Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր

Հունիս 22,2026 18:25 Share

Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն դարձել է 2026 թվականի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրը։ Այս հաղթանակի արդյունքում նա արժանացել է 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևի, ինչպես նաև ստացել կարևոր միջազգային համագործակցային հնարավորություններ՝ հանդես գալու հեղինակավոր բեմերում և ներգրավվելու նոր մասնագիտական նախագծերում։

Ֆեդերլեն սեպտեմբերին ելույթ կունենա Համբուրգի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի հետ համագործակցության արդյունքում։ Բացի այդ, IMK Vienna-ի հետ համագործակցության շնորհիվ երիտասարդ թավջութակահարուհին Հյուսիսային Չեխական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա Պրահայի Սմետանայի անվան համերգասրահում։ Մրցույթի ընթացքում Ֆեդերլեն նաև ստացել է հատուկ մրցանակ՝ երկրորդ փուլում սոնատի լավագույն մեկնաբանության համար։

Երկրորդ մրցանակը շնորհվել է ռուս թավջութակահար Բոգդան Եֆրեմովին՝ 5,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևով։ Նա նաև արժանացել է հատուկ մրցանակների՝ Դավիդ Պոպերի մենանվագ թավջութակի համար գրված Էտյուդների և Արամ Խաչատրյանի Սոնատ-ֆանտազիայի  լավագույն մեկնաբանությունների համար։

Երրորդ մրցանակին արժանացել է հայ թավջութակահար Արտյոմ Իոանիսյանը։ Նա նաև հանդիսատեսի քվեարկությամբ ստացել է ամենաբարձր ձայները՝ ստանալով հատուկ մրցանակ «Հանդիսատեսի համակրանքը» անվանակարգում, ինչի արդյունքում հնարավորություն կունենա հանդես գալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Հատուկ մրցանակի է արժանացել նաև եզրափակիչ փուլ անցած՝ ԱՄՆ-ն ներկայացնող թավջութակահարուհի Միրիամ Կ. Սմիթը՝ թավջութակի համար գրված մենանվագ ստեղծագործության լավագույն մեկնաբանության համար։

Մրցույթի ժյուրին այս տարի նախագահում էր Լևոն Մուրադյանը (Հայաստան/Պորտուգալիա)։ Ժյուրիի կազմում էին միջազգային երաժշտական աշխարհի ճանաչված ներկայացուցիչներ՝ Դենիս Սևերինը (Շվեյցարիա), Մարտի Ռուսին (Ֆինլանդիա), Մեհա Ռիոն (Կորեայի Հանրապետություն), Ջոզեֆին Նայթը (Միացյալ Թագավորություն), Գրեգորիո Նիետոն (Վենեսուելա) և Վիկտոր Ժյուլյեն-Լաֆերիերը (Ֆրանսիա)։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթի ռազմավարական գործընկերն է Freedom Broker Armenia-ն, հովանավորը՝ Երևանի քաղաքապետարանը, իսկ աջակիցներն են VISA-ն և ԱԿԲԱ բանկը։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC)։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930