Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է իրականում թաքնված դատախազության հաղորդագրությունների քարոզչական վերնագրերի հետևում

Հունիս 17,2026 16:53 Share

ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ «Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող՝ 12,4 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով, 67 հա մակերեսով հողատարածք» վերնագրով հաղորդագրություն էր տարածել, ինչը հրապարակել է նաև «Առավոտը»:

Նման նյութ կարդալիս ընթերցողը, բնականաբար, առաջին հերթին մտածում է՝ կեցցե դատախազությունը, որը շարունակում է աշխատել և պետությանը վերադարձնել հավանաբար ապօրինի կերպով վերցված տարածքներ:

Սակայն, պարզվում է, նման խրոխտ վերնագրերն ընդամենը քարոզչական նպատակ ունեն: Իրականում Դիլիջանի մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ տարածքը, որը պատկանում է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին և գտնվում է Դիլիջանի միջազգային դպրոցի մոտակայքում, կառուցապատման իրավունքով տրված է եղել Ռուբեն Վարդանյանի հիմնադրամներից մեկին: Վարդանյանի հիմնադրամը պարզապես իր հաշվին խնամում էր անտառը, որպեսզի տարածքը շարունակի մնալ որպես անտառ և որպեսզի ինչ-որ մեկը հանկարծ դպրոցի քթի տակ չորոշի կառուցել հյուրանոցներ կամ այլ շինություններ:

Պարզվում է նաև, դեռ անցած տարի հենց հիմնադրամն է դիմել Ազգային պարկին՝ խնդրելով հետ վերցնել տարածքը, քանի որ դրա համար շարունակում է տարեկան բավականին խոշոր գումար վճարել՝ որպես կառուցապատման իրավունքի վճար:

Ազգային պարկը ձգձգել է հարցը, քանի որ զրկվելու էր ոչ միայն գումարից, այլև այդքան տարածք ստիպված էր լինելու իր հաշվին խնամել: Հիմա վերջապես այդ որոշումը կայացվել է, և դատախազությունը շտապել է այն օգտագործել քարոզչական նպատակով՝ ներկայացնելով դա իբր խոշոր ձեռքբերում: Մինչդեռ իրականում այս որոշմամբ դատախազությունն առաջին հերթին վնաս է հասցնում մեկ այլ պետական կառույցի՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ զրկելով նրան բավականին խոշոր գումարից, որը նա կառուցապատման իրավունքի դիմաց ստանում էր Վարդանյանի հիմնադրամից:

Դիլիջանցի մեր զրուցակիցը չբացառեց, թե քանի որ Ազգային պարկը միջոցներ չունի տարածքը խնամելու, տարածքը կարող են տալ մեկ այլ՝ իշխանությունների համար ցանկալի ներդրողի, որն էլ ոչ թե Վարդանյանի պես անտառը կպահպանի, որպեսզի քաղաքի հյուրերը հիանան գեղեցիկ բնությամբ և ավելի հաճախ այցելեն Դիլիջան, այլ պարզապես կկառուցի ինչ ցանկանա:

«Չի բացառվում, որ մի օր դիլիջանցիներն արթնանան ու այդ տարածքում հյուրանոց, շենք կամ նույնիսկ կազինո տեսնեն»,- ասաց դիլիջանցի մեր զրուցակիցը՝ նշելով, որ օրենքն էլ իրենց ձեռքը, իշխանությունն էլ, ինչ ուզեն՝ կանեն:

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930