Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտերիմներից որևէ մեկը կարո՞ղ է գործող վարչապետին հուշել․․․». Հրանուշ Խառատյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Մայիս 21,2026 00:05 Share

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը գրում է.

«Մտերիմներից որևէ մեկը կարո՞ղ է գործող վարչապետին հուշել, որ ներկայիս Հայաստանի տարածքում, և առհասարակ Մեծ Հայքի տարբեր հատվածների միջնադարյան հայկական տարբեր պետական կազմավորումների իրեն բավարար չթվացող քանակությամբ հայերի առկայության կամ բացակայության խնդիրը անընդհատ հուզել է Պատմական Հայաստանի և միջնադարի հայկական մեծ ու փոքր պետությունների տարածքների հաշվին «էթնիկական հայրենիք» կառուցող մեր ուշ շրջանների հարևաններին։ Նրանց հայերի քանակությունը քիչ չի թվացել, ընդհակառակը՝ շատ-շատ է թվացել․․․

Օսմանյան կայսրությունն ամեն ինչ արեց, որ 17-19-րդ դդ․ նոսրացնի Արևմտյան Հայաստանի տարածքը՝ Թուրքիայի արևելյան վիլայեթները՝ արտոնություններ տալով քրդերին, բնակեցրեց հսկայական թվով հայերի իսլամացրեց, 19-րդ դ․ երկրորդ կեսին բալկաններից փախած մահմեդականներին բնակեցրեց, Ռուս-կովկասյան պատերազմից հետո Հյուսիսային Կովկասից փախստական մոհաջիրներին բնակեցրեց, տարածքում նրանց «դատավոր» դրեց հայերի գլխին, 1895 թ․ Վանի, Սասունի, Մուշի հայ բնակչության ջարդ կազմակերպեց, բայց մեկ է՝ «արևելյան վիլայեթներում» հայերի թիվը քանակապես մեծ էր բոլոր մյուսներից, և չնայած պետությունը «թուրքական էր» (օսմանյան էր)՝ այնտեղ, բացի օսմանյան պաշտոնյաներից, թուրքեր չէին ապրում։ Դա հայերի հայրենիքն էր, թուրքերի համար դա Էրմանիստան էր, մինչև հիմա էլ Էրմանիստան է, այդտեղ միայն հայերեն լեզվով դպրոցներ կային, միայն հայերեն լեզվով էին պարբերականներ լույս տեսնում․․․ Այդ տարածքը «թուրքական հայրենիք» դարձնելու համար երիտթուրքերը գնացին հայերի ցեղասպանությանը․․․

Հինգ տարի անց նրանք Մոսկվայի կոնֆերանսին նախապատրաստվելիս ռուսական կողմին համոզում էին, որ սահմանները գծելիս պետք է սկզբունք ընդունել «ազգագրական կազմը»՝ մարդկանց աչքերին նայելով բարձրաձայն պնդում էին՝ այստեղ հայեր չեն ապրում և․․․ ուշադրություն դարձրեք՝ «երբեք չեն ապրել»․․․ Եվ ում աչքերին նայում էին՝ նրանք էլ լուռ գլխով էին անում՝ այո, չեն ապրում և չեն ապրել․․․

Նույնը 1924 թ․ Լոզանի կոնֆերանսին ասում էր նորաստեղծ Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ինենյուն, նույնը 1944 թ․ Թուրքիայի մեջլիսում ասում էր մեջլիսի նախագահ, այդ հայերին բնաջնջած Քյազիմ Կարաբեքիրը՝ «Կարսում երբեք հայեր չեն ապրել, տեսեք, այստեղ բոլոր բնակավայրերի անունները թուրքական են, ե՞րբ և որտե՞ղ են նրանք ապրել»․․․ Նույնը՝ 1936-37 թթ․ Դերսիմում հայերի մնացորդներին վերացնելիս՝ «այստեղ երբեք հայեր չեն ապրել»․․․ Փաստաթղթերը հրատարակված են, դա դեռ հեռավոր անցյալ չէ։

Եվ չնայած ահռելի ջանքերին, հանցագործություններին, Թուրքիայի Հանրապետության տարածքում թուրքական ավել կամ պակաս ինքնությամբ բնակչությունը Թուրքիայի բնակչության միայն շուրջ 50 տոկոսին է հասնում։

Շուրջ 35 տարի Արցախի և Լեռնային Ղարաբաղի մասին Ադրբեջանում ասում են՝ այստեղ երբեք հայեր չեն ապրել, դրանց Գրիբոյեդովն է բերել Հայաստան և Ղարաբաղի խանություն․․․ ԼՂԻՄ-ը ինքնավարության մի ձև էր, ստեղծման պահին՝ 90 տոկոսից ավել հայությամբ, նույնիսկ սահմաններն են գծվել այնպես, որ միայն հայկական բնակավայրերը ընդգրկվեն մեջը, բայց տեսեք՝ ինչ համառությամբ են պնդում, գրում, տարբեր լեզուներով հրատարակում՝ այստեղ երբեք, երբեք հայեր չեն ապրել․․․ Կովկասում առհասարակ հայեր չեն ապրել, դրանց 19-րդ դ․ ռուսներն են բերել, «բերել լցրել են Էրիվանի նահանգ, Ղարաբաղ», «Արևմտյան Ադրբեջան»․․․ Թվարկե՞մ այստեղ այդ թեմայով լույս տեսած բազմաքանակ, բազմալեզու «գրականության»՝ գրքերի, հոդվածների ցանկը․․․

Եվ ի՞նչն է «պետականություն» գործող վարչապետի համար ընդամենը 50 տարի Պարսկաստանի կայսրությունում, 20 տարի՝ Ռուսաստանի կայսրությունում գոյություն ունեցած ավազակաբարո խանությունը, որի բնակչության կազմը 80 տոկոսից ավել հայկական էր, թե՞, օրինակ, հարյուրամյակներով մեծ պայքարներով պահպանված Խաչենի թագավորությունը․․․

Տերմիններն իմաստ ունեն, դրանց խեղաթյուրումները՝ նույնպես․․․ Դրանք քաղաքական նպատակներով «միանգամյա օգտագործման» ձևակերպումներ չեն կարող լինել, հետևանքների նկատմամբ պատասխանատվության խնդիր կա։ Հարյուրամյակից ավել է՝ Հայոց Ցեղասպանությունից կենդանի մնացած հայերի բնակեցումը Խորհրդային Հայաստանում բարձրաձայն անվանվել է «հայրենադարձություն» (միջազգային տերմինով՝ «ռեպատրիացիա»), իբրև թե ինչ-որ օտար, ժամանակավոր բնակության տարածքից վերադարձել են հայրենիք։ Դե, «վերադարձել են», խնդիրը լուծված է։ Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ-ի՝ Թուրքիային պատասխանատվությունից ազատող խաղի այդ կանոնին համաձայնեց, չհամաձայնվել չէր կարող։ Դա ընդամենը բառ էր, բայց այդ բառը հայրենազրկեց արևմտահայերին։

Երբ ԽՍՀՄ-ում գծվում էին Հարավային Կովկասի հանրապետությունների սահմանները, «ազգագրական կազմը» անկարևոր համարվեց։ Հայերի մի մասը մնաց Ադրբեջանում, մյուս մասը՝ Վրաստանում։ ԽՍՀՄ առաջին՝ 1926 թ․ մարդահամարի տվյալներով Անդրֆեդերացիայում ապրում էին 1.799.960 վրացի, 1.652.768 կովկասյան թուրք, 1.332.593 հայ։ Խորհրդային Հայաստանում կար ընդամենը 743.571 հայ, իսկ 590.000 հայերը մնացել էին Խորհրդային Վրաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմաններում։

Հիմա գործող վարչապետը հայտարարում է, որ երբեք Հայաստան պետության տարածքում ապրող բնակչության մեջ հայերի թիվը 90 տոկոսի չի հասել։ Եթե նույնիսկ խոսենք միայն թվերի և վարչապետի պատկերացրած «պետության» համամասնության մասին, ապա գուցե արժե՞ գործող վարչապետին հիշեցնել, որ ըստ մարդահամարների նյութերի՝ 1939 թ․ Ադրբեջանի ողջ բնակչության մեջ 41.7%-ը թուրք/ադրբեջանցիներ չէին, իսկ 2009 թ․ թուրք/ադրբեջանցիներ չէին միայն 8.5%-ը։ Նույն 1939 թ․ մարդահամարի նյութերով վրացիներ չէին Վրաստանի բնակչության 38.6%-ը։ Հայաստանում 1939 թ․ մարդահամարով հայեր չէին միայն բնակչության 17.2%-ը։ Հուսով եմ՝ սրանք պետություն-հասարակություն-ժողովուրդ համամասնության և հարաբերությունների մասին հուշող թվեր են։

Կոնկրետ Ադրբեջանում այս թվերը «ձեռք են բերվել» պետության արհեստական գծված սահմանների և այդ սահմաններում ապրող տեղաբնիկ ժողովուրդների հաշվին՝ «անհետացել» են կովկասալեզու ամբողջ ժողովուրդներ, իրանալեզու թաթերն ու թալիշները միայն «նվազել» են, իրանալեզու քրդերն ամբողջովին ձուլվել են․․․

Ըստ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի՝ 1939-2009 թթ․, 70 տարիների ընթացքում, Ադրբեջանի ոչ թուրք/ադրբեջանցի բնակչության բյուրեղյա երազանքն ադրբեջանցի դառնալն է եղել։ Դե հայերի մասին չխոսեմ՝ նրանք իրենց կամքով հեռացել են Ադրբեջան հայրենիքից։ 2023 թ․ Արցախը ձեզ օրինակ։

Չգիտեմ ինչու ինձ այնպես է թվում, որ գործող վարչապետին ամենևին դուր չի գալիս ոչ իր տեսակետից այս թեմային անդրադառնալը, և որպեսզի չանդրադառնանք, կարծում եմ ճիշտ կլինի, որ ինքն այս լարված նախընտրական թոհ ու բոհում առիթ չստեղծի խոսել բաների մասին, որոնք ավելի պատշաճ է քննարկել ակադեմիական միջավայրում և օգտագործել միայն ակադեմիական հիմնավորված արդյունքները»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031