Լրահոս
Օրվա լրահոսը

Նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան

Հուլիս 02,2026 21:12 Share

«Քննարկման և փակ քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու ընտրվեց Արուսյակ Մանավազյանը»,– այսօր ՔՊ վարչության նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողի հարցին, թե արդյոք խմբակցության ղեկավարի թեկնածություն առաջադրած Արթուր Հովհաննիսյանը նիստի ավարտից առաջ նեղացած հեռացա՞վ, Փաշինյանը պատասխանեց. «Օրակարգում ուրիշ հարցեր էլ ունեինք, մյուս հարցերն էինք քննարկում»։

Հարցին, թե քանի ձայն է ստացել Հովհաննիսյանը, Փաշինյանն ասաց, որ դժվարանում է պատասխանել. «Էական չէ, չեմ հիշում»։

Լրագրողի դիտարկմանը, թե կան խոսակցություններ, որ քննարկումների վրա ազդում է հենց Փաշինյանի կարծիքն ու խոսքը, վարչապետն արձագանքեց. «Բացառված է։ Ես որևէ թեկնածության վերաբերյալ որևէ տեղ որևէ կարծիք չեմ հայտնել։ Քննարկումներին էլ չեմ մասնակցել, լսողի դերում եմ եղել»։

Նա նշեց, որ թեկնածություններ առաջադրողները նույնպես իրեն նախապես չեն տեղեկացնում, և ինքը առանձին տեղեկատվություն չի ունեցել։

«Բացի ակնհայտ դեպքերից։ Օրինակ՝ ակնհայտ էր, որ Ալեն Սիմոնյանը որպես ԱԺ նախագահի թեկնածու առաջադրվելու է։ Այլ որևէ թեկնածության վերաբերյալ ինձ հետ նախապես որևէ քննարկում չի եղել»,– ասաց Փաշինյանը։

Հարցին, թե իրեն գոհացնո՞ւմ է ձևավորված կազմը, Փաշինյանը պատասխանեց, որ բոլորն իր թիմակիցներն են և իր քաղաքական պայքարի ընկերները։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հնարավոր հետագա պաշտոնավարման հարցին՝ վարչապետն ասաց. «Նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր։ Դա նոր իրավիճակ է, կքննարկենք, կհասկանանք»։

Հարցին, թե առաջիկայում նախատեսվո՞ւմ են մարզպետների պաշտոնանկություններ, Փաշինյանը պատասխանեց. «Լրացուցիչ կքննարկվի»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել