Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակել լուսավորչական աշխատանքը

Հունիս 24,2026 14:00 Share

Եվ  չմտնել «պողոսների» եւ «վարդուշների» հետ մանր լեզվակռվի մեջ

Իմ սիրելի հեղինակներից մեկը՝ գերմանացի բողոքական  աստվածաբան Ֆրիդրիխ Շլեյերմախերը, երիտասարդ տարիքում, դեռ 30-ը չբոլորած, կանգնել էր հետեւյալ մարտահրավերի առաջ՝ ինչպես 18-րդ դարի լուսավորչական գաղափարների, ինչպես նաեւ գիտության նվաճումների «համնուհոտը» զգացած մարդկանց դարձի բերել: Այլ կերպ ասած՝ ցույց տալ, ապացուցել, որ կրոնը կարող է կարեւոր դեր խաղալ նոր ժամանակներում, երբ Եվրոպայում եւ, մասնավորապես, իր երկրում, կրթված մարդկանց ուղեղներին տիրացել էին Ֆիխտեի, Շելինգի, Հեգելի «ոչ կրոնական» փիլիսոփայական գաղափարները:

Շլեյերմախերը, բնականաբար, հասկանում էր, որ իր լսարանը կարող են լինել միմիայն կրթված մարդիկ, որովհետեւ, ինչպես ինքն էր գրում, ոչ կրթվածներին պետք են ոչ թե գրքեր, այլ քարոզիչներ: Այդպես ծնվեց աստվածաբանի առաջին հայտնի գիրքը, որը լույս տեսավ 1799 թվականին եւ կոչվում էր «Կրոնի մասին, խոսք՝ ուղղված կրթված մարդկանց, որոնք արհամարհում են կրոնը»:

Այս հոդվածի նպատակը չէ անդրադառնալ Շլեյերմախերի այն, առանց չափազանցության, հերոսական ջանքերին, որոնք ուղղված էին նոր, ազատական ժամանակաշրջանում կրոնի դերի բարձրացմանը: Ուզում եմ միայն արձանագրել. հեղինակը դիմում է որոշակի կրթական ցենզ ունեցող մարդկանց, որոնք իր գաղափարները չեն կիսում, բայց որոշակի հույս կա, որ փաստարկները գոնե կլսվեն:

21-րդ դարը եւ, մասնավորապես, սոցցանցային իրականությունը հիմնովին վերաիմաստավորել է կրթված եւ ոչ կրթված մարդկանց միջեւ սահմանը: Այնպես չէ, որ այդ սահմանն այլեւս գոյություն չունի: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ երկու դար առաջ չկրթված մարդիկ ընդունում էին իրենց չկրթված լինելը: Գերմանացիների ճնշող մեծամասնությունը Շլեյերմախերի (ինչպես եւ Ֆիխտեի, Շելինգի ու մնացածների) գրքերը, բնականաբար, չէր կարդացել: Բայց այդ ճնշող մեծամասնությունը չէր էլ հավակնում դատողություններ անել այդ գրքերի մասին: Կամ՝ Քյոնիգսբերգի որեւէ բնակչի մտքով չէր անցնի նամակ գրել Կանտին եւ ապացուցել, որ նրա փիլիսոփայությունը սխալ է այն պատճառով, որ փիլիսոփայի հասակը 157 սանտիմետր է: Իրավիճակի փոփոխությունը 21-րդ դարում բերել է բազմաթիվ հետեւանքներ, որոնցից ամենակարեւորն, իմ կարծիքով, այն է, որ կրթված մարդկանց միջեւ երկխոսությունը «խլացվում է» չկրթված մեծամասնության աղմուկով:

Ենթադրենք, միջազգային հարաբերությունների երկու փայլուն մասնագետներ բանավիճում են TRIPP-ի մասին. մեկն այդ նախագծում տեսնում է հրաշալի հնարավորություններ, մյուսը՝ լուրջ վտանգներ: Տեսականորեն հնարավոր է, որ այդ բանավեճը տեղի ունենա զուսպ եւ հարգալից երանգներով: Բայց, եթե այն հեռարձակվում է որեւէ սոցցանցային հարթակում, ապա այդ բարձր ինտելեկտուալ բանավեճն արժեզրկվում է դրա մասին մեկնաբանություններով: Ենթադրենք, 20 հոգի, որոնք, ըստ էության, միայն TRIPP-ի անունն են լսել, որոշում են իրենց «հեղինակավոր» կարծիքը հայտնեն. 10-ը գրում է, որ X-ը «ռսաստրուկ» է, իսկ մյուս 10 -ը՝ որ Y-ը «ծախվել է թուրքերին»: Վերջացավ՝ բանավեճն այլեւս գոյություն չունի՝ այն կկորի, կսուզվի այդ տեսակի, այդ մակարդակի խոսակցությունների մեջ: Եթե անգամ մեկնաբանությունների բաժինը փակ է, բանավիճողները չեն կարող հաշվի չառնել այդ ֆոնը:

Ո՞րն է ելքը: Ելքն այն է, որ մարդիկ հնարավորինս շատ պետք է իմանան TRIPP-ի մասին: Որքան շատ իմանան, այնքան մեծ է հավանականությունը, որ կվարանեն իրենց կարծիքն ասելու: Կամ՝ այլ օրինակ: Ենթադրենք, ոմն Վարդուշ որեւէ տեսագրության տակ գրում է՝ «ռսի շպիոն»: Իմաստ չկա արդարանալ, որ դուք լրտես չեք, ավելի լավ է հնարավորինս մատչելիորեն բացատրել, թե ինչպես է աշխատում այս կա այն երկրի հետախուզությունը: Կամ՝ եթե լրագրողին ոմն Պողոս ասում է «caxvac», պետք է տեղեկացնել, թե ինչպես է այսօր աշխատում կայացած, սոլիդ մեդիան:

Դուք կասեք՝ այդ բացատրությունները նրանց վրա չեն ազդի: Շատ հնարավոր է: Բայց գուցե ազդեն նրանց երեխաների, թոռների վրա: Մարդկանց կրթելը, լուսավորչական աշխատանքն այլընտրանք չունեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930