Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության» հռետորաբանության դիմակի ներքո

Հունիս 26,2026 12:00 Share

ՀՀ տարածքային ամբողջականությունը մշտական քննարկման առարկա է

Ալիեւի հաջորդ թիրախը Հայաստանն է

Հայաստան-Ադրբեջան հակամարտության ռազմական փուլից հետո տարածաշրջանում ձեւավորվել է մի նոր քաղաքական իրողություն, որի պայմաններում պաշտոնական Բաքուն մի կողմից հայտարարում է խաղաղության հաստատման, հարաբերությունների կարգավորման եւ ապագային նայելու անհրաժեշտության մասին, սակայն մյուս կողմից շարունակում է պետական մակարդակով առաջ մղել Հայաստանի Հանրապետության նկատմամբ պատմաքաղաքական պահանջների, մեղադրանքների եւ քարոզչական նախաձեռնությունների լայն շրջանակ։

Այս գործընթացները փաստում են, որ Ադրբեջանի քաղաքական օրակարգը չի սահմանափակվում միայն ռազմաճակատում արդյունքների ամրապնդմամբ, այլ ներառում է՝ պատմական հիշողության վերաձեւակերպման, միջազգային հարթակներում նոր օրակարգերի առաջմղման եւ Հայաստանի նկատմամբ լրացուցիչ քաղաքական լծակների ձեւավորման փորձեր։

ԱՄՆ Կոնգրեսում համաժողով, Նախիջեւանում անցկացված «Արեւմտյան Ադրբեջանի ժառանգությունը՝ վերադարձ պատմական արմատներին» փառատոն-համաժողովը, ինչպես նաեւ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթները, վկայում են այն մասին, որ պաշտոնական Բաքուն շարունակում է հետեւողականորեն զարգացնել այն քաղաքական հայեցակարգերը, որոնք դուրս են գալիս խաղաղության մասին հռչակագրերից եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ երկարաժամկետ պահանջատիրական քաղաքականության դրսեւորում են։

«Արեւմտյան Ադրբեջանը»՝ պետական քաղաքականության բաղադրիչ

Վերջին տարիներին Ադրբեջանի պաշտոնական դիսկուրսում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջանի» գաղափարը։ Եթե սկզբնական շրջանում այն ներկայացվում էր որպես խորհրդային տարիներին Հայաստանի տարածքում բնակված ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության նախաձեռնություն, ապա այն աստիճանաբար վերածվեց պետական մակարդակով առաջ մղվող գաղափարախոսության։

Վերջերս Նախիջեւանի Օրդուբադ քաղաքում անցկացված «Արեւմտյան Ադրբեջանի ժառանգությունը՝ վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն-համաժողովը հերթական անգամ ցույց տվեց, որ խոսքը պարզապես մշակութային կամ հիշողության պահպանման ծրագրի մասին չէ։ Միջոցառմանը մասնակցեցին պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք, որոնք քննարկել են «վերադարձի» հարցերը եւ ներկայացրել Հայաստանի տարածքը որպես ադրբեջանական պատմական ժառանգության մաս։

Քաղաքական տեսանկյունից նման միջոցառումների նշանակությունը շատ ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից, այն էլ Ադրբեջանի պարագայում։ Դրանք ձեւավորում են հասարակական ընկալում, ըստ որի՝ Հայաստանի ներկայիս տարածքի նկատմամբ գոյություն ունեն պատմական եւ քաղաքական պահանջներ։ Այս գաղափարախոսության շարունակական տարածումը պետական լրատվամիջոցներով, պաշտոնական ելույթներով եւ միջազգային հարթակներում ներկայացվող նախաձեռնություններով ստեղծում է երկարաժամկետ քաղաքական միջավայր, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը դառնում է մշտական քննարկման առարկա։

Խնդիրը հատկապես մտահոգիչ է այն պատճառով, որ նման քաղաքականությունը չի ներկայացվում որպես ծայրահեղական շրջանակների նախաձեռնություն։ Այն դարձել է պետական հստակ ռազմավարության մաս՝ ներառված պաշտոնական փաստաթղթերում, ելույթներում եւ միջազգային գործունեության շրջանակներում։

Բաքուն նոր օրակարգ է տանում Վաշինգտոն

Օրերս հայտնի դարձավ, որ հունիսի 24-ին ԱՄՆ Կոնգրեսի շենքում նախատեսված է միջազգային համաժողով, որը նվիրված է «Հայաստանի կողմից իրականացված ադրբեջանցիների էթնիկ զտմանը»։

Սա Բաքվի ռազմավարության հերթական դրսեւորումներից մեկն է։

Համաժողովի կազմակերպիչը Բաքվի նախաձեռնող խումբն է, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից եւ վերջին ամիսներին իր գործունեության հիմնական ուղղությունը դարձրել է խորհրդային Հայաստանում բնակված ադրբեջանցիների թեման։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ քննարկվելու են «էթնիկ զտման ենթարկված» ադրբեջանցիների իրավունքները, ինչպես նաեւ նրանց «անվտանգ, կամավոր եւ արժանապատիվ վերադարձի» հարցերը։

Այս նախաձեռնության քաղաքական նշանակությունը չափազանց կարեւոր է։ Այն փաստացի փորձում է միջազգային օրակարգ տեղափոխել մի թեմա, որը կարող է ապագայում վերածվել Հայաստանի նկատմամբ նոր քաղաքական եւ իրավական պահանջների հիմքի։ Եթե նախկինում միջազգային քննարկումների կենտրոնում գտնվում էին արցախահայության իրավունքները, ապա այժմ Ադրբեջանը փորձում է ձեւավորել հակադարձ օրակարգ՝ ներկայացնելով ադրբեջանցիներին որպես պատմական անարդարության զոհեր եւ առաջ քաշելով վերադարձի իրավունքի հարցը։

Սա առանձնահատուկ ուշադրության արժանի հանգամանք է այն պայմաններում, երբ պաշտոնական Բաքուն միաժամանակ հայտարարում է, թե «խաղաղությունը հաստատված է», «հակամարտությունը լուծված» է։ Եթե խաղաղության գործընթացն իսկապես ավարտված է, ապա ինչո՞ւ են միջազգային հարթակներում շարունակվում նոր պահանջների ձեւավորումն ու նոր մեղադրանքների առաջադրումը Հայաստան պետության նկատմամբ։

Այսինքն, մի կողմից Ադրբեջանից խոսում են խաղաղության մասին, սակայն մյուս կողմից ստեղծվում են քաղաքական գործիքներ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի նկատմամբ հետագա ճնշումների համար։

Ալիեւի խոստովանությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ պայքարի իրական նպատակը

Բաքվում Իսլամական զարգացման բանկի տարեկան ժողովի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ ներկայացրեց Ադրբեջանի պաշտոնական նարատիվը Արցախի հակամարտության վերաբերյալ։

Նրա ելույթի առանցքային հատվածներից մեկը վերաբերում էր ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Ալիեւը հայտարարեց, թե Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները, իրականում ցանկացել են պահպանել հայկական վերահսկողությունը նախկին հակամարտության գոտու նկատմամբ եւ կանխել Ադրբեջանի նպատակների իրականացումը։

Այս հայտարարությունը պատահական չէ։ Իրականում Ադրբեջանի իշխանությունները բավական երկար ժամանակ եւ հետեւողականորեն պայքարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջնական լուծարման համար։ Պատճառը միայն այն չէ, որ պատերազմն ավարտված է կամ հակամարտության ռազմական բաղադրիչն այլեւս գոյություն չունի։

Մինսկի խումբը հայկական կողմի համար կարեւոր քաղաքական եւ դիվանագիտական հարթակ էր։ Այն միջազգային ձեւաչափ էր, որի շրջանակներում Արցախի խնդիրը դիտարկվում էր ոչ թե որպես Ադրբեջանի ներքին հարց, այլ որպես միջազգային հակամարտություն, որի լուծման համար անհրաժեշտ էին բանակցություններ, միջնորդություն եւ քաղաքական համաձայնություններ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության պայմաններում պահպանվում էր մի կարեւոր սկզբունք. հակամարտությունը վերջնականապես լուծված չի համարվում, քանի դեռ չեն կարգավորվել դրա բոլոր քաղաքական եւ իրավական բաղադրիչները։ Այդ թվում՝ Արցախի կարգավիճակի, անվտանգության, իրավունքների եւ այլ հիմնարար հարցերը։

Բաքուն նպատակ էր դրել՝ վերացնել հենց այդ քաղաքական ժառանգությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը նշանակում էր, որ միջազգային մակարդակում աստիճանաբար կանհետանա այն հարթակը, որտեղ քննարկվում էր ոչ միայն տարածքային ամբողջականության, այլեւ ինքնորոշման, անվտանգության եւ քաղաքական կարգավորման հարցը։ Հայկական կողմի համար այս ձեւաչափի կորուստը ճակատագրական էր, որովհետեւ վերացավ միջազգային ինստիտուցիոնալ մեխանիզմը, որի միջոցով հնարավոր էր պահել Արցախի հարցը միջազգային օրակարգում։ Փոխարենը Ադրբեջանը փորձում է ամրագրել իր հիմնական թեզը՝ հակամարտությունը վերջնականապես լուծված է, այլեւս քննարկման ենթակա հարցեր գոյություն չունեն։

Հատկանշական է նաեւ, որ Ալիեւը նույն ելույթում կրկին խոսում էր «Խոջալուի ցեղասպանության», «հայկական օկուպացիայի», «մզկիթների ավերման» եւ Ադրբեջանի նկատմամբ իբր կիրառված՝ «անարդար քաղաքականության» մասին։ Այս հայտարարությունները ծառայում են նույն նպատակին՝ ամրապնդել հաղթողի քաղաքական նարատիվը եւ միջազգային հանրությանը ներկայացնել Ադրբեջանին բացառապես զոհի կարգավիճակում։

Միեւնույն ժամանակ Ալիեւի խոսքում առկա էր ակնհայտ հակասություն։ Նա հայտարարում էր, որ Ադրբեջանը «վրեժ է լուծել մարտի դաշտում», որ «պատերազմն ավարտված է» եւ «խաղաղությունն արդեն իրականություն է»։ Սակայն նույն ելույթում նա նաեւ ընդգծում էր, որ Ադրբեջանը «երբեք չի մոռանա հայերի գործողությունները»։

Սա ցույց է տալիս, որ անցյալի հիշողությունը Բաքվի համար ոչ թե փակված էջ է, այլ՝ շարունակաբար օգտագործվող քաղաքական ռեսուրս, որն այժմ լայնորեն կիրառվում է։

Խաղաղության եւ պահանջատիրության միջեւ

Այսօր Ադրբեջանի քաղաքականության մեջ միաժամանակ գոյակցում են երկու զուգահեռ ուղղություններ։ Առաջինը խաղաղության մասին հայտարարություններն են, տնտեսական համագործակցության եւ տարածաշրջանային կայունության վերաբերյալ ուղերձները։ Երկրորդը՝ «Արեւմտյան Ադրբեջանի» թեզը, պատմական պահանջների առաջմղումը, միջազգային հարթակներում նոր մեղադրանքների ներկայացումը եւ Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշման լրացուցիչ գործիքների ձեւավորումը։

Այս երկու ուղղությունների համադրությունը վկայում է այն մասին, որ Բաքուն փորձում է ոչ միայն ամրագրել ռազմական հաղթանակի արդյունքները, այլեւ ձեւավորել հետպատերազմյան քաղաքական իրականություն, որտեղ Հայաստանը մշտապես պետք է գտնվի պաշտպանվող կողմի դիրքում։

«Հաստատված խաղաղություն»՝ նոր պահանջներով

Վաշինգտոնում նախատեսվող համաժողովը, Օրդուբադի միջոցառումը, Ալիեւի հայտարարությունները նույն քաղաքական շղթայի օղակներն են։ Դրանց ընդհանուր նպատակը միջազգային մակարդակում Ադրբեջանի պատմաքաղաքական նարատիվի ամրապնդումն է եւ Հայաստանի նկատմամբ նոր քաղաքական պահանջների լեգիտիմացումը։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը չի սահմանափակվում խաղաղության օրակարգով։ Այն ներառում է նաեւ պատմական վերաիմաստավորման, միջազգային տեղեկատվական պայքարի եւ Հայաստանի նկատմամբ երկարաժամկետ քաղաքական ազդեցության ռազմավարություն։

Այս պայմաններում Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է ոչ միայն արձագանքել առանձին հայտարարություններին, այլ մշակել համապարփակ քաղաքական եւ դիվանագիտական ռազմավարություն, որը կկարողանա հակազդել միջազգային հարթակներում ձեւավորվող նոր օրակարգերին։

Հակառակ դեպքում «Արեւմտյան Ադրբեջանի» թեզը, «վերադարձի» պահանջները եւ պատմական մեղադրանքների ուժգնացող ալիքը կարող են աստիճանաբար վերածվել քաղաքական գործիքների, որոնց միջոցով կշարունակվի ճնշումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ նույնիսկ այն պայմաններում, երբ հայտարարվում է, թե՝ «խաղաղություն է հաստատվել»։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել