«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը ՍԴ ներկայացված իր դիմումում ամրագրել է․ «Պահանջ՝ ՍԴ-ին անվավեր ճանաչել ԿԸՀ 2026 թվականի հունիսի 14-ի N259-Ա որոշմամբ արձանագրված ընտրության արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը»։
Այս առիթով պարզաբանվում է․ «ՀՀ ԿԸՀ-ի կողմից 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու հանգամանքը թերևս հիմնավորվում և գնահատվում է իրավաչափ, սակայն գտնում ենք, որ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուն զուգահեռ պետք է նաև սահմանվեր մանդատների բաշխման կարգ»։
Այն պնդումներին, թե քանի դեռ քրեական վարույթներն ավարտված չեն, ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունն իր դիմումում ներկայացրել է հետևյալ հիմնավորումը․ «Այդ մոտեցումն անհիմն է։ Սահմանադրական դատարանը չի հաստատում քրեական մեղավորություն, այլ գնահատում է ընտրությունների սահմանադրական լեգիտիմությունը։ Քրեական վարույթների անավարտությունը չի կարող կասեցնել կամ չեզոքացնել ընտրությունների սահմանադրական վերահսկողությունը»։
Դիմումում ներկայացված փաստական տվյալների զգալի մասը հիմնված է ՀՀ գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի և ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական տեղեկությունների, քրեական վարույթների շրջանակներում ձեռք բերված տվյալների, պաշտոնական հաղորդագրությունների, իրավական գնահատականների վրա։ Տասնյակ էջերով մեջբերված են այս գերատեսչությունների հաղորդագրությունները՝ հղումներով։
Կարդացեք նաև
Դիմումատուները պնդում են, որ ընտրակաշառքի այն բոլոր դեպքերը, որոնք արձանագրված են այս կառույցների հաղորդագրություններում, ազդել են ընդհանուր ընտրական միջավայրի վրա։ Կուսակցության դիմումում ամրագրված է․ «Սույն գործով ներկայացված պաշտոնական տվյալները վկայում են, որ ընտրակաշառքի և ընտրողների նյութական շահագրգռման դեպքերը չեն ունեցել միայն տեղային կամ մեկուսացված բնույթ։ Դրանք դրսևորվել են բազմաստիճան սխեմաներով՝ ընտրողների հավաքագրում, ցուցակագրում, վճարումների քողարկում, ֆինանսական հոսքերի միջնորդավորում և այլն։ Նման պայմաններում խախտվում է Սահմանադրության 7-րդ հոդվածի բուն էությունը, որովհետև ընտրողն այլևս հանդես չի գալիս՝ որպես ինքնիշխան կամքի ազատ կրող, դառնում է կազմակերպված նյութական և սոցիալական ազդեցության օբյեկտ»։
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության դիմումում ներկայացված է նաև այն պնդումը, որ ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքների պարզ թվաբանական ամփոփող մարմին չէ․ «Այն ընտրական գործընթացի օրինականությունը, ընտրական իրավունքի պաշտպանությունը և ընտրությունների արդյունքի նկատմամբ հանրային վստահությունն ապահովող սահմանադրական նշանակության մարմին է։ Իրավապահ մարմինների կողմից հրապարակված պաշտոնական տեղեկություններից ակնհայտ է, որ արձանագրված ընտրական հանցագործությունները չեն սահմանափակվել առանձին տեղամասերով կամ առանձին համայնքներով։
Ընդհակառակը, հրապարակված տվյալների համաձայն՝ ընտրակաշառքի, ընտրողների նյութական շահագրգռման, ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու և ընտրական գործընթացի վրա ապօրինի ազդեցության դեպքերն արձանագրվել են ՀՀ տարբեր մարզերում և համայնքներում։ Նման պայմաններում ԿԸՀ-ն պարտավոր էր իրավական գնահատական տալ այդ հանգամանքներին և քննարկել ընտրությունների անվավերության հարցը։ ԿԸՀ-ն փաստացի հրաժարվել է իրականացնել ընտրությունների օրինականության վերաբերյալ իր գնահատողական պարտականությունը և հանդես է եկել՝ որպես արդյունքները մեխանիկական հաշվարկող մարմին, ինչը հակասում է Սահմանադրության 2-րդ և 7-րդ հոդվածների պահանջներին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































