ՄԻՊ Անահիտ Մանասյանը, անդրադառնալով համատարած կալանավորումներին, նշել է, որ կալանքից բացի այլ խափանման միջոցներ էլ պետք է կիրառվեն, եւ շեշտել է իր մասնակցությունը 2 գործով կալանքի վերացմանը` Արտուր Օսիպյանի եւ Դավիթ Մինասյանի: Բայց Հայաստանում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ` Անդրանիկ Թեւանյան, Ավետիք Չալաբյան, Ալիկ Ալեքսանյան, Խաչիկ Գալստյան, Արթուր Ավանեսյան, Արթուր Սարգսյան, Արմեն Աշոտյան եւ այլք, ոչ մեկի մասին նա չի խոսում, անդրադառնում է այլ հարցերի՝ հաշմանդամների իրավունքներին, ատելության խոսքին` անշառ թեմաների:
ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն ասում է. «Արդեն ինչքան ժամանակ է՝ նշվում է, որ ՄԻՊ-ը, ժողովրդական լեզվով ասած, կեսբերան է անդրադառնում կարեւոր հարցերին, բայց դա թուլացնում է թե՛ այդ հաստատության դերը, թե՛ Հայաստանի Հանրապետության իմիջը: Ես չեմ խոսում Եվրամիության կամ Եվրոպական խորհրդի նման թունավորված քաղաքական մարմինների մասին, խոսում եմ այն մասին, որ միջազգային հանրության մեջ կան այնպիսի հաստատություններ, որոնք այս երեւույթներն անպայմանորեն դատապարտում են: Ես կարող եմ բերել Արման Թաթոյանի ՄԻՊ եղած ժամանակաշրջանի օրինակը: Այն ժամանակ Հայաստանն առաջնային հորիզոնականներ էր զբաղեցնում: Թաթոյանը խոսում էր կոռեկտ իրավաբանական լեզվով, խոսում էր Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին, մասնավորապես` Արցախի հայերի: Այսօր փաստացի ունենք շատ ավելի վտանգավոր ու վատ իրավիճակ, ՄԻՊ-ի ավելորդ զսպվածությունն ու մեղմ անդրադարձները վնասում են առաջին հերթին իշխանություններին: Մատնանշում է Արտուր Օսիպյանի հետ տեղի ունեցած գռեհիկ, տհաճ դեպքը, դե, ինչպես ասում են, շնորհավորում եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին, որ գոնե այդ հարցին համարձակություն է ունեցել անդրադառնալու: ՄԻՊ-ը բավականին շատ աշխատանք ունի կատարելու, մարդու իրավունքների պաշտպանն ու իր թիմը պարտավոր են անդրադառնալ մի շարք կարեւոր հարցերի»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































