«Մեծ հավանականություն կա, որ «Ուժեղ Հայաստանը» գալու է և «Հայաստան» դաշինքի նիշն է վերցնելու՝ «դավաճան», «թրքամոլ», «թրքաբարո» և այլն։ Տեսանք՝ «Հայաստան» խմբակցության հետ ինչ տեղի ունեցավ՝ առավել քան կրկնակի կրճատվեց նրանց ստացած քվեների թիվը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի ՔՊ-ի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը՝ հիշեցնելով, որ դեռ 2021-ին էր քաղաքական ուժերին խորհուրդ տվել՝ զերծ մնալ նման բառապաշարից, քանի որ դա «չի ազդում մարդկանց վրա, մարդիկ վաղուց գնահատականը տվել են՝ ով է դավաճանը, ով է օտարամոլը»։
Հիմա, ըստ նրա, ընտրությունը «Ուժեղ Հայաստանինն» է. «Եթե իրենք ուզում են շարունակել, իրենք կկրակեն իրենց իսկ ոտքին»։
«Ուղիղ նպատակն է՝ ՀՀ-ին ապահովագրել այն իրավիճակից, երբ արտերկրում ընտրակաշառք կբաժանվի և այդպիսով կփորձեն ազդել ՀՀ-ում ընտրությունների վրա։ Այս ընտրությունները ցույց տվեցին, որ նման վտանգ կա»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով ԸՕ-ում ընտրական իրավունքին վերաբերող փոփոխությունների նախաձեռնությանը։
Հստակեցնող հարցին՝ արդյոք մասշտաբներն այնպիսիք էին, որ իրական վտանգ էին ներկայացնում, Ռուբինյանը մանրամասնեց, որ խնդիրը մասշտաբների մեջ չէ, այլ երևույթի, որը կա և սպառնալիք է։ Իսկ հակասահմանադրականության մասին հարցերին էլ պատասխանեց՝ ՍԴ-ն կորոշի։ Նա չի համարում, որ այսպիսով սահմանափակվում է քաղաքացու ընտրելու իրավունքը։
Կարդացեք նաև
Մեկ այլ հարցի, թե ինչպես են Սահմանադրության փոփոխություն իրականացնելու, քանի որ չունեն սահմանադրական մեծամասնություն, պատասխանեց. «Կքննարկենք՝ կորոշենք»։
ՍԴ-ում ընտրությունների վիճարկման մասին հարցին էլ պատասխանեց՝ անկախ ամեն ինչից ինքը համոզված է՝ ընտրություններն արդար են անցել։ Առհասարակ, ինքը գտնում է, որ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները հանցագործություն են արել ՀՀ-ի հանդեպ՝ փորձելով պետությունը դնել «օտարերկրյա ազդեցության տակ»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































