ԱԺ նստաշրջանում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը բարձրաձայնեց հարցը, թե ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում նիստին։
«Տեսած կլինեք, որ ընդդիմության ներկայացուցիչներն իրենց աջակիցներին այս օրերին ասում են՝ մենք ուզում ենք մանդատ վերցնենք եւ գնանք խորհրդարան, որ չթողնենք իշխանությունն աշխատի, նրանց հարցեր տանք, նեղը գցենք, թթու խոսք ասենք։ Շատ լավ, ո՞ւր է ընդդիմությունը, ո՞ւր է «Հայաստան» դաշինքը, ո՞ւր է «Պատիվ ունեմ»-ը։ Խնդրում եմ՝ ընդդիմությունը թող պատասխանի իրենց աջակիցների այն փոքրիկ մասին, որոնք իրենց առանց փողի են ընտրել՝ ո՞ւր են նրանք, ինչո՞ւ հենց հիմա ինձ ոչ ոք թթու խոսք չի ասում, ո՞ւր են թթու խոսք ասողները»,- ասաց նա։
Ռուբեն Ռուբինյանը հարցրեց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանի․ «Տիկին Ջուլհակյան, խնդրում եմ ասեք՝ ձեր հանձնաժողովի աշխատանքներին ընդդիմադիրները մասնակցե՞լ են վերջերս, թե՞ ոչ»։
Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց․ «Ոչ, վերջին շրջանում մեր ընդդիմադիր գործընկերները չեն մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչը մեր հանձնաժողովի նիստերին երբեւէ չի մասնակցել, բացառությամբ մեկ նիստի, երբ իրենք զեկուցվող նախագիծ ունեին։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ժամանակին մասնակցում էին որոշակի բացթողումներով, բայց վերջին շրջանում չեն մասնակցել»։
Կարդացեք նաև
Ռուբեն Ռուբինյանը նաեւ հարցրեց․ «Ձեր հանձնաժողովի ընդդիմադիր անդամները, որ չեն մասնակցում, գուցե ձեզ են հայտնում՝ իրենք ի՞նչ պատճառով չեն մասնակցում, գուցե քաղաքական բոյկո՞տ են անում։ Լիագումար նիստի վերաբերյալ մեզ ոչ մի բան հայտնի չէ, եթե հայտարարած լինեին, որ բոյկոտում են խորհրդարանի աշխատանքները, կասեինք՝ շատ լավ, քաղաքական բոյկոտ է։ Կամ ասեին՝ ոտներս ենք ջարդել, չգիտեմ՝ նեղացել ենք, գոնե կիմանանք»։
Արուսյակ Ջուլհակյանն ի պատասխան ասաց, որ նախկինում եղել են դեպքեր, երբ, մասնավորապես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը զանգել եւ տեղեկացրել է, որ ի վիճակի չի լինելու մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։ «Բայց այս վերջին շրջանում որեւէ կերպ չեն զգուշացրել։ Ես ինքս փորձում եմ հասկանալ՝ ինչո՞վ է պայմանավորված նրանց բացակայությունը, կարծում եմ՝ եղանակային պատճառներով։ Կարծում եմ՝ շոգ է, եւ չեն ցանկանում աշխատել պարզապես»,- նշեց նա։
Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց․ «Պետք է ասեմ, որ սա աբսուրդ է, փաստորեն Հայաստանի Հանրապետությունը երեւի միակ երկիրն է, որտեղ պատգամավորների մի մասը գործից փախել են։ Սրան ուրիշ անուն հնարավոր չէ տալ։ Քաղաքական բոյկոտ չէ, չեն հայտարարել որեւէ քաղաքական պատճառ, թե ինչու չեն գալիս գործի։ Եվ սա այն մարդիկ են, որ ասում են՝ մենք պետք է վերցնենք մանդատները եւ օր ու արեւ չտանք իշխանությանը։ Այս նոր գումարման Ազգային ժողովում, եթե իրենք պատրաստվում են սենց լինել, ավելի լավ է չվատնեն բյուջեի փողերը։ Իրենք արժանի չեն այն աշխատավարձին, որին ստանում են»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ վստահ է, որ համաշխարհային պառլամենտարիզմի մեջ չի եղել դեպք, երբ ընդդիմությունը չի ներկայացել պառլամենտ։ Քաղաքական բոյկոտի դեպքեր եղել են, բայց այս դեպքում անհասկանալի է, թե ընդդիմությունն ուր է, քանի որ բոյկոտի մասին չի հայտարարել։ «Մարդ չի հասկանում, լավ, էս մարդիկ ո՞ւր են։ Չեն հայտարարել, որ չեն գալու, ուղղակի չեն գալիս գործի այս մարդիկ։ Եվ ես կարծում եմ՝ մեր հանրությունը չպետք է դրան հանգիստ վերաբերվի։ Ինչ մեղքս թաքցնեմ, ես շատ եմ ուզում, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը եւ գա Ազգային ժողով։ Եվ վստահ եմ, որ իմ պես բազմաթիվ մարդիկ 2008 թվականի մարտի մեկի երեկոյան կամ մարտի երկուսի առավոտյան երազել են ունենալ հնարավորություն՝ Ռոբերտ Քոչարյանին հանդիպել առանց թիկնապահների եւ ոստիկանության։ Եվ մենք շուտով այդ հնարավորությունը կստանանք, եւ ես կարծում եմ՝ շատ հետաքրքիր պահեր են սպասվում ԱԺ-ում, սպասում ենք, պարոն Քոչարյան»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ ամբիոնին մոտեցող մյուս ՔՊ-ական պատգամավորներին նույնպես հարցրեց, թե ո՞ւր են ընդդիմադիր պատգամավորները։ Հետո դիմեց անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանին՝ հարցնելով՝ գուցե նա ինչ-որ տեղեկություն ունի ընդդիմադիր պատգամավորներից։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































