«Այս տարվա գարունը 1935 թվականից ի վեր դիտարկված 12-րդ ամենախոնավ գարունն էր։ Տեղումների քանակը կազմել է 260 մմ, ինչը նորմայի 131%-ն է։ Հատկապես առանձնացել է մարտ ամիսը, որը Հայաստանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում եղել է ամենատեղումնառատը… Ինչպես եւ կանխատեսվել էր՝ 2026 թ. գարնանային վարարումների հոսքի ծավալները նորմայից բարձր եղան, եւ այս տարին առավել ջրառատ էր, քան նախորդը: Գարնանային վարարումների հոսքի ծավալները 2026 թ. գետերի մեծ մասում բարձր են եղել նորմայից՝ կազմելով նորմայի 130-150%-ը: Սա թույլ է տվել գրեթե ամբողջությամբ լցնել հանրապետության խոշոր ջրամբարները»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նրա տեղեկացմամբ՝ բարձր լեռնային գոտիներում գրանցվել են ձնածածկույթի ռեկորդային ցուցանիշներ։ Մարտի 28-ին Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում ձյան շերտի բարձրությունը հասել է 324 սմ-ի, որը ռեկորդային ցուցանիշ է այդ կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում։
«Գարնանային վարարումների հոսքի ծավալները հատկապես բարձր էին Հրազդան, Արփա, Վեդի, Ձկնագետ, Որոտան գետերի ավազաններում՝ կազմելով նորմայի մինչեւ 170%, իսկ Արփա գետում այն կազմել է նորմայի մինչեւ 250%»,- ի թիվս այլնի հավելեց Ազիզյանը։
Նա տեղեկացրեց, որ առանձին գետահատվածներում դիտվել են մերձափնյա տարածքների ջրածածկումներ, մասնավորապես՝ Փամբակ, Արփա, Եղեգիս, Ազատ, Մեծամոր, Ողջի գետերի ավազաններում։ «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենը նշեց նաեւ, որ հունիսի 24-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը 1900.73 մետր է կազմում, այն տարվա սկզբի համեմատ բարձրացել է 51 սանտիմետրով, ինչը վերջին 10 տարիների ամենաբարձր ցուցանիշն է։
Կարդացեք նաև
Լևոն Ազիզյանը հավելեց, որ ՊՈԱԿ-ի կողմից դիտարկվող 5 խոշոր ջրամբարներում ջրի գումարային ծավալները կազմում են 826 մլն խորանարդ մետր։
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































