Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է պետք իմանալ արևապաշտպան միջոցների մասին արևի «կրքոտ համբույրից» խուսափելու համար

Հունիս 17,2026 09:30 Share

Արևից պաշտպանությունը մեր եղանակային պայմաններում և հատկապես ամառային ամիսների ընթացքում ավելի արդիական է դառնում, քանի որ արևի ուղիղ ճառագայթների ներքո շոգելուց զատ մենք պարբերաբար ենթարկվում են դրանց բացասական ազդեցությանը՝ արևային այրվածքների, մաշկի որակի փոփոխություններից մինչ մաշկի քաղցկեղի որոշ տեսակների զարգացման վտանգի տակ հայտնվելով։ 

Որո՞նք են արևապաշտպան հիմնական միջոցները

Արտաքին օգտագործման արևապաշտպան միջոցները կարող են թողարկվել լոսյոնների, քսուքների, գելերի, սփրեյների, պինդ սթիքների տեսքով։

Արևապաշտպան միջոցներ են համարվում նաև հատուկ խոնավացնող անձեռոցիկները, արևապաշտպան ակնոցները, հագուստի որոշ տեսակները։

Սակայն նշենք, որ իրականում ոչ մի քսուք կամ այլ միջոց չի կարող ամբողջությամբ արգելափակել արևի ճառագայթների ազդեցությունը։ Եվ թերևս պետք էլ չէ, քանի որ առողջության համար կարևորագույն դեր ունեցող վիտամին D-ն օրգանիզմում արտադրվում է ի պատասխան ուլտրամանուշակագույն ճառագայթման։

Արևապաշտպան գործոնը (sun protection factor), որը կարող է լինել 15, 30 կամ 50 թվի ներքո, ապահովում է որոշակի պաշտպանություն՝ կախված արևի տակ գտնվելու ժամանակահատվածից, աշխարհագրական վայրից, տարվա եղանակից և այլն։

SPF 15-ը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների 93 %-ից, SPF 30-ը՝ 97 % ուլտրամանուշակագույն ճառագայթներից, SPF 50-ը՝ 99% ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Ինչպե՞ս են ազդում արևապաշտպան քսուքները

Ֆիզիկական (անօրգանական) արևապաշտպան միջոցները պարունակում են ցինկի օքսիդ կամ տիտանի երկօքսիդ, պաշտպանում են ինչպես UVB (ավելի կարճ են և չեն կարող ներթափանցել ապակու միջով, բայց առաջացնում են արևային այրվածքներ), այնպես էլ UVA (կարող են ներթափանցել անգամ ապակու միջով) ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Սակայն ցինկի օքսիդն ավելի արդյունավետ է համարվում, քանի որ  արգելափակում է ավելի լայն սպեկտրի ուլտրամանուշակագույն ճառագայթներ, քան տիտանի երկօքսիդը, և այդ պատճառով նախընտրելի բաղադրիչ է։

Որոշ քիմիական բաղադրությամբ արևապաշտպան միջոցներ նույնպես կարող են պաշտպանել UVA ճառագայթներից։ Օրինակ՝ օկտոկրիլենը (octocrylene), որը պատկանում է ցինամատների խմբին, կլանում է ինչպես UVA, այնպես էլ UVB ճառագայթները։ Նույն հատկությունն ունեն նաև բենզոֆենոնները, այդ թվում՝ ավոբենզոնը (avobenzone), որոնք նույնպես կլանում են երկու տեսակի ուլտրամանուշակագույն ճառագայթները։

2006 թվականի հուլիսին ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղերի վարչությունը հաստատեց առանց դեղատոմսի վաճառվող Anthelios SX արևապաշտպան միջոցը, որը պարունակում է UVA ճառագայթները արգելափակող էկամսուլ (ecamsule) ֆիլտր։ Էկամսուլը UVA ճառագայթներից պաշտպանող հզոր միացություն է, որը Կանադայում և Եվրոպայում արևապաշտպան միջոցների բաղադրության մեջ օգտագործվում է դեռևս 1993 թվականից։

Ինչպես ճիշտ օգտագործել արևապաշտպան քսուքը

Արևապաշտպան քսուքը պետք է քսել առատորեն։ Երկար ժամանակով ուժեղ արևի տակ գտնվելու դեպքում արևապաշտպան քսուքը պետք է թարմացնել յուրաքանչյուր երկու ժամը մեկ, այն պետք է քսել տանից դուրս գալուց առնվազն 30 րոպե առաջ, որպեսզի հասցնի ներծծվել և սկսի գործել։

Շատ կանայք օգտագործում են SPF պարունակող տոնային քսուքներ կամ այլ կոսմետիկ միջոցներ։ Սակայն դրանք պետք է դիտարկել որպես լրացուցիչ պաշտպանական շերտ, այլ ոչ թե արևապաշտպանության հիմնական միջոց, քանի որ սովորաբար դիմահարդարման համար օգտագործվող քանակությունը զգալիորեն պակաս է արդյունավետ արևապաշտպանության համար անհրաժեշտ քանակից։

Տարածված սխալներից մեկն այն է, որ մարդիկ արևապաշտպան քսուք են օգտագործում միայն արևոտ կամ շոգ օրերին։ Սակայն ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են անցնել ամպերի և մառախուղի միջով ու վնասել մաշկը նույնիսկ այն ժամանակ, երբ արևի լույսը թույլ է թվում։ Այդ պատճառով արևապաշտպան միջոցները պետք է օգտագործել նաև ամպամած օրերին։

Արդյո՞ք բոլոր մարդիկ պետք է օգտագործեն արևապաշտպան քսուք

Մինչև 6 ամսական երեխաների մաշկին խորհուրդ չի տրվում արևապաշտպան քսուք քսել, քանի որ նրանց օրգանիզմը կարող է դեռևս պատրաստ չլինել այդ միջոցներում պարունակվող քիմիական նյութերի ազդեցությանը։

Ինչ են ասում արևապաշտպան միջոցների պիտակները, ինչին ուշադրություն դարձնել

  • «Լայն սպեկտրի պաշտպանություն» (Broad Spectrum) նշումը օգտագործվում է այն միջոցների համար, որոնք պաշտպանություն են ապահովում ինչպես UVA, այնպես էլ UVB ճառագայթներից։
  • Փաթեթավորման վրա պարտադիր պետք է նշված լինի SPF ցուցանիշը։
  • SPF 15 և ավելի բարձր ցուցանիշ ունեցող լայն սպեկտրի միջոցների վրա կարող է նշված լինել, որ օգնում են նվազեցնել մաշկի քաղցկեղի և մաշկի վաղաժամ ծերացման վտանգը՝ արևից պաշտպանության այլ միջոցների հետ համատեղ օգտագործման դեպքում։
  • Եթե միջոցը ջրակայուն է, ապա պիտակի վրա պետք է նշվի՝ այն պահպանում է իր արդյունավետությունը 40, թե 80 րոպե լողալու կամ քրտնելու ընթացքում։

Կարո՞ղ են արևապաշտպան քսուքները մաշկային ռեակցիա առաջացնել

Այո՛, արևապաշտպան միջոցների որոշ բաղադրիչներ կարող են որոշ մարդկանց մոտ գրգռվածություն կամ ալերգիկ ռեակցիա առաջացնել։ Եթե առաջանում է կարմրություն, քոր, ցան կամ այլ դրսևորում, տվյալ միջոցի օգտագործումը պետք է դադարեցնել և ընտրել այլ տարբերակ։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930