1.Եւ այսպէս՝ ՀՀ-ում կայացան յունիսի 7-ի պարլամենտական «ընտրութիւնները», որոնց արդիւնքից խիստ տպաւորւած ու գոհունակ են՝
ա- իշխանաւորները
բ- Թուրքիան
գ- Ադրբեջանը
Կարդացեք նաև
դ- Գլոբալիստ Եւրոպան ու մասնաւորապէս՝ թուրքամէտ անգլոսաքսոնականները…։
2.Թերեւս վերոգրեալով արդէն ամէն ինչ պատկերացնելի է. այն առումով, որ տւեալ համաշխարհային ուժային-քաղաքական կենտրոնների կողմից 2018- ից սկսեալ Հայաստանի համար նախագծւած օրիենտացիան նոր փուլ թեւակոխեց, որն ամենեւին էլ վերջին 8 տարիներում պէտք է չաշխատէր յօգուտ Հայաստանի ու հայութեան։
3.Մնում է զարմանալ, որ այս նոր փուլում, հայաստանեան ընտրազանգւածների մեծամասնութեան քւէն (ըստ իշխանաւորների՝ 700 հազար) տրւել է այդ նոյն հայավնաս ու հայաստանավնաս օրիենտացիային։
Այլապէս՝ պէտք է արձանագրել, որ Հայաստանում 700 հազար ընտրող համարում են ԱՐԱՐԱՏԸ՝ թուրքական, ԱՐՑԱԽԸ՝ ադրբեջանական ու դեռ Հայոց Ցեղասպանութիւնը՝ վիճայարոյց…։
4.«Սուտն ինչքան մեծ, այնքան հաւատալի» գեբելսեան ֆրազներով մշտապէս առաջնորդւած իշխանախմբին, սակայն, այլեւս չի հերիքում հասարակայնութեանը նման աճպարարութիւններով մոլորեցնել։ Այդ պատճառով էլ՝ թէ’ նախընտրական, եւ թէ’ յետընտրական փուլում որդեգրել է բացորոշ բռնատիրական մեթոդներ՝ ընդդէմ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմութեան, որի շարքերն ի տես խայտառակ ու աննախադէպ ընտրակեղծիքների՝ գնալով ստւարանում-համախմբւում են։
5.Ակներեւ է նոյն ընդդիմութեան շարքերում բարձրաձայնւող այն կարծիքը, որ ընտրւած ընդդիմադիր պատգամաւորները վայր դնեն մանդատները, որպէս բողոք՝ նոյն ընտրակեղծիքների։ Բողոքի միւս տարբերակն էլ , Սահմանադրական դատարան դիմելն ու վարչական լուծումներով գողացւած ձայների վերականգնումն է, որն, մեղմ ասած՝ միամտութիւն է, քանզի ինչպէս Կենտրոնական ընտրական յանձնախումբն, այնպէս էլ՝ Սահմանադրական Դատարանի ողջ անձնակազմը իշխանախմբի լիարժէք կամակատարներն են…, որով էլ պէտք է ամբողջովին բացառել նման կերպ արդարութեան վերականգնման հանգամանքը։
6.Միւս կողմից, գոյութիւն ունի անցեալի փորձը, երբ նախորդ խորհրդարանում ընդդիմութեան պատգամաւորները , թէպէտ որպէս փոքրամասնութիւն, յարգելով հանդերձ ստացած ժողովրդական մանդատները, այնուամենայնիւ չյաջողեցին պարլամենտական գործիքակազմերով զսպել դոյզն իսկ թուրքահպատակ իշխանութիւնների հակահայ ու հակապետական քայլերը…։
7.Մնում է սպասել թէ՝ համընդհանուր ընդդիմութիւնը մանդատների ստացման կամ վայր դնելու տարբերակներից որին է առաջնահերթութիւն տալու։
Քանզի փաստ է , որ արդէն վաղուց ի վեր հայաստանեան ներքաղաքական ու յատկապէս արտաքին ճակատի իրական ու վտանգալից մարտահրաւէրները լոկ իշխանութիւն-ընդդիմութիւն գզւռտոցի ասպարէզները չեն, այլ գերազանցապէս հայրենիքն ու պետութիւնը, հետն էլ ողջ հայութեանը սպառնացող գոյութենական իրական վտանգներ , որոնք պէտք է դիմագրաււեն ու տայ Աստւած՝ յաղթահարւեն ՀԱՄԱԶԳԱՅԻՆ վերաբերմունքի յանձնառու եւ այլեւս անյետաձգելի դրսեւորմամբ…։
Դերենիկ Մելիքեան
Պատմական գիտությունների թեկնածու


















































