«Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում վերանայում նախատեսող օրինագծերով ներդրվում է բնակության ցենզ՝ ընտրությանը, քվեարկությանը մասնակցելու իրավունքի իրացման համար»,-ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պնդելով, որ այս փոփոխությունների համար կար հանրային պահանջ։
Նա վստահեցրեց՝ այս նախագծով կիրացվի ժողովրդի իշխանությունը և կերաշխավորվի այն քաղաքացիների մասնակցությունը ընտրություններին, որոնց կապը պետության հետ ունի իրական բնույթ ու բովանդակություն։
Արփինե Սարգսյանն ասաց, որ նպատակահարմար է այս նախագիծը ԱԺ-ն քննարկի 24-ժամյա ռեժիմով։
Նաև առաջարկեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների երեք նախագծերը քննարկել այժմ, քանի որ այն ներառում է պատգամավորի երդման նոր տեքստի հաստատումը և այլ փոփոխություններ։
Կարդացեք նաև
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտահոգություն հայտնեց․ «Կան մի շարք նախագծեր, որոնք ըստ ներկայացված տվյալների՝ շրջանառության մեջ են դրվել մի քանի օր առաջ։ Մեր կարգավորումների համաձայն՝ այս նախագծերը պետք է անցնեին հանրային քննարկման փուլ՝ մասնավորապես խոսքը վերաբերում է ԸՕ-ում և Հանրաքվեի մասին օրենքում փոփոխությունների նախագծին։ Սա ուղղակիորեն առնչվում է քաղաքացու հիմնական քաղաքական իրավունքին և այն պահանջում է նաև միջազգային լավագույն փորձի ներկայացում՝ այդ թվում Վենետիկի հանձնաժողովի տեսակետի ներկայացմամբ։ Արդյոք պահպանվա՞ծ են այս ընթացակարգերը։ Կարևորը հանրային քննարկման փուլն է, ինչպե՞ս է համարվում, որ նախագիծն անցել է հանրային քննարկման փուլ, երբ բազմաթիվ ՀԿ-ներ, մենք, քաղաքացիները տեղյակ չենք եղել այս կարգավորումից»։
ԱԺ արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































