«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ԿԸՀ-ում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների ամփոփմանը, որով ըստ էության զրոյացվեցին Բարգավաճ Հայաստան կուսակցությանը տրված քաղաքացիների քվեները, ասաց. «Կարծում եմ՝ այս ընթացքում գնահատականների պակաս չի եղել։ Այլանդակ վարքագիծ է, այլանդակ քաղաքական պատվեր էր։ ԿԸՀ-ն վաղուց իրեն դուրս է դրել իրավական տիրույթից, կատարում է մաքուր քաղաքական հրահանգներ՝ սկսած պատգամավորական թեկնածուներին, նախ, Անդրանիկ Թեւանյանին, հետո՝ Դավիթ Ղազինյանին, Ռոբերտ Քոչարյանին, մնացածներին անձեռնմխելիությունից զրկելու վերեւից եկած հրահանգից, մինչեւ շատ կոնկրետ նախընտրական, ընտրական եւ հետընտրական պատվերներ կատարելը։ Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ ամենամեծ ընտրակեղծարարը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է։
Երբ որ Նիկոլ Փաշինյանը կոկորդ է պատռում ընտրությունների արժանահավատության, լեգիտիմության, մյուս-մյուսի հետ կապված, փորձում է ինչ-որ հեքիաթներ հնարել, այդտեղ պետք է արձանագրել, որ ամենամեծ ընտրակեղծարարը, արդյունքների վրա ազդած ամենամեծ կառույցը ԿԸՀ-ն է։ Եվ այնտեղ էլ կան որոշ հնաբնակ կերպարներ, որոնք պատրաստ են ծառայել բոլոր կարգի իշխանություններին։
Քաղաքական առումով այս ամեն ինչը նշանակում էր ընտրողի, քաղաքացու քվեի բռնաբարում, հակաժողովրդավարական, հակաիրավական՝ ինչ բնորոշիչ ուզեք, կարելի է օգտագործել։ Եվ ահա այդ գնով է, որ ստացան իրենց համար փոքրիշատե ընդունելի պատկեր։ Բայց մենք գործ ունենք քաղաքացու քվեի դասական ոտնահարման հետ, որը հաստատապես զսպանակի էֆեկտով ինչ-որ մի պահի հետադարձ հարված է հասցնելու։ Այս նեգատիվ էներգետիկան ոչ մի տեղ չի կորչելու։
Եվ կա մի պարզ ճշմարտություն. եթե դու վստահ ես քո մաքուր հաղթանակի վրա եւ կարծում ես՝ այն որոշումները, որ դու ես կայացնելու հետագայում, խնդրահարույց չեն, իրենց տակ ոչ մի վտանգավոր նորմեր ու դրույթներ չեն պարունակում, դու չպիտի լինես էքսցենտրիկ, հիստերիկ վարքի մեջ։ Դու պիտի լինես հանգիստ, ծանրակշիռ եւ անկախ քաղաքական անտագոնիզմի աստիճանից՝ պիտի գնաս բաժանարար գծերը վերացնելու, հասարակության մեջ համերաշխություն սերմանելու»։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































