Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն արհամարհել է Վարչական դատարանի որոշումը, որով պարտավորվում էր կրկնակի քվեարկություն կազմակերպել 2500 ընտրողի համար. Արամ Վարդեւանյան

Հունիս 25,2026 16:55 Share

«Հայաստանում կա՛մ պետք է լուծարել Վարչական դատարանը, որովհետև դրա վճիռները կարող են իրավական նշանակություն չունենալ, կա՛մ էլ պետք է օրենսդրությունը փոխել և ընդունել, որ ԿԸՀ-ն ավելի վերև է կանգնած, քան Վարչական դատարանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ՍԴ-ում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Նրա պնդմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չարաշահել է իր իրավունքները՝ իր նախաձեռնությամբ անվավեր ճանաչելով երկու ընտրատեղամասերի արդյունքները՝ արհամարհելով Վարչական դատարանի որոշումը, որով ԿԸՀ-ն պարտավորվում էր կրկնակի քվեարկություն կազմակերպել 2500 ընտրողի համար։

Արամ Վարդևանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ԿԸՀ-ն տվյալ երկու տեղամասերի արդյունքներն անվավեր է ճանաչել ոչ թե որևէ մի ուժի դիմումի հիման վրա, այլ սեփական նախաձեռնությամբ։ Արամ Վարդևանյանը երկու այլ տեղամասերի՝ 36/6 և 36/11 վերաբերյալ հետաքրքիր տվյալներ բացահայտեց․ ԿԸՀ կայքում հրապարակված ԸԸՀ որոշման մեջ գրված է, որ այդ տեղամասերի հանձնաժողովների երկու անդամ պետք է իրենց կարգավիճակից զրկվեն։ Սակայն ընտրությունների արդյունքներն ամփոփվել են, և ԿԸՀ-ի կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել։ Նման տվյալների մասին փաստերը, ըստ Արամ Վարդևանյանի, բազմաթիվ են։

Արամ Վարդևանյանի գնահատմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իրականում չի հաղթել ընտրություններում, քանի որ չի հաղթահարել «50+1 ձայնային» շեմը, իսկ ներկայիս արդյունքներն արձանագրվել են բացառապես փոքր կուսակցությունների ձայների արհեստական փոշիացման հաշվին։

Նա հույս հայտնեց, որ Սահմանադրական դատարանն անկախություն կդրսևորի և կկայացնի օրինական երեք որոշումներից մեկը՝ ընտրությունների արդյունքների ամբողջական չեղարկում, երկրորդ փուլի նշանակում կամ պատգամավորական մանդատների վերաբաշխում։

Ի դեպ, ՍԴ-ն, ինչպես փոխանցեց Արամ Վարդևանյանը, միջոցներ չի ձեռնարկել «Ուժեղ Հայաստանի» այն դիմումի առնչությամբ, որով խնդրել էին, որպեսզի տեղական ինքնակառավարման բոլոր մարմինները համեմատական տեղեկանքներ ներկայացնեն, թե 2025-ին և 2026-ին որքա՞ն սոցիալական աջակցության, տարբեր տեսակի օգնությունների, բնակչությանը տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրեր են իրականացրել։ Արամ Վարդևանյանը գտնում է, որ ՍԴ-ի կողմից միջոցների չձեռնարկումն ավելի քան խոսուն է։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930