, գիտական հաստատությունների հետ աշխատանքը, նաև 2023 թվականից հետո արդեն այլ պայմաններում՝ Հայաստանում։ Եվ մենք մեր համեստ ջանքերով՝ գաղափարական, կազմակերպչական, նյութական ներդրումների շնորհիվ, նպաստել ենք, որպեսզի մի շարք խմբեր վերականգնվեն և գործեն նոր պայմաններում։

Ապացուցված բան է՝ դժվար ժամանակներում հոգևոր արժեքները, մշակույթը ապավեն ու հենարան են լինում այդ դժվարությունները հաղթահարելու համար։ Ահա մենք այս հարթակով ենք ձեռնամուխ եղել այս աշխատանքներին։ «Դիալոգ» մատենաշարում մենք հրատարակում ենք Արցախի հեղինակների գործերը՝ գրողներ, գիտնականներ, ինչպես նաև օտարերկրացի գիտնականների ուսումնասիրությունները։ Սա մի համալիր և մեծ աշխատանք է»,- արցախյան մշակութային կոլեկտիվներին աջակցության հիմքում դրված գաղափարի մասին է պատմում «Դիալոգ» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը։

Երևանում արդեն իսկ գործում են Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը, Ստեփանակերտի ռուսական թատերախումբը՝ «Театр трех ключей»-ը, Արցախի պետական երգչախումբը, որն այժմ գործում է «Վարարակն» անունով, «Արցախի բալիկներ» համույթը, «Արցախ» ջազ համույթը։ Կազմակերպությունը գործընկեր է նաև Արցախի պետական ջազային նվագախմբի հետ։

Յուրի Նավոյանի գնահատմամբ՝ Վահրամ Փափազյանի անվան թատրոնն իր գործունեությամբ Երևանում մի փարոս է, մի առանցք՝ ինքնավստահության, առաջ նայելու և հոգևոր գերակայությամբ դժվարությունները հաղթահարելու համար. «Այսօրվա ներկայացումը արժեքների մասին էր, որոնց կրողն են իրենք, որոնց կրողն է մեր ժողովուրդը. դա մարդկային և ազգային արժանապատվությունն է, անձնազոհությունն է հայրենիքի համար։ Տասնմեկ ամսվա ջանքերից հետո Ստեփանակերտի մայր թատրոնի կայացումն արդեն իրողություն է։ Թատրոնն ունի կայուն խաղացանկ, և Ստեփանակերտի Փափազյանի անվան թատրոնը մի նոր գույն է Հայաստանի թատերական, մշակութային և հասարակական դաշտում»։

Հետաքրքրվում եմ՝ հույս կա՞, «Ռուզան, Արցախի դուստրը» կտեսնե՞նք Ստեփանակերտում։ «Մենք այսօր խնդիր ունենք մարդկանց համախմբումները ինստիտուցիոնալ առումով պահելու, արժանապատվորեն պահելու, որպեսզի չտարալուծվեն և չարտագաղթեն։ Մնացածը, ինչպես ասում են, ժամանակի հարց է… Հետագայում ժամանակի ընձեռած հնարավորություններն էլ ճիշտ իրացնելու համար պետք է կազմակերպված լինել»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930