Սկիզբը՝ այստեղ:
Երբ «վերադարձը» դառնում է քաղաքականություն
«Արեւմտյան Ադրբեջանի» պահանջից մինչեւ ռազմավարություն
Նախորդ տարվա ընթացքում «Զանգեզուրի միջանցքի» եւ «Արեւմտյան Ադրբեջանի» թեմաները աստիճանաբար դարձան Ադրբեջանի պետական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։ Վաշինգտոնում համաձայնություններից հետո Բաքուն զբաղված էր իր օրակարգի միջազգային լեգիտիմացմամբ, քաղաքական բառապաշարի ձեւավորմամբ։ Նկատելի էր, որ Ադրբեջանը փորձում է այդ գաղափարախոսությունը վերածել գործնական քաղաքական պահանջների համակարգի։ Ընդ որում՝ այս գործընթացում ավելի ակնհայտ է դառնում նաեւ պաշտոնական Անկարայի քաղաքական աջակցությունը, որը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը շարունակաբար կապում է Ադրբեջանի պահանջների կատարման հետ։
Կարդացեք նաև
Արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանի ներքաղաքական քննարկումների առանցքային թեմաներից մեկն է դարձել Ադրբեջանից հնչող, այսպես կոչված՝ «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» պահանջը։ Թեման նոր չէր. Ալիեւը դեռեւս նախորդ տարի հայտարարել էր, որ «արեւմտյան ադրբեջանցիների» վերադարձը տարածաշրջանում խաղաղության հաստատման կարեւոր նախապայման է եւ որ այդ հարցը Ադրբեջանի օրակարգից դուրս չի գալու մինչեւ իրականացվի։
Սակայն եթե նախկինում Բաքուն հիմնականում խոսում էր պատմական արդարության եւ վերադարձի իրավունքի մասին, ապա այժմ ավելի հստակ ձեւակերպվում էին քաղաքական ակնկալիքները Հայաստանից։ Ադրբեջանցի պաշտոնյաները բացահայտ սկսեցին խոսել այն մասին, որ Երեւանը պետք է «ապահովի» ադրբեջանցիների վերադարձի պայմանները, անվտանգությունը եւ իրավական հիմքերը։
Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ադրբեջանցիների վերադարձի հարցը երբեք չի եղել եւ այժմ էլ չկա հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում։ Նա այդ թեման որակել էր քաղաքական շահարկում՝ պնդելով, որ իշխանությունների քաղաքականության արդյունքում փակվել է ինչպես Ղարաբաղի հայերի վերադարձի, այնպես էլ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի թեման։
Փաշինյանի հիմնական փաստարկն այն էր, որ երկու հարցերը փոխկապակցված են։ Նրա համոզմամբ՝ երբ որոշ շրջանակներ շարունակում են բարձրացնել Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի հարցը, դրանով փաստացի հնարավորություն են ստեղծում, որպեսզի նույն տրամաբանությամբ Ադրբեջանը բարձրացնի «արեւմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը։
Սակայն այստեղ առաջանում է քաղաքական կարեւոր հակասություն։ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ թեման փակված է, մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն չի համարում այն փակված, այլեւ ամենաբարձր մակարդակով շարունակում է զարգացնել այդ օրակարգը։ Այսինքն, պաշտոնական Երեւանը խոսում է փակված թեմայի մասին, իսկ Բաքուն նույն թեման դարձնում է պետական քաղաքականության առանցքային ուղղություն, օրակարգային խնդիր։
Ուղերձ Երեւանին Օրդուբադից. «Արեւմտյան Ադրբեջանը»՝ Բաքվի պետական ռազմավարություն
Անցյալ շաբաթ Նախիջեւանի Օրդուբադ քաղաքում անցկացվեց «Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան» երրորդ փառատոն-համաժողովը, որը ցույց տվեց, որ Ադրբեջանը «Արեւմտյան Ադրբեջանի» գաղափարը տեղափոխել է նոր մակարդակ։
Միջոցառման առանձնահատկությունն այն էր, որ այն այլեւս չէր կազմակերպվում միայն հասարակական կառույցների կողմից։ Կազմակերպիչների թվում էին՝ Ադրբեջանի նախագահի ներկայացուցչությունը, կրթության եւ գիտության նախարարությունը, պետական համալսարանը եւ «Արեւմտյան Ադրբեջանի համայնքը»։ Այս հանգամանքն ինքնին վկայում է այն մասին, որ թեման ամբողջությամբ ներդրվել է երկրի պետական քաղաքականության համակարգում։
Համաժողովի ընթացքում հնչած հայտարարությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին այդ գործընթացի իրական ուղղությունը։ «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընդունի այդ «իրողությունը» եւ ապահովի ադրբեջանցիների անվտանգ վերադարձը։ Սակայն առավել ուշագրավ էին նրա խոսքերը, համաձայն որոնց՝ եթե Հայաստանը չհամաձայնի այդ գործընթացին, ապա «ցանկացած այլ եղանակով վերադարձն անխուսափելի է»։
Այս ձեւակերպումը փաստացի դուրս է գալիս հումանիտար կամ իրավական հարթությունից, այն պարունակում է հստակ քաղաքական ճնշման տարրեր։
Նույն համաժողովում Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը հայտարարել է, որ «Արեւմտյան Ադրբեջանի» հարցն Իլհամ Ալիեւի կողմից սահմանվել է որպես ազգային օրակարգի կարեւոր ուղղություն։ Միաժամանակ նա կրկին կապել է խաղաղության գործընթացը Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջի հետ՝ ընդգծելով, որ միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել լիարժեք կարգավորման մասին։
Ի դեպ, Օրդուբադի համաժողովից մի քանի օր անց Բաքվում այլ միջոցառում էլ է կազմակերպվել՝ «Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան․ պատմական արդարության եւ մարդու իրավունքների վերականգնում» խորագրով, որտեղ էլ նույն Ազիզ Ալեքբերլին հայտարարել է. «Արեւմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենի բնակավայրեր վերադարձի հարցը պետք է դառնա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացի շրջանակում քննարկվող թեմաներից մեկը»։ Ալեքբերլիի խոսքով՝ «առանց այդ իրավունքի վերականգնման դժվար կլինի խոսել տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ խաղաղության մասին»։ Նա պնդել է, թե Արեւմտյան Ադրբեջանի համայնքը, «հիմնվելով միջազգային իրավունքի վրա, միջազգային կազմակերպություններից եւ համաշխարհային հանրությունից պահանջում է ճանաչել եւ ապահովել այդ մարդկանց իրավունքները»։ «Հայաստանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի տարածաշրջանում ձեւավորված նոր իրողությունները»,- ասել է կազմակերպության ղեկավարը։
Այսպիսով, Օրդուբադի համաժողովը եւ դրան հաջորդող միջոացառումները ցույց տվեցին, որ Ադրբեջանը զուգահեռ առաջ է մղում միանգամից մի քանի պահանջներ եւ սպասում է դրա իրագործմանը Հայաստանի իշխանությունների կողմից։ Դրանք են՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, «արեւմտյան ադրբեջանցիների» վերադարձի թեման եւ հաղորդակցությունների բացման հարցը։ Բոլոր այս թեմաները ներկայացվում են որպես առանձին գործընթացներ, սակայն իրականում միասնական քաղաքական համակարգի մաս են։
Կրթություն, գիտություն, քարոզչություն՝ ձեւավորված օրակարգ
Օրդուբադի համաժողովի կարեւորագույն առանձնահատկություններից մեկը կրթական եւ գիտական ոլորտի ընդգծված ներգրավվածությունն էր։
Ադրբեջանի կրթության եւ գիտության նախարար Էմին Ամրուլաեւը հայտարարել է, որ «Արեւմտյան Ադրբեջանի» թեման դարձել է կրթության եւ գիտության հիմնական ուղղություններից մեկը։ Նրա խոսքով՝ արդեն պատրաստվում են նոր կրթական ռեսուրսներ եւ ուսումնական նյութեր, որոնք պետք է ծառայեն այդ գաղափարի տարածմանը։
Այս հայտարարությունն առանձնահատուկ կարեւորություն ունի, որովհետեւ ցույց է տալիս՝ խոսքը միայն ներկա քաղաքական օրակարգի մասին չէ։ Ադրբեջանը փորձում է ձեւավորել երկարաժամկետ գաղափարախոսություն, որը փոխանցվելու է նաեւ հաջորդ սերունդներին։ Ամրուլաեւը հատուկ ընդգծել է, որ Ղարաբաղ եւ «Արեւելյան Զանգեզուր» վերադարձի գործընթացը ցույց է տվել, որ «պատմական արդարությունը» վաղ թե ուշ հաղթում է։
Այս համեմատությունը պատահական չէ։ Սրանով ակնարկում են, որ Ադրբեջանը «Արեւմտյան Ադրբեջանի» հարցը դիտարկում է նույն գաղափարական տրամաբանության մեջ, որով տարիներ շարունակ ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի հարցը։ Իսկ սրանից նաեւ բխում է, որ Բաքուն «Արեւմտյան Ադրբեջանի» թեման այլեւս չի դիտարկում որպես ժամանակավոր քարոզչական գործիք, այն վերածվում է ազգային ինքնության եւ պետական ռազմավարության բաղադրիչի։
Անկարան եւ Բաքուն շարժվում են մեկ օրակարգով
Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո մեկ այլ կարեւոր հարց է՝ Անկարայի դիրքորոշումը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մի քանի անգամ հայտարարեց, որ Անկարան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն միայն այն դեպքում, երբ ստեղծվեն «անհրաժեշտ պայմաններ»։
Առաջին հայացքից այս ձեւակերպումը կարող է ընկալվել որպես դիվանագիտական ընդհանրական արտահայտություն, սակայն դրա քաղաքական ենթատեքստն առավել քան խորն է ու հստակ։
Ֆիդանը ոչ միայն դրական գնահատեց Նիկոլ Փաշինյանի կառավարության քայլերը, այլեւ բացահայտորեն կապեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հայ-ադրբեջանական գործընթացի հետ։ Նա ընդգծեց, որ հույս ունի՝ Ադրբեջանի «հիմնավոր մտահոգությունների» լուծումից հետո հնարավոր կլինի խաղաղության պայմանագիր ստորագրել։
Փաստացի, Անկարան կրկին հաստատեց այն քաղաքականությունը, որը տարիներ շարունակ վարել է՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դիտարկելով Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում։
Այսինքն, Անկարան հանդես չի գալիս որպես առանձին դերակատար։ Ընդհակառակը, Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացի հնարավորությունը շարունակում է պայմանավորվել Բաքվի օրակարգով։
Նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաեւ Ֆիդանի կողմից ակտիվորեն առաջ մղվող «3+3» ձեւաչափը։ Թեեւ պաշտոնապես այն ներկայացվում է որպես տարածաշրջանային համագործակցության հարթակ, իրականում այդ ձեւաչափը մեծապես արտացոլում է թուրք-ադրբեջանական պատկերացումները Հարավային Կովկասի ապագայի վերաբերյալ։
Բաքվի պահանջների ընդլայնումը եւ Երեւանի պաշտպանողական քաղաքականությունը
Այսպիսով, վերջին ամիսների իրադարձությունները փաստում են, որ Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ մտել է նոր փուլ։
Բաքվի հիմնական նպատակն է միջազգային հարթակներում ձեւավորել «Արեւմտյան Ադրբեջանի» քաղաքական եւ գաղափարական հիմքերը, եւ դա պետական ռազմավարություն է։ Այն ներառում է քաղաքական պահանջներ, կրթական ծրագրեր, գիտական հետազոտություններ, միջազգային քարոզչություն եւ պաշտոնական դիվանագիտություն։
Բաքուն հետեւողականորեն կառուցում է մի համակարգ, որի առանցքում «վերադարձի իրավունքն» է։ Սակայն այդ իրավունքը ներկայացվում է ոչ միայն որպես հումանիտար հարց, այլեւ որպես քաղաքական գործընթաց, որի իրականացումը պետք է ապահովի Հայաստանը։
Միեւնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է խաղաղության պայմանագիրը կապել լրացուցիչ նախապայմանների հետ՝ սկսած Սահմանադրության փոփոխությունից մինչեւ «արեւմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։
Այս ամբողջ գործընթացում կարեւոր դեր ունի Թուրքիան։ Անկարան հրապարակային հայտարարություններով շարունակում է աջակցել Ադրբեջանի մոտեցումներին՝ հայ-թուրքական կարգավորումը կապելով հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքների հետ։
Այդպիսով ձեւավորվում է համադրված թուրք-ադրբեջանական քաղաքական գիծը, որի նպատակն է տարածաշրջանում ձեւավորել նոր քաղաքական իրականություն՝ հիմնված Բաքվի եւ Անկարայի պատկերացումների վրա։
Հայաստանի իշխանություններն այս ֆոնին շարունակում են պնդել, որ «Արեւմտյան Ադրբեջանի» եւ ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է, կամ՝ ընդդիմությանն են մեղադրում այս թեմաները շահարկելու մեջ։
Սակայն իրականությունն այլ է։ Այն հարցը, որը Երեւանը համարում է փակված, Ադրբեջանը պետական մակարդակով զարգացրել ու շարունակում է զարգացնել, ֆինանսավորում է, կրթական ծրագրերի մեջ է ներառում եւ առաջ է մղում միջազգային հարթակներում։
Սա հստակ մարտահրավեր է Հայաստանի համար։
Խնդիրը միայն ադրբեջանական հայտարարություններին արձագանքելը չէ։ Խնդիրն այն է, որ Բաքուն արդեն մի քանի տարի շարունակ ձեւավորում է երկարաժամկետ ռազմավարական օրակարգ, մինչդեռ պաշտոնական Երեւանը անտեսում է այդ փաստը, կամ, լավագույն դեպքում, սահմանափակվում են արձագանքելով։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.06.2026


















































