ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությունը չմասնակցեց ԱԺ վերջին նստաշրջանի աշխատանքներին։
Նա ասաց, որ իրենց ընտրողները տարբեր պահանջներ ունեն իրենցից։ «Ընդդիմության հարցերի շնորհիվ է, որ դուք իմացել եք՝ Հայաստանից քանի քկմ տարածք է օկուպացված, ընդդիմության հարցերի շնորհիվ է, որ հանրությունն իմացել է ճշմարտությունն Ադրբեջանի հետ նախաստորագրված փաստաթղթի մասին, որը հրաժարվում էին հրապարակել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է նրան, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխաններին էլ չեն մասնակցել ընդդիմադիր խմբակցությունները վերջին շրջանում, Քրիստինե Վարդանյանն ասաց․ «Դա մարտավարություն է, որը մենք ազատ ենք որդեգրել՝ ուզո՞ւմ ենք մասնակցել, թե՞ չենք ուզում մասնակցել, ուզո՞ւմ ենք այդ պահին Նիկոլ Փաշինյանին անսահման հարթակ տալ, թե՞ չենք ուզում տալ։ Դուք ի վերջո նաեւ տեսաք վերջին նիստին, թե որտեղից է գալիս հիստերիան, ագրեսիան։ Չէ՞ որ, երբ ընդդիմությունը մասնակցում է, հավասարության նշան են դնում, ասում են՝ երկուսդ էլ իրար արժանի եք, մի սրեք, այս բառապաշարը չենք ուզում լսել։ Ընդդիմությունը վերջին նիստերին չկար, բայց կար հիստերիան, կար վիրավորանքը, կար գոռգոռոցը»։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առաջարկին՝ ընդդիմադիր դաշտը միավորելու մասին, Քրիստինե Վարդանյանն ասաց, որ իրենք են եղել այն ուժը, որն այդ թվում՝ նախընտրական շրջանում ասել է՝ այո, համագործակցություն անհրաժեշտ է, որովհետեւ չկա մի քաղաքական ուժ կամ անհատ, որը կարող է ստեղծված իրավիճակը միայնակ լուծել։ «Ուրախ ենք, որ հիմա գնում ենք այդ ճանապարհով։ Թույլ տվեք ասել, որ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններում ու հռետորիկայով ամբողջությամբ նպաստում է, որ ընդդիմությունը հասկանա իրականությունը եւ գնա այդ ճանապարհով։ Ավելի կոնկրետ դետալներ չեմ կարող ասել, հիմա կան առողջ քննարկումներ, որոնց արդյունքները, կարծում եմ, առաջիկայում կդրսեւորվեն։ Ես գնահատում եմ եւ կարեւորում եմ, որ կա այդ քննարկումը եւ համագործակցության անհրաժեշտության գիտակցումը, որովհետեւ դա է միակ ճանապարհը»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով հարցին՝ միայն խորհրդարանական, թե՞ արտախորհրդարանական ձեւաչափով էլ կհամագործակցեն, քանի որ Սամվել Կարապետյանը փողոցային պայքարի դուրս գալու մասին է խոսում, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց․ «Համագործակցության ֆորմատները որոշում է ընդդիմությունը, մենք չենք պատկերացնում սահմանափակ համագործակցություն, բաց ենք, պատրաստ ենք համագործակցության համար բոլոր այն ուժերի հետ, ում գնահատականները համընկնում են եւ ում նպատակը փոփոխությունն է։ Պատասխանեմ իշխող ուժի ներկայացուցիչների հայտարարություններին՝ պատերազմի եռագլուխ դեւը Նիկոլ Փաշինյանը, Էրդողանն ու Ալիեւն են։ Մենք պատերազմի այդ եռագլուխ դեւի հետ համագործակցություն չենք պատկերացնում, մենք պատկերացնում ենք պայքար իրենց դեմ եւ առաջինն այդ դեւի ամենախամաճիկ, ամենակախված գլխի դեմ պայքարն է։ Այս բառապաշարը, որը դուք օգտագործում եք, լավագույնս ցույց են տալիս ձեր վախերը։ Ընտրություններից հետո ի՞նչ է կատարվել ձեզ հետ, հաղթանակ եք տարել, ինչո՞ւ չեք տոնում, ինչո՞ւ եք ավելի հիստերիկ, ավելի ագրեսիվ ու գռեհիկ, եթե անգամ մենակ եք։ Կարո՞ղ է՝ ինչ-որ բան է պատահել, կարո՞ղ է խոստացել էիք սահմանադրական մեծամասնություն, չեք կարողացել ստանալ եւ հիմա չգիտեք՝ ոնց արդարանալ»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































