Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները ճնշումները մեծացնելու են ՀՀ-ում գործող այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ կամ ռուսական ազդեցության գոտում են գտնվում։
«Լիպարիտ Դրմեյանի հետ կապած ակնհայտ ցուցում էր իրավապահ մարմիններին, որի իրավունքը վարչապետը չունի։ Իրավապահ մարմինները պետք է փորձեն հնարավորինս անկախ լինել, և եթե կա դիմում, միայն դրանից հետո գնան, զբաղվեն։ Ինչ վերաբերում է Նարեկ Կարապետյանի տան խուզարկութանը, ապա «Ուժեղ Հայաստանը» ճնշումների ներքո է լինելու, և ոչ միայն այդ կուսակցությունը, այլև բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ կամ ռուսական ազդեցության գոտում են գտնվում»,-«Առավոտի» փաստմանը՝ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ սկսվել են ճնշումներ. ուժայինները մտել էին ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ էին անցկացնում, Նիկոլ Փաշինյանի կողմից միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի դեմ հաղորդում ներկայացնելու մասին հայտարարություններ հնչեցին և հարցին՝ ինչո՞ւ է Փաշինյանն այսպես հետևողականորեն փորձում ճնշել ընդդիմախոսներին, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
Նրա կարծիքով՝ ճնշումներն ավելի են սրվելու. «Նախկինում, երբ շատերի գործունեության վրա աչք էր փակվում, քանի որ հայ-ռուսական հարաբերւթյուններում այսպես լուրջ ճգնաժամ չկար, հիմա իրավիճակը փոխվել է։ Անդրանիկ Թևանյանի ձերբակալությունը, Արեգնազ Մանուկյանը, Գագիկ Ծառուկյանն այդ ծիրի և տրամաբանության ներքո են։ Այս գործընթացները ապագայում ևս շարունակվելու են»։
Հստակեցմանը՝ նկատի ունեք՝ ՀՀ իշխող ուժն Արևմուտքի կողմի՞ց է ստացել կանաչ լույս, որ նման ճնշումներ կիրառի, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Արևմուտքի կողմից չի ստացել։ Ես դեռ 2023-ից նշում եմ, որ ՀՀ-ն փոխելու է իր արտաքին քաղաքականության վեկտորը, և այն հարաբերությունները, որ ՌԴ-ի հետ եղել են, այլևս չեն լինելու։ Ռուսաստանի ազդեցության թուլացում է լինելու ՀՀ-ում։ Արցախի հետ տեղի ունեցած իրադարձություններից հետո այժմ մենք տեսնում ենք, որ գործընթացն այդ ուղղությամբ է գնում։ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ի վրա բոլոր առումներով՝ տնտեսական, քաղաքական, ռազմական, թուլացվելու է»։
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ թեև այլընտրանքային արտաքին քաղաքականություն վարելու մասին հայտարարություններ կան, բայց այլընտրանքը չկա, քանի որ փաստացի ՀՀ-ն չի դիմել ԵՄ-ին անդամակցության կարգավիճակի համար և հարցին՝ ինչի՞ն են սպասում ՀՀ իշխանությունները, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Քանի որ ՀՀ կախվածությունը ՌԴ-ից չափից ավելի մեծ էր, Հայաստանը կտրուկ քայլերի չի գնալու, այլ անելու է քայլ առ քայլ, որ ՌԴ-ի կողմից պատասխան հակաքայլերը որքան հնարավոր է՝ քիչ ցավոտ լինեն։ Գիտենք, որ ՀՀ-ն բազմաթիվ թելերով կապված և կախված է Ռուսաստանից։ Եթե ՀՀ-ն կտրուկ քայլեր անի, դա բերելու է կտրուկ հակաքայլերի՝ չնայած տեսնում ենք, որ նույնիսկ այս դեպքում ՌԴ-ն արդեն գնացել է տնտեսական շանտաժի և պատժամիջոցների։ Այս գիծը, քաղաքականությունը շարունակվելու է։ Կարծում եմ՝ ինչ-որ փուլում ՀՀ-ն ավելի կոնկրետ կխոսի ԵՄ անդամակցության մասին»։
Հետաքրքվեցինք՝ մո՞տ է այդ ժամանակը, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ մեկ-երկու տարվա հարց է, որ ՀՀ-ն ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանա։ Ամեն ինչ գնում է նրան, որ Հայաստանն ընդհանրապես ԵԱՏՄ-ից դուրս գա, այդ դեպքում արդեն որևէ խոչընդոտ չի լինի ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու և թեկնածուի կարգավիճակ ստանալու համար»։
Մեր այն դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին խոսում է այն մասին, որ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կազմաքանդված է, չի աշխատում։ Նա ասում է նաեւ, որ հայկական գյուղմթերքի արտահանման հարցը չլուծելու դեպքում կլինի ԵԱՏՄ վերջի սկիզբը։ Բայց, երբ նրան հարցնում են՝ արդյոք Հայաստանը դուրս կգա՞ ԵԱՏՄ-ից, Փաշինյանը հայտարարում է, որ չունի այդպիսի պլան և հարցին՝ եթե կոնկրետ պլան չունի, այդ դեպքում Փաշինյանն ինչո՞ւ է այդպիսի հայտարարություններ անում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Փաշինյանը Ռուսաստանին հասկացնում է, որ եթե այսպես շարունակվի, ՀՀ-ն դուրս կգա նաև ԵԱՏՄ-ից։ Այս պահին կարծես թե շախմատային խաղատախտակի վրա դիրքային պայքար է գնում, թե ով առաջինը կանի այդ քայլը։ Լարված վիճակ է ինչպես հայ-ռուսական, այնպես էլ Պուտին-Փաշինյան անձնական հարաբերություններում։ Ինչ-որ փուլում կողմերն արդեն կանցնեն ավելի կտրուկ քայլերի։ Հիմա նաև փորձարկում են միմյանց համբերությունը։ Կարծում եմ՝ առաջիկա երկու տարիների ընթացքում ՀՀ-ն դուրս է գալու ԵԱՏՄ-ից և ԵՄ-ին անդամակցության հայտ է ներկայացնելու և կարգավիճակ է ստանալու, որովհետև ԵԱՏՄ-ն մինչև հիմա մի առավելություն ունի, որ ՀՀ-ին տնտեսական առումով օգուտներ է տալիս։ Բայց եթե սահմանները փակվում են, հայկական շատ ապրանքների մուտքը դեպի Ռուսաստան արգելվում է, ապա ԵԱՏՄ-ին միանալու իմաստ էլ չկա։ Նախկինում իշխանություններն ասում էին՝ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, որովհետև իր պարտականությունները չի կատարել, բայց ԵԱՏՄ-ի մասով ասում էին՝ խնդիր չունենք, կմնանք»։
Մեր այն փաստմանը՝ բայց ՀԱՊԿ-ից էլ դուրս չենք եկել, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Դա էլ է ապագայում լինելու։ Կիսաքայլերով, կամաց- կամաց ավելի հեռանում ենք այդ կառույցներից։ Երբ տեսնում ենք, որ ԵԱՏՄ-ն էլ է սկսել իրեն չարդարացնել, կարծում եմ՝ ինչ-որ մի փուլում նաև ՀՀ-ն դուրս է գալու ԵԱՏՄ-ից, եթե ՌԴ-ն չփոխի իր վերաբերմունքն ու քաղաքականությունը և խնդիրներ չստեղծի։ Իմ անձնական կարծիքն է, որ առաջիկա տարիներին ՀՀ-ն դուրս է գալու նաև ԵԱՏՄ-ից»։
Ըստ Արմեն Վարդանյանի՝ այս պահին ՀՀ-ն սկսել է հեռանալ ՌԴ-ից բոլոր առումներով։ Ըստ նրա՝ դա սկսել է 2023-ից, և այժմ արդեն տեսանելի է. «Կարծում եմ, որ այս անջրպետը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապագայում ավելի է խորանալու։ ՌԴ-ն չի համակերպվում նաև ՀՀ-ի կորստի հետ։ Ուզում են, որ ՀՀ-ն մնա իրենց ազդեցության գոտում, բայց այն բանից հետո, երբ Արցախը լրիվ հայաթափվեց և էթնիկ զտում տեղի ունեցավ, և դա եղավ ՌԴ-ի իշխանությունների թողտվությամբ, ՀՀ-ն այլևս զիջումների չի գնալու։ Եթե Արցախի մյուս հատվածը մինչև այժմ մնացած լիներ, վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանը կտրուկ շրջադարձ թեկուզ քայլ առ քայլ դեպի Արևմուտք չէր անելու։ Նա փորձելու էր ավելի չեզոք գտնվել ՌԴ-ի նկատմամբ, բայց այն պատճառով, որ ՌԴ-ն նաև այդ հարցում չցանկացավ ՀՀ-ին օգնել և իր պարտավորությունները չկատարեց, ՀՀ-ն արդեն 2023-ից հետո որոշում կայացրեց գնալ ՌԴ-ից դիստանցավորման, և դա դրսևորվեց ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում, հետո սկսվեց նաև ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը, մի շարք երկրների հետ ռազմավարական համագործակցության պայմանագրերի ստորագրումը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.08.2026


















































