Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն պետք է արտասանել Արցախի անունը, և նրանք պատրաստ են օգնել». Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը հերթական առիթն էր, որ արցախցիները հանդիպեցին միմյանց

Հունիս 19,2026 12:48 Share

Յուրաքանչյուր անգամ, երբ տեղեկանում եմ, որ արցախյան մշակութային որևէ խումբ հանդես է գալու երևանյան բեմերում կամ Երևանում և ՀՀ մարզերում անցկացվելու են մշակութային միջոցառումներ, որոնց մասնակից են նաև արցախցիներ, փորձում եմ անպայման ներկա լինել, մասնակցել և լուսաբանել կատարվածը։ Կարևոր է նաև, որ կան անհատներ ու կազմակերպություններ, որոնք աջակցում են արցախյան մշակութային խմբերին՝ շարունակելու իրենց գործունեությունը Երևանում և ՀՀ մարզերում։

Արցախում ծնված մշակութային խմբերից է Արցախի պետական ջազ նվագախումբը, որի համերգը կայացավ 2026 թ. հունիսի 17-ին Երևանի Ճարտարապետների միության դահլիճում՝ վերածվելով ջազային տոնի։ Համերգի գլխավոր հովանավորը Հայ բարեգործական ընդհանուր միությունն էր (ՀԲԸՄ – AGBU Armenia), իսկ նվագախմբի գործընկերը՝ «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպությունը՝ Յուրի Նավոյանի նախագահությամբ։

 

Տիգրան Սուչյանի ղեկավարությամբ Արցախի պետական ջազ նվագախումբը ներկայացրեց հայկական և արտասահմանյան ժամանակակից ջազային ու հիփ-հոփ ստեղծագործություններ, ինչպես նաև հեղինակային գործեր, որոնք ծրագրում ավելի շատ էին։ Նվագախմբի ղեկավար Տ. Սուչյանը, մինչ համերգի մեկնարկը, տեղեկացրեց, որ իրենք նախընտրում են առավելապես կատարել սեփական ստեղծագործությունները՝ շեշտը դնելով հեղինակային և ժամանակակից հեղինակների գործերի վրա։ Նա անդրադարձավ նաև նվագախմբի ստեղծման պատմությանը։

Արցախի պետական ջազ նվագախումբը կազմավորվել է Ստեփանակերտում 2003 թվականին։ Մոտ երկու տասնամյակ, դաշնակահար Տիգրան Լալայանի ղեկավարությամբ, նվագախումբը համերգներով հանդես է եկել Ստեփանակերտում, Երևանում և արտերկրում, մասնավորապես՝ Ռուսաստանում։ Ազատագրված ու անկախացած Արցախում այս նվագախումբն իր կարևոր տեղն ուներ մշակութային ասպարեզում՝ դառնալով տեղական մշակութային կյանքի անբաժանելի մասը։

Սակայն եղավ Արցախյան 44-օրյա պատերազմը, և շատ բան փոխվեց Արցախում։ 2021 թվականից նվագախումբը ղեկավարում է Տ. Սուչյանը։ Չնայած առկա դժվարություններին ու խնդիրներին՝ ջազային նոր ղեկավարը սկսել է աշխատել երիտասարդների հետ, նվագախումբ է հրավիրել Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանողներին։ Սա կարևոր էր պատերազմից և դրա ողբերգական հետևանքներից հետո։ Շնորհիվ յուրահատուկ ծրագրի և երաժշտության ինքնատիպ մատուցման՝ Տ. Սուչյանի ղեկավարած նվագախումբը կրկին կանգնեց ոտքի, ձեռք բերեց նոր ճանաչում և սեր։

2023 թ. սեպտեմբերի վերջին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո, ինչպես արցախյան բոլոր մշակութային կառույցները, այնպես էլ այս նվագախումբը փորձում էր Երևանում շարունակել իր գործունեությունը։ Մի քանի անգամ արդեն տեղեկացրել ենք, որ Մոսկվայում գործող «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության աջակցությամբ արցախյան մի շարք մշակութային խմբեր վերակազմավորվել և սկսել են իրենց գործունեությունը։

Արդեն երկու տարի է, ինչ «ԴԻԱԼՈԳ»-ն աջակցում է նաև «Արցախ» ջազ-նվագախմբին, որը 2024 թվականին Երևանում հիմնադրել է Արցախի պետական ջազ նվագախմբի նախկին ղեկավար Տիգրան Լալայանը։ Մոսկովյան և երևանյան մի շարք համերգներից հետո «Արցախ» ջազը մայիսի 25-ին ելույթ ունեցավ Արմավիր քաղաքում։

Այս անգամ էլ «ԴԻԱԼՈԳ»-ի ղեկավարն աջակցեց Արցախի պետական ջազ նվագախմբին, որը շարունակում է իր գործունեությունը՝ համալրվելով նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներով և շրջանավարտներով։ Նվագախմբի առաջին ելույթը տեղի է ունեցել 2026 թ. մայիսի 6-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում։ Սա արդեն երկրորդ համերգն էր, որն ավարտվեց խորհրդանշական «Վերադարձ» ստեղծագործության կատարմամբ։

Տ. Սուչյանն ասաց, որ ստեղծագործությունը, որի հեղինակն ինքն է, իսկ գործիքավորողը՝ Արթուր Իսրայելյանը, բեմում հնչում է առաջին անգամ՝ իր մեջ կրելով հայրենիք վերադարձի հույսը։

Դահլիճում հանդիսատեսների մեծ մասը Արցախից էին, և կարոտը, նույն նվագախմբի ստեփանակերտյան համերգների հիշողությունները, տուն վերադարձի կանչ էին։

Համերգին որպես հատուկ հյուրեր մասնակցում էին Երևանի ջազային և երգարվեստի հայտնի արտիստներ՝ Ժաննա Դավթյանը (վոկալ), Հայկ Գրիգորյանը (շեփոր), Սոնա Շիրոյանը (վոկալ) և Նարեկ Հովսեփյանը ( )։ Կոմիտասի հավաքագրած «Գարուն ա» ֆոլկ ստեղծագործությունը հնչեց Բերքլիի ուսանող, թավջութակահարուհի Մարիա Արիստակեսյանի գեղեցիկ մշակմամբ։

Համերգի ընթացքում եղան նաև այլ անակնկալներ։ Երգչուհի Ժաննա Դավթյանը հանդես եկավ մի քանի երգով։ Առանձնակի ջերմությամբ ու չդադարող ծափողջյուններով ընդունվեց Մարտին Վարդազարյանի «Քո լավ աչքերից» ստեղծագործության կատարումը, որը վոկալիստուհին ներկայացրեց սեփական ընկալման միջով։ Հանդիսատեսին մեծ ոգևորություն պարգևեց նաև երիտասարդ երգչուհի Կիրա Ալավերդյանի ելույթը։

Համերգի ավարտից հետո Տիգրան Սուչյանը կարևորեց ՀԲԸՄ-ի դերը, որը մշտապես եղել է իրենց կողքին։

– Միայն պետք է արտասանել Արցախի անունը, և նրանք պատրաստ են օգնել, – հավելեց նա։

Համերգից հետո շարունակվում էր շփումը հանդիսատեսների և երաժիշտների միջև։ Հերթական առիթն էր, որ արցախցիները հանդիպեցին միմյանց․ կարոտ, հուզմունք, ոգևորություն և, ամենակարևորը, տունդարձի ՀԱՎԱՏ։

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930