«Վեհաժողովը և գործընկեր կազմակերպությունները պետք է վերանայեն ընտրությունների դիտարկման իրենց մոտեցումները։ Համոզված եմ, որ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք նախընտրական ժամանակահատվածին, որովհետև խնդիրները հիմնականում չեն առաջանում քվեարկության օրը, այլ շատ ավելի վաղ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, նույնիսկ ընտրական օրենսդրության մշակման փուլում, ինչպես նաև ընտրություններից հետո։ Դա այժմ տեսնում ենք, օրինակ, Հայաստանում, որտեղ ընտրություններից հետո զարգացումներ են տեղի ունենում՝ ներառյալ բողոքի ակցիաներ և դատարաններում քննվող գործեր։ Կարծում եմ, որ հետընտրական ներկայությունը նույնպես կուժեղացներ մեր աշխատանքը»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեն։
Նշենք, որ մայիսին ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությունը՝ Դամիեն Կոտյեի գլխավորությամբ, այցելել էր Հայաստան։
Նա հայտնեց, որ վերջին շաբաթների ընթացքում իրականացրել են մի շարք ընտրությունների դիտորդություններ, և, ըստ նրա, յուրաքանչյուր դիտարկված դեպքում ականատես են եղել արտաքին միջամտության՝ երբեմն նույնիսկ լայնածավալ, հիբրիդային հարձակումների, ճնշումների՝ երբեմն տնտեսական, երբեմն էլ անգամ ռազմական սպառնալիքների, ինչպես նաև երկրներում լարվածության աճի և հասարակական բևեռացման խորացման տեսքով։
Նաև տեղեկացրեց, որ ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանի ընթացքում կներկայացնի մանրամասն զեկույց ՀՀ-ում կայացած ընտրությունների վերաբերյալ․ «Դեռ վաղ է այդ մասին մանրամասն խոսելու համար, սակայն ուզում եմ մեկ ընդհանուր դիտարկում անել՝ Վեհաժողովը և գործընկեր կազմակերպությունները պետք է վերանայեն և հարմարեցնեն ընտրությունների դիտարկման իրենց մոտեցումները՝ հաշվի առնելով այս իրողությունները»։
Կարդացեք նաև
Դամիեն Կոտյեն հիշեցրեց, որ «Ընտրությունները ճգնաժամի ժամանակներում» վերնագրով բանաձևում ևս այս ամրագրումները կան, որը մի քանի ամիս առաջ Վեհաժողովն ընդունեց։
Ըստ Դամիեն Կոտյեի՝ ընտրությունների դիտարկումը չափազանց արժեքավոր գործիք է, ուստի այն պետք է զարգանա հասարակության, տեխնոլոգիաների և այն սպառնալիքների փոփոխություններին համընթաց, որոնց այսօր բախվում ենք։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն էլ Դամիեն Կոտյեի ելույթից հետո իր հերթին անդրադարձավ ՀՀ-ում կայացած ընտրություններին՝ դրանք որակելով առանձնահատուկ և ակնառու․ «Առաջին պատճառը, տարօրինակ կերպով, երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունների կողմից իրականացված զանգվածային և համակարգված ընտրակաշառքի բաժանման սխեման էր։ Գրեթե ամեն օր Հայաստանի համապատասխան մարմինները հրապարակում էին այս կուսակցությունների անդամների կամ ներկայացուցիչների ձայնագրությունները, որտեղ նրանք խոսում են այն մասին, թե ինչպես են գումար տալիս մարդկանց՝ նրանց ձայները ստանալու համար։ Երկրորդ առանձնահատկությունը ՀՀ իշխող կուսակցության դեմ սկսված զանգվածային ապատեղեկատվական արշավն էր։
Կրկին, գրեթե ամեն օր որոշակի արտասահմանյան երկրներում հրապարակվում էին որոշակի կեղծ լուրեր, որոնք այնուհետև ներմուծվում և տարածվում էին ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների կողմից։ Երրորդ և հիմնական առանձնահատկությունն արտաքին միջամտությունն էր ՀՀ քաղաքականությանը և արտաքին միջամտությունը ՀՀ ընտրություններին։ Նույնիսկ տնտեսական միջոցառումներ են կիրառվել արտերկրից, և այս բոլորը նախատեսված էին ՀՀ ընտրությունների արդյունքի վրա ազդելու համար։
Ի հեճուկս այն բոլոր ձայների գնման սխեմաների, արտաքին միջամտության և ապատեղեկատվական արշավների, ՀՀ ժողովուրդը կատարեց հստակ ընտրություն, և այդ ընտրությունը խաղաղությունն ու ժողովրդավարությունն էր։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն կշարունակի իր ուղին՝ ինստիտուցիոնալացնելով այն խաղաղությունը, որին հասել ենք Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումը և ժողովրդավարական բարեփոխումների շարունակումը։ Բայց նաև պետք է հասկանալ, որ Հայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, պահանջ՝ պատժելու բոլոր նրանց, ովքեր համակարգել և իրականացրել են ձայների գնման այս զանգվածային սխեման։ Մարդիկ պահանջում են արդարադատություն։ Մեր կուսակցությունը պահանջում է արդարադատություն, և արդարադատությունը պետք է լինի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































