Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան

Հունիս 24,2026 16:52 Share

«Այս օրը՝ ադրբեջանական պատանդառության քաղաքականության 1000-րդ օրը, մենք վերահաստատում ենք մեր կոչը խաղաղության համար՝ իրական խաղաղության, արդար խաղաղության համար։ Խաղաղություն չի կարող լինել, եթե արդարացվում է Ադրբեջանի կողմից պատանդների պահումը, տարածքների օկուպացիան, քրիստոնեական սրբավայրերի ոչնչացումը, որոնցից որոշները թվագրվում են նույնիսկ առաջին դար կամ Արցախի փախստականների՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի ոտնահարումը»,-Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Ըստ նրա՝ կեղծ խաղաղությունն այն է, որը կամրապնդի Ադրբեջանի ցեղասպանական ձեռքբերումները և վերջնականապես կզրկի մարդկանց իրենց հայրենիքից․ «Կեղծ խաղաղությունն այն է, որը կպարգևատրի Ադրբեջանին ամերիկացի հարկատուների միջոցներով։ Հիշեք իմ խոսքերը. եթե մենք շարունակենք զիջումներ անել Ադրբեջանին, ապա կստանանք միայն նոր ճնշումներ, նոր բռնություններ և նոր ագրեսիա։ ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողերի կորստի։ Գինը վճարում են հայերը, մինչդեռ բոլոր օգուտները հասնում են Բաքվին։ Յուրաքանչյուր զիջում և յուրաքանչյուր փոխզիջում հանդիպում է Ադրբեջանի նոր պահանջներին։ Իսկական խաղաղությունը, արդար խաղաղությունը պահանջում է պատասխանատվություն։ Այն պետք է սկսվի հենց այստեղ՝ Վաշինգտոնում, մեր Կոնգրեսում և մեր կառավարության կողմից։

Դա նշանակում է ապահովել արդեն 1000 օր անազատության մեջ պահվող պատանդների անհապաղ ազատ արձակումը, ապահովել ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից, ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը Արցախ՝ միջազգային երաշխիքների և մանդատի ներքո, ապահովել քրիստոնեական սրբավայրերի և հոգևոր ժառանգության պաշտպանությունը, լիարժեքորեն կիրառել Ադրբեջանի նկատմամբ գործող օրենսդրական սահմանափակումներն ու պատժամիջոցները և պաշտպանել ամերիկացի հարկատուներին՝ թույլ չտալով, որ նրանց միջոցները նպաստեն հետապնդումներին և մարդու իրավունքների խախտումներին»։

Արամ Համբարյանն ասաց՝ Բաքուն կասի, որ այս պահանջները խոչընդոտներ են խաղաղության ճանապարհին և միևնույն ժամանակ նկատեց․ «Սակայն իրականությունն այն է, որ դրանք հենց իսկական և կայուն խաղաղության հիմնաքարերն են։ Խաղաղություն, որը հիմնված է արդարության, մարդու իրավունքների և կրոնական ազատության վրա»։

Կոնգրեսում ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930