Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակառուսական տրամադրություններ գեներացնող Փաշինյանը ինչպե՞ս է բացատրում իր զանգը Միշուստինին»․ քաղաքագետ

Հուլիս 01,2026 23:13 Share

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօր հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցին, որի ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական, գիտական և տեխնոլոգիական ոլորտներին առնչվող հարցեր, համոզմունք հայտնեց, որ մեկ հեռախոսազրույցով, այն էլ՝ ՌԴ վարչապետի, այլ ոչ թե նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տնտեսական հարցեր կարգավորելը ծիծաղելի է։

Ըստ նրա՝ ԱԺ ընտրությունների ընթացքում հակառուսական տրամադրություններ ստեղծել, իսկ հետագայում փորձել հարցեր կարգավորել, բարոյական չէ։

«Հայաստանը, լինելով ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ, ինչպես նաև Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը շնորհավորանք չի ստացել Պուտինից, մինչև հիմա Ռուսաստանի Դաշնությունը չի շնորհավորել նրա քաղաքական ուժին հաղթանակի կապակցությամբ։

Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, կողմնակիցները, նրան սպասարկողները իրենց թույլ են տալիս բազմաթիվ վիրավորանքներ Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև ռուսամետ կողմնորոշում ունեցող Հայաստանի քաղաքացիների հասցեին, նրանց «ռուսաստրուկներ» են անվանում։

Նույն Նիկոլը ընտրություններից հետո բացահայտ հետապնդում է սկսել այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք ռուսամետ կողմնորոշում ունեն։ Սամվել Կարապետյանի հնարավորությունները վաղուց էր սահմանափակել, իսկ այժմ բացահայտ խոսում է նաև Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի մասին։

Ամենավերջին վիրավորանքներն են հնչեցնում ՌԴ-ի հասցեին, ու հանկարծ տեսնում ենք, որ այդ հակառուսական տրամադրություններ գեներացնող և դիտավորյալ տարածող անձը զանգահարում է Ռուսաստանի Դաշնության վարչապետին։

Լավ, հիմա իրեն սպասարկողները այս ստրկամտությունը, քծնանքը ռուսների նկատմամբ չե՞ն տեսնում։ Պուտինը նրան արհամարհում է, իսկ ինքը զանգում է նրա կառավարության ղեկավարին ու սկսում է հայ-ռուսական հարաբերություններ քննարկել, երբ բոլորս էլ լավ գիտենք, որ այդ հարաբերությունները շատ ցածր մակարդակի վրա են, և, ըստ ռուսական մամուլի, սպասվում է պատժամիջոցների երկրորդ փուլը։

Առաջինը բոլորս տեսել ենք․ գյուղատնտեսական ապրանքների և սննդամթերքի արտահանումը Ռուսաստան գրեթե դադարեցված է։

Ըստ ռուսական մամուլի՝ սպասվում է երկրորդ փուլը, իսկ ռուսական մամուլը պատահական բաներ չի գրում։ Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանն իր ընտրազանգվածին, որի շրջանում ընտրությունների ընթացքում այսքան հակառուսական տրամադրություններ գեներացրեց, հիմա ինչպե՞ս է բացատրելու իր զանգը Միշուստինին։ Խնդիրը հենց սա է, սա հարցի բարոյական կողմն է»,- ասում է քաղաքագետը։

Գագիկ Համբարյանը հարցնում է․

«Հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյան, ինչի՞ ես զանգել Միշուստինին։ Ռուսական մամուլը տարածում է լուրեր, որ Պուտինը չի էլ արձագանքել Նիկոլ Փաշինյանին, ճիշտ չի համարել նրան արձագանքելը։ Խնդիրը հենց բարոյական կողմի մեջ է։ Փչացնում է հայ-ռուսական հարաբերությունները, ծանր դրության մեջ է դնում հայ արտադրողին, բայց ինքը քծնում է ռուսին»։

Գագիկ Համբարյանը նշում է, որ մեկ զանգով տնտեսական հարցեր կարգավորելը ծիծաղելի է, քանի որ «Ռոսսելխոզնադզորը» Պուտինի ձեռքում համապատասխան պետություններին պատժելու գործիք, «մահակ» է։

«Կարող է Մոլդովան ինչ-որ բաներ անի Ռուսաստանի դեմ։ Ճիշտ է՝ ծանր կնստի իր վրա, բայց Մոլդովան ունի Ռումինիայի նման եղբայր, եվրոպական պետություն, չեմ ասի՝ հարուստ, բայց եղբայրական երկիր, ունի նաև Ուկրաինայի նման հարևան, որոնք կարող են ինչ-որ ձևաչափով փոխհատուցել մոլդովացիների կորուստները։ Բայց մենք ի՞նչ ունենք այս տարածաշրջանում։ Ասենք՝ 100 արկղ ծիրան են ուղարկում Սինգապուր, հրճվո՞ւմ են դրա վրա, 5500 հատ վարդ են ուղարկում Լատվիա, հրճվո՞ւմ են դրա վրա։

Ասում են՝ մեկ շաբաթվա ընթացքում մոտ 500 հազար ծաղիկ են արտահանել Հայաստանից։ Թող մի հատ վիճակագրական տվյալները հրապարակեն, թե մինչև Ռուսաստանի կողմից այս պատժամիջոցների կիրառումը քանի միլիոն ծաղիկ էր օրական դուրս գալիս Հայաստանից, ոչ թե շաբաթվա ընթացքում մոտ 500 հազար, այլ քանի միլիոն ծաղիկ էր մեկ օրվա ընթացքում կամ քանի հարյուր միլիոն ծաղիկ էր մեկ շաբաթվա ընթացքում դուրս գալիս Հայաստանից»,- ասում է Գագիկ Համբարյանը։

Ըստ նրա՝ հայ հասարակությանը համոզում են, թե մենք կարող ենք նույն քայլերը ձեռնարկել, ինչ արեցին մոլդովացիներն ու վրացիները, մինչդեռ մենք այս տարածաշրջանում գոյաբանական խնդիր ունենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031