Վաշինգտոն – Ամերիկայի hայկական համագումարը (Համագումար) հայտնեց, որ կոնգրեսականներ Մայք Լոուլերի (հանրապետական, Նյու Յորք) և Բրեդ Շերմանի (դեմոկրատ, Կալիֆոռնիա) կողմից նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված երկկուսակցական նամակով ԱՄՆ վարչակազմին կոչ է արվում արգելել F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային։
«Մեր լավագույն գործընկերների նկատմամբ նախագահ Էրդողանի շարունակական ագրեսիայի և մեր հակառակորդների հետ նրա խնդրահարույց պաշտպանական գործընկերության պայմաններում մեր երկրի շահերից չի բխում նրանց F-35-ներ վաճառելը», – հայտարարեցին կոնգրեսականները։
Նամակում հետագիծը տարվում է դեպի Թուրքիային F-35 ծրագրից հեռացնելու ակունքները՝ նշելով, որ 2019թ․-ին, չնայած ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների բազմաթիվ նախազգուշացումներին, Էրդողանը ձեռք բերեց ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համակարգը՝ դեռևս ծրագրի գործընկեր լինելով։ Սա Թրամփի վարչակազմին դրդեց Թուրքիային պաշտոնապես հեռացնել ծրագրից, իսկ Կոնգրեսին՝ ամրագրել F-35-ների մատակարարման սահմանափակումները՝ 2020թ․-ի ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության լիազորման ակտի միջոցով։
Նամակում հայտարարվում է, որ այդ ժամանակվանից ի վեր Էրդողանը «միայն ավելի է թշնամացել ԱՄՆ-ի և մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցների նկատմամբ»՝ մատնանշելով Թուրքիայի շարունակական ռազմական ներկայությունը Հյուսիսային Կիպրոսում, Հունաստանի նկատմամբ ագրեսիան, Իսրայելի դեմ ուղղված հռետորաբանությունը և Իրանի հետ երկկողմ հարաբերությունները։
Կարդացեք նաև
Նամակն ավարտվում է 2019թ․-ի արգելքը պահպանելու կոչով. «հակառակ դեպքում ցանկացած գործողություն սխալ ուղերձ կհղի նախագահ Էրդողանին և մեր դաշնակիցներին ու գործընկերներին՝ թե՛ Եվրոպայում, թե՛ Մերձավոր Արևելքում»։
Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի առջև վերջերս տված վկայությունում Մերձավոր Արևելքի ֆորումի քաղաքականության վերլուծության տնօրեն Մայքլ Ռուբինը զգուշացրեց, որ F-35-ների վերաընդունման Թուրքիայի ջանքերը «արտոնություն կտան Թուրքիայի սեփական պաշտպանական արդյունաբերությանը Ամերիկայի նկատմամբ», պնդելով, որ Էրդողանին F-35-ներով զինելը պարգև կլինի այն կառավարության համար, որի տարածաշրջանային վարքագիծը հակասում է ԱՄՆ շահերին։
«Ամերիկայի hայկական համագումարը կտրականապես դեմ է Թուրքիային F-35-ների վաճառքին», – ասաց Ամերիկայի hայկական համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։
«Ամերիկայի ամենաառաջադեմ պաշտպանական հարթակներից մեկը Թուրքիային տրամադրելով՝ պարգևատրվում է մի կառավարության, որը բազմիցս ապակայունացրել է տարածաշրջանը և աջակցել է Ադրբեջանի ագրեսիային հայերի դեմ։ Այս վաճառքը սխալ ուղերձ կհղի այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները պետք է առաջ մղեն հաշվետվողականությունը և խաղաղությունը Հարավային Կովկասում։
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
Ամերիկայի հայկական համագումար


















































