Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները

Հունիս 15,2026 16:30 Share

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվեցին մրցույթի դափնեկիրների անունները, և տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Մրցույթի շրջանակում շնորհվեցին նաև հատուկ մրցանակներ՝ դասական սոնատի լավագույն մեկնաբանության, Բախի և Պոպպերի ստեղծագործությունների լավագույն կատարման, ինչպես նաև Արամ Խաչատրյանի Սոնատ-ֆանտազիայի լավագույն մեկնաբանությունների համար։

Հատուկ մրցանակներ հանձնվեցին նաև «Լավագույն նվագակցող դաշնակահար» և «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգերում։

Այս տարի մրցույթին մասնակցել են աշխարհի 11 երկրից ժամանած 19 թավջութակահարներ, որոնք ընտրվել էին ժյուրիի կողմից։

Ժյուրիի կազմում ընդգրկված էին միջազգային երաժշտական աշխարհի ճանաչված ներկայացուցիչներ՝ Դենիս Սևերինը (Շվեյցարիա), Մարթի Ռոսին (Ֆինլանդիա), Միհե Ռիոն (Կորեայի Հանրապետություն), Ժոզեֆին Նայթը (Միացյալ Թագավորություն), Լևոն Մուրադյանը (Հայաստան/Պորտուգալիա), Գրեգորիո Նիետոն (Վենեսուելա) և Վիկտոր Ժուլիեն-Լաֆերիերը (Ֆրանսիա)։

Մրցույթի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հանդիսատեսը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և մրցույթի առաջին մրցանակակիր Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեի կատարմամբ ունկնդրեց Արամ Խաչատրյանի՝ թավջութակի համար գրված «Կոնցերտ-ռապսոդիան»՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։

Մրցույթի ռազմավարական գործընկերն է Freedom Broker Armenia ընկերությունը, իսկ գործընկերները՝ VISA-ն և Ակբա բանկը։

Մրցույթն անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC)։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930