Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պատմության մեջ այսպիսի գործ չի քննվել. միշտ վիճարկվել է աշխարհի գավաթը. Արամ Օրբելյան

Հունիս 27,2026 13:22 Share

ԲՀԿ ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և Արամ Օրբելյանը ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով նիստի ժամանակ ներկայացրին իրենց դիրքորոշումը, կեղծիքներն ու խախտումները։

Մասնավորապես, ի թիվս այլնի, Վահե Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչպես է գործել իշխող ուժը՝ թոշակների բարձրացում և վարչական ռեսուրսի կիրառում, ընդդիմադիր գործիչների թիրախավորում, վարչական ռեսուրսի չարաշահում և քարոզչություն։ ՔՊ-ի քարոզարշավն ուղեկցվել է դրոնների շոուներով, որոնք իրականացրել է «Դոմինո Փրոդաքշնը»։

Երևանի Հանրապետության հրապարակում Երիտասարդության օրվան նվիրված պետական/համայնքային միջոցառումը ևս կազմակերպվել է նույն ընկերության կողմից, որի ժամանակ դրոններով պատկերվել են սիմվոլներ, որոնք ուղղակիորեն ասոցացվել են ՔՊ-ի հետ։ Ընդդիմադիր գործիչները հետապնդվել են ենթադրյալ «բարեգործության արգելքի խախտման» հիմքերով, մինչդեռ Թալինի և Մարտունու ՔՊ-ական համայնքապետերի կողմից ընտրությունների շրջանում խոշոր սոցիալական հատկացումներ են արվել (օրինակ՝ Թալինում շուրջ 11 միլիոն դրամ, որից 8 միլիոնը՝ շրջանավարտների՝ Վրաստան ուղևորության համար), ինչը դատախազության կողմից հանցակազմ չի դիտարկվել։ Ընտրություններում կիրառված քվեարկության ծրարները եղել են ակնհայտ թափանցիկ, ինչը թույլ է տվել երրորդ անձանց տեսնել, թե ում է ընտրել քաղաքացին։

Արամ Օրբելյանը պատկերավոր ներկայացրեց իր ասելիքը. «Գործընկերս ներկայացրեց մի իրավիճակ, երբ բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են ֆուտբոլ խաղալ, եկել են աշխարհի չեմպիոնատ, դուրս եկել դաշտ, բայց պարզվեց, որ դիմացի կողմն ասել է՝ դա այդքան էլ ֆուտբոլ չէ, սա ամերիկյան ֆուտբոլ է, ես բերել եմ մարդիկ, որոնք սաղավարտներով են ու ձեզ ծեծելու են: Ասում ենք՝ բայց մենք գնդակը ոտքով ենք պարապել խաղալ, ասում են՝ չէ, նման բան չկա, ձեռքով: Ասում են՝ կլինի՞ մենք էլ ձեռքով խաղանք, ասում են՝ չէ, ձեռքով խաղալու դեպքում տուգանային ենք ուղարկելու… այ սա է տեղի ունեցել: Բոլոր թիմերը պատրաստվել են ֆուտբոլ խաղալու, եկել են ֆուտբոլի աշխարհի առաջնության, պարզվել է, որ միայն մեկ թիմ ֆուտբոլ ասելով՝ նկատի ունի ամերիկյան ֆուտբոլ, վերցնում է գնդակը, վազում է, ու հենց մեկն ընկնում է գետնին, բոլորով պառկում ենք վրան»։

 

Օրբելյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում նման գործ չի եղել։ Նրա ձևակերպմամբ. «Միշտ խաղարկվել է աշխարհի չեմպիոնի գավաթը, միշտ գավաթի խաղարկություն է վիճարկվել այստեղ, մենք հիմա, ի հավելումն նրան, որ կանոններն ամբողջությամբ խախտված են, վիճարկում ենք փոքր բրոնզ»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նիստն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել