«Չեն լինում ժողովրդավար երկրներ, որոնցում 50-ից ավելի քաղբանտարկյալներ են լինում։ Ընդ որում, այս թիվը մինչեւ ընտրարշավի մեկնարկն էր։ Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր գովաբանում էր իր կարծիքով ժողովրդավարություն, որտեղ մինչեւ ընտրարշավը կար 50-ից ավելի քաղբանտարկյալ։ Տիկին ֆոն դեր Լայենն այլ տարբերակ չունի, քան ընդունելու, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, այն պարզ պատճառով, որ նա ներկայացված է Եվրոպայի ժողովրդական կուսակցության կողմից։ Իսկ ԵԺԿ-ն ընդունել է բանաձեւ, որում հստակ ասվում է, որ Արմեն Աշոտյանը եւ մյուս քաղբանտարկյալներն ունեն քաղբանտարկյալի կարգավիճակ եւ պիտի անհապաղ ազատ արձակվեն, եւ պահպանվի իրենց արդարության իրավունքը։ Այնպես որ, անկախ այն երգերից, որոնք այսօր կերգվեն այս շենքում կամ այլ ասուլիսների ժամանակ, Եվրոպայի իշխող կուսակցությունը՝ ԵԺԿ-ն ընդունել եւ պաշտոնապես բանաձեւով ճանաչել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ»,- այսօրվա բողոքի ցույցի ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ ամենաաբսուրդն այն է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն ինչ անում են, որ դառնան ԵԺԿ անդամ․ «Այսինքն՝ Փաշինյանը հիմա անում է ամեն ինչ, որպեսզի դառնա մի կառույցի անդամ, որն ընդունում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ»։
Անդրադառնալով հարցին, որ հենց այս փուլում է Ուրսուլա ֆոն դեր Լայենն այցելել Հայաստան ու հայտարարություններ անում, Մամիջանյանն ասաց․ «Դեռեւս Սահմանադրական դատարանի չկայացրած որոշման պարագայում գալ ու գովերգել ընտրություններ, որոնց պարագայում ուղղակի մեկ որոշմամբ մեկ քաղաքական ուժ արհեստական կերպով դուրս թողնվեց խորհրդարանից, որպեսզի Փաշինյանն ունենա 3/5-րդ, ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք գնալ։ Ես զարմանում եմ, որ նման բաներ ասող պաշտոնյաների քիթը չի երկարում, որովհետեւ սուտ ասելուն էլ ձեւ կա, էլի»։
Կարդացեք նաև
Հայկ Մամիջանյանն ասաց, որ այն, ինչ արվում է Հայաստանի հետ, որեւէ առնչություն չունի ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ եւ բացառապես ծառայում է Հայաստանի շահերի հետ կապ չունեցող աշխարհաքաղաքական շահերի սպասարկմանը։ «Սա այն է, ինչ Փաշինյանն անում է Հայաստանի հետ՝ Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական խաղերի, բախումների թատերաբեմ։ Սա որեւէ լավ արդյունքի բերել չի կարող, եւ աշխարհում չկա մի երկիր, պատմության մեջ չի եղել մի երկիր, որը որոշի իրեն, իր տարածքը, իր շահերը դարձնել աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ ու դրանից շահած լինի»,- նշեց Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Փաշինյանին ասաց՝ «արա, ինչ ուզում ես, մենք դրա համար քեզ նույնիսկ կօգնենք»։ «Դրա հաջորդ արարը մենք տեսնում ենք հիմա Ազգային ժողովում, որտեղ ՀՀ քաղաքացիների մի շոշափելի հատվածի ուղղակի զրկում են ընտրության իրավունքից, ուղղակի զրկում են ՀՀ ապագան որոշելու իրավունքից»,- հավելեց նա։
Հայկ Մամիջանյանի խոսքով՝ թե Ուրսուլա ֆոն դեր Լայենը, թե եվրոպացի այլ պաշտոնյաները շատ լավ գիտեն, թե Հայաստանում ինչ է տեղի ունենում, այսինքն՝ չիմանալու մասին խոսք լինել չի կարող։ «Այստեղ խնդիրն այլ է՝ իրենք փորձում են դրա մասին չխոսել։ Բայց մենք տեսնենք այն դինամիկան, որը կա՝ միջազգային կառույցների զեկույցները, այսինքն՝ արդեն Հայաստանում այն մասշտաբների են հասել իրավախախտումները, մարդու իրավունքների ոտնահարումները, որ իրենք չեն կարողանում որեւէ կերպ չանդրադառնալ։ Իրենք այսպիսի ձեւակերպումներ են ընտրում «տեղի են ունենում իրադարձություններ, որոնք մեկնաբանվում են որպես մարդու իրավունքների խախտումներ, չարաշահվում է մինչդատական կալանքը՝ որպես պատժի միջոց»։ Այսինքն՝ նույնիսկ եվրոպական կառույցներն այլեւս չեն կարողանում կոծկել Փաշինյանի հանցագործությունները»,- նշեց նա։
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի եվրոպական կառույցներից՝ Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Անկախ նրանից՝ արձագանք կլինի, ինչ ակնկալիք ունենք այս կամ այն կառույցից, մենք պարտավոր ենք ամբողջ գործիքակազմն օգտագործել, որպեսզի ստիպենք աշխարհին, ստիպենք Եվրոպային խոսել Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մասին»։
Հայկ Մամիջանյանի խոսքով՝ եվրոպացի պաշտոնյաները Փաշինյանին ասում են հետեւյալը՝ «մենք գիտենք, որ դու քո երկրում թույլ ես, գիտենք, որ ՀՀ ամեն երրորդ քաղաքացի ոչ թե դեմ է քեզ, այլ համարում է քեզ դավաճան, բայց մի անհանգստացիր, մենք քո համար ինչ կարող ենք, կանենք»։
Անդրադառնալով ՀՀԿ խորհրդի անդամ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու միջնորդությանը, որը դատարանն այսօր է քննարկելու, Հայկ Մամիջանյանն ասաց․ «Ակնկալիքների մասին, թե Արմենի դատական գործով, թե մեր մյուս պայքարի ընկերների պարագայում, եկեք ես չբարձրաձայնեմ։ Բայց այն մարդիկ, ովքեր հիմա ազատության մեջ են, իրենք բոլորը պայքարում դրել են ամենաթանկը՝ ազատությունը։ Ամեն օր, անազատության մեջ գտնվելով, իրենք պայքարում են նրա համար, որ մենք Հայաստանում դեռ իրավունք ունենք ոստիկանական մի քանի շերտ պատնեշներով, կառավարության շենքից հեռացված, բարձրաձայնել Հայաստանում անարդարությունները։ Եթե իրենք ամեն օր անազատության մեջ պայքարում են, մենք պարտավոր ենք ազատության մեջ գտնվելով՝ մեր բաժին պայքարն իրականացնել»։
Նա նշեց, որ քաղբանտարկյալների իրավունքների համար պետք է պայքարեն բոլորը՝ անկախ քաղաքական հայացքներից։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարները՝ «Հայաքվեի»



















































