Արմեն Վարդանյանը՝ Մոսկվայում Փաշինյանին սպասո՞ւմ են, թե՝ ոչ հարցի առիթով
Բաքվում պահվող հայ ռազմագերիների՝ ազատ արձակման հետ կապված բավարար ճնշումներին վերաբերող հարցի առիթով էլ ասաց․ «Երկու եզրակացություն կարող ենք անել՝ կամ ամերիկյան վարչակազմի ճնշումները թույլ են, իմիջիայլոց, ոչ շատ ուժեղ, ինչպես Իրանի կամ մյուս հարցերում, կամ էլ Ալիևի վարչակազմն այնքան իրեն ուժեղ է զգում, որ կարող է նաև մերժել ամերիկյան կողմին։
«Ակնհայտ է, որ Ռուսաստանի սրտով չէ Փաշինյանի ընտրվելը։ Այն, որ ՌԴ-ն մինչ այժմ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, սա ցույց է տալիս, որ պաշտոնական Մոսկվայի խաղաքարտերը խառնվել են․ իրենք այլ խաղացողների վրա էին խաղադրույք կատարում, ինչը կյանքի չկոչվեց»,- «Առավոտի» փաստմանը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր՝ ընտրվելուց հետո մեկնելու է Մոսկվա խնդիրների լուծման համար, սակայն այժմ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնում է, որ Փաշինյանի այցի հետ կապված հստակություն չկա և հարցին՝ փոփոխություննե՞ր են եղել պլաններում, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
Նա նկատեց՝ սովորաբար ՌԴ-ն ՀՀ ղեկավարների ընտրությունից հետո առաջին շնորհավորողներից է եղել՝ նույնիսկ խնդրահարույց դեպքերից հետո, բայց այս դեպքում մինչ այժմ պաշտոնական Մոսկվան չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին։ Ըստ նրա՝ դա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի՝ երրորդ ժամկետում ընտրվելն այնքան էլ ՌԴ սրտով չէ։
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ զարգացումներ եք ակնկալում, հնարավո՞ր է իրավիճակի ավելի սրում, առավել ևս, որ օրեր առաջ Մարիա Զախարովան զգուշացրեց՝ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր, որ ՀԱՊԿ և ԵԱՏՄ մարմիններում ինքը բարձրաստիճան պաշտոն է զբաղեցնում և իր ձայնը որոշիչ է, Արմեն Վարդանյանը պատասխանեց․ «Վստահ եմ, որ ՀՀ-ն շարունակում է այն ուղին, որ վերջին տարիներին ընթանում է՝ մերձեցում Արևմուտքի հետ, որովհետև դեռ 2023-2024-ին ասել եմ, որ ՀՀ-ն փոխելու է իր արտաքին քաղաքականության պարադիգմը, և այժմ այն արտաքին քաղաքականությունը, որ վարվել է տասնամյակներ շարունակ, չի լինելու, դա, բնականաբար, ՌԴ-ի սրտով չէ։ Այն, որ տնտեսական պատժամիջոցներ են սահմանվում ՀՀ-ի նկատմամբ, հիբրիդային պատերազմի տարբեր ձևերով փորձում են ճնշում գործադրել ՀՀ-ի վրա, սա ցույց է տալիս, որ ՀՀ-ի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը ՌԴ-ի սրտով չէ։ Բայց ես կարծում եմ և վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ռազմավարական որոշում է կայացրել, և դա կապված էր 2021-2023 -ի իրադարձությունների հետ, երբ ՌԴ-ն ոչ միայն մեզ՝ որպես դաշնակից չաջակցեց, այլև թիկունքից բազմիցս հարվածելով՝ նպաստեց ՀՀ-ի վրա ադրբեջանական ագրեսիային, 2023-ի Արցախի էթնիկ զտմանը»։
Մեր փաստմանը՝ թեև ՀՀ իշխանություններն ուզում են ժամանակ շահել աշխարհաքաղաքական կուրսի հարցում կոնկրետ ընտրություն կատարելու առումով, օրերս Մարիա Զախարովան հայտարարեց, թե Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը ցանկանում են, որ Հայաստանը որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵԱՏՄ-ին և Եվրամիությանը անդամակցելու վերաբերյալ, բայց միևնույն ժամանակ ԵՄ-ում գործընթացներն արագ չեն ընթանում, Արմեն Վարդանյանը պատասխանեց․ «Դրա համար էլ Փաշինյանը չի ուզում այս փուլում դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից՝ հաշվի առնելով այն ռիսկերն ու վտանգները, որոնց այդ քայլերը կարող են հանգեցնել։ Դրա համար փորձում է քայլ առ քայլ անել, ամեն փուլում ամեն քայլ անելուց հետո ավելի ամրապնդել իր թիկունքը և հետո հաջորդ քայլն անել, քանի որ միանգամից կտրուկ շրջադարձն արտաքին քաղաքականության մեջ բերելու է լուրջ հակաքայլերի, որոնց ՀՀ-ն պատրաստ չէ։ Սա նաև ցույց է տվել Վրաստանի պատմությունը, երբ Սահակաշվիլին կտրուկ շրջադարձ կատարեց արտաքին քաղաքականության մեջ, տեսել ենք, թե ինչպես Մոսկվան փորձեց հակազդել դրան, մինչև անգամ պատերազմ վարեց Վրաստանի դեմ։ Հիմա ՀՀ-ն դրա համար էլ փորձում է քայլ առ քայլ անել»։
Ըստ Արմեն Վարդանյանի՝ ԵՄ-ն էլ առաջիկա օրերին կհայտարարի ՀՀ-ին ավելի մեծ ֆինանսական օգնություն հատկացնելու մասին, կբացի շուկան ՀՀ մթերք արտադրողների համար։ Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է կարծում՝ ի վերջո հիմա Մոսկվայում Փաշինյանին սպասո՞ւմ են, թե՝ ոչ, նա պատասխանեց․ «Դա հարաբերական է։ Ակնհայտ է՝ ուզեն-չուզեն պետք է հարաբերվեն Փաշինյանի հետ։ Նույնիսկ, եթե չշնորհավորեն, դա ոչ մի բան չի փոխելու։ Նախ քաղաքակիրթ աշխարհն ընդունում է Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը և երկրորդ, եթե տեսականորեն չշնորհավորեն Նիկոլ Փաշինյանին, դա ոչ մի հետևանք էլ չի ունենալու, մանավանդ տեսնում ենք, որ ՀՀ-ում հետընտրական զարգացումներ չեն գեներացվում, և նաև Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հետքայլ անել»։
Արմեն Վարդանյանի հետ զրույցում փաստեցինք՝ ԱՄՆ կոնգրեսականները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին օրենսդրական փոփոխության առաջարկություն են ներկայացրել, որով պաշտոնապես դատապարտվում է Ադրբեջանի շարունակվող անարդարությունը և կոչ արվում Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Բաքվում պահվող հայ բանտարկյալներին և հետաքրքրվեցինք՝ այս ճնշման արդյունքում հնարավոր կլինի՞ առաջիկայում հասնել նրանց ազատ արձակմանը, նա պատասխանեց․ «Եթե Կոնգրեսի որոշումներն օրենքի, գործնական քայլերի չվերածվեն, Ադրբեջանը տեղի չի տա։ Իսկ եթե Կոնգրեսը ստիպի նաև կառավարությանը, Սպիտակ տանն այս քայլերով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, դա հնարավոր է արդյունք տա։ Եթե ճնշումը մեծացնեն կառավարության վրա, ԱՄՆ կառավարությունը կարող է գնալ այդ քայլերին։ Իսկ եթե թույլ լինի ճնշումը, կարծում եմ՝ դա լուրջ հետևանքներ չի ունենա։ Այս պահին չեմ տեսնում այն լույսը, թելը, որը կարող է բերել Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանը, և կարծես թե ԱՄՆ վարչակազմն էլ այս հարցում լուրջ ճնշումներ չի գործադրում։ Ջեյ դի Վենսը հայտարարեց, որ Բաքվում բարձրացնելու է հայ գերիների հարցը, տեսանք, որ դա արդյունք չտվեց։ Երկու եզրակացություն կարող ենք անել՝ կամ ամերիկյան վարչակազմի ճնշումները թույլ են, իմիջիայլոց, ոչ շատ ուժեղ, ինչպես Իրանի կամ մյուս հարցերում, կամ էլ Ալիևի վարչակազմն այնքան իրեն ուժեղ է զգում, որ կարող է նաև մերժել ամերիկյան կողմին։ Իմ կարծիքով՝ ամերիկյան կողմը շատ մեծ ճնշումներ չի գործադրում։ Իհարկե, հարցը բարձրացնում են, Ադրբեջանը ինչ-ինչ փաստարկներ է անում, որոնցով փափուկ բարձ է դնում Ադրբեջանի գլխի տակ և թույլ տալիս հարցը փակել։ Իրականում այսօր միակ երկիրը, որը կարող է Ադրբեջանի վրա ճնշում գործադրել այս հարցում, միայն ԱՄՆ-ն է, հարցն այն է, թե ԱՄՆ-ն որքան լրջորեն կներգրավվի Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու հարցում։ Եթե շատ լուրջ ճնշումներ գործադրի, վստահ եմ, որ Ադրբեջանը տեղի կտա»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.06.2026


















































