Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրը պղծելու մեջ կասկածվողը լեգենդար ծանրորդի քրոջ որդին է․ որոշ մանրամասներ

Հունիս 14,2026 17:22 Share

Քիչ առաջ ոստիկանությունը տեսանյութ տարածեց, թե ինչպես են ձերբակալում Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրը պղծելու մեջ կասկածվող անձին։

Թե ով է նա, ոստիկանության լրահոսում միայն նշվում է՝ Գյումրու Մուշ թաղամասի 41-ամյա բնակիչ։

 

Գյումրեցիները, այդ թվում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն առավել քան վստահ էին, որ դա երբեք ու երբեք չի կարող լինել գյումրեցու ձեռքի գործը, քանի որ իրականում այս քաղաքի բնակիչները «Մայր Հայաստան» հուշահամալիրին կառուցման օրվանից ի վեր՝ 51 տարի շարունակ վերաբերվել են որպես սրբավայրի, որտեղ իրենց պապերի՝ Հայրենական Մեծ պատերազմում նահատակված 300 հազար հայերի հիշատակն է հավերժացված։

Բացի այդ, գյումրեցիները դողում են իրենց քաղաքի խորհրդանիշերի վրա։

Տղամարդը, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, խոստովանել է իր արարքը։ Թե ինչ է ասել, դա հայտնի կդառնա հետագայում, հասկանալի է, որ հիմա նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ հրապարակման ենթակա չէ։

Այդուհանդերձ, հասարակական հետաքրքրությունը շատ մեծ է այս ամենի հանդեպ, ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլ Ռուսաստանի Դաշնությունում։

Հայաստանում ՌԴ դեսպանատունը մեծ վրդովմունք էր հայտնել դեպքի առնչությամբ՝ հույս ունենալով, որ Հայաստանի իշխանությունները հստակ գնահատական կտան միջադեպին, միջոցներ կձեռնարկեն մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և հետագայում նմանատիպ սադրանքները կանխելու համար։

Մի քանի օր է՝ համացանցում ակտիվ քննարկումներ էին, ենթադրություններ էին հնչում, թե  խուլիգանական այս արարքի հեղինակը ազգությամբ հայ չէ։

Մեզ հայտնի դարձավ, որ կասկածյալը Գ․ Ա․-ն է, որը լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի քրոջ որդին է։


Նշենք, որ, մեր տեղեկություններով, քրեական ոստիկանության գլխավոր վարչությունն է մեծ դերակատարություն ունեցել հանցագործության մեծ կասկածվող անձին հայտնաբերելու ուղղությամբ, իհարկե՝ Շիրակի մարզային վարչության, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Մուշի ու Կումայրիի բաժինների ծառայողների ակտիվ մասնակցությամբ։

Նրանք մի քանի օր է՝ գիշեր-ցերեկ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել։

Մեր տեղեկություններով, «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում տեսախցիկ տեղադրված չկա, հնչը, բնականաբար, բարդացրել է ոստիկանների աշխատանքը, սակայն նրանք գտել են մի տեսախցիկ, որը տեղադրված է մոտակա կառույցներից մեկի տարածքում և որի ֆիքսած սիլուետի հետքերով են գնացել, այնուհետ՝ տեսնելով, որ անձը նստել է հասարակական տրանսպորտ՝ միկրոավտոբուս, սկսել են ուսումնասիրել  այդ տրանսպորտի ուղղությունը, բոլոր կանգառները՝ իջնող ուղևորներով։

Նրանք ամեն մի կանգառի մոտակայքում գտնվող տեսախցիկներն են առգրավվել, դրանք ուսումնասիրել, վերծանել են, մինչև որ պարզել են, թե որ կանգառն է իջել  կասկածյալը։

Հանցագործությունը կատարվել է ցերեկային ժամի՝ հունիսի 9-ին, ժամը 15։00-ի սահմաններում։ Aravot.am-ին հասած տեղեկություններով,ոստիկանությունը իր օպերատիվ-հետախուզական աշխատանքներն իրականացնելիս գտել է նաև ականատեսի, որի մտքի ծայրով անգամ չի անցել, թե իր աչքի առջև վանդալիզմ է կատարվում․ նա մի պահ մտածել է, թե Գյումրու համայնքապետարանն է այդտեղ աշխատանքներ կատարում․ ռեստավրացիայի  է ենթարկում «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Հերոս քաղաքների» հուշարձանները։

Ինչևէ, հանցանքը նախաքննական մարմնի կողմից համարվել է միջին ծանրության․ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Հոդվածը, որը կոչվում է «Պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելը կամ վնասելը Պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելը կամ վնասելը» նախատեսում է՝

Պետության պահպանության տակ գտնվող պատմության կամ մշակույթի հուշարձանը, ինչպես նաև պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկան կամ փաստաթուղթը ոչնչացնելը կամ վնասելը՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930