Լրահոս
Օրվա լրահոսը

«Արժեք ստեղծող մարդուն դժվար է բոմժ դարձնելը, բայց բոմժի կարգավիճակում շատ հնարավոր է հայտնվեն մի քանի տասնյակ հազար մարդիկ, որոնք հալալ քրտինքով աշխատում էին Գագիկ Ծառուկյանի կազմակերպություններում». Սուրեն Սուրենյանց

Հուլիս 07,2026 19:11 Share

«Նիկոլ Փաշինյանը երկիրը վերածել է ոչ թե դատարանի, այլ համակենտրոնացման ճամբարի, որովհետև միայն համակենտրոնացման ճամբարում մարդը չի կարող առանց «կլյուչնիկների» կամ բանտապետի թույլտվության երկրի սահմանը հատել։ Մինչև ձերբակալությունները մենք դա էլ տեսանք, չէ՞, երբ լրիվ ապօրինի թույլ չտվեցին նույն Գագիկ Ծառուկյանին կամ Ռոբերտ Քոչարյանին՝ հատել սահմանը», – ասաց քաղաքագետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը՝ «Հայելի» ակումբում անդրադառնալով երեկվանից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր թափով սկսված հետապնդումներին։

«Բոմժի մասով կասեմ։ Իրականում արդյունք, արժեք ստեղծող մարդուն դժվար է բոմժ դարձնելը, բայց բոմժի կարգավիճակում, ցավոք սրտի, շատ հնարավոր է հայտնվեն մի քանի տասնյակ հազար մարդիկ, որոնք իրենց քրտինքով, աշխատավարձով աշխատում էին։ Միայն երեկվա խուզարկությունների հետևանքով, օրինակ, 7-8 հազար մարդ այս պահին հարկադիր պարապուրդի մեջ է։ Մարդիկ չգիտեն էլ, թե երբ է վերականգնվելու իրենց աշխատանքը։

Եթե ցեմենտի գործարանը երեք օր այս վիճակում գտնվեց, Հայաստանում շինարարությունը կանգնելու է։ Կոնկրետ դրա տնտեսական ազդեցությունը բյուջեի վրա չեմ կարող ստույգ ասել, բայց ցեմենտը, երեկ մասնագետների, նաև այդ ձեռնարկության պատասխանատուների հետ եմ խոսել, եթե երեք օր կանգնում է, Հայաստանում շինարարության ծավալների էական կրճատում է տեղի ունենում։ Այն էլ ասեմ, որ ցեմենտի գործարանի աշխատանքը դադարեցրել են ոչ պատշաճ կարգով։ Հրահանգ է տրվել՝ անմիջապես կանգնեցնել, և կարող է էկոլոգիական աղետ առաջանալ։ Կամ էլ սարքավորումները կարող են շարքից դուրս եկած լինել։ Կերևա, երբ վերագործարկեն։

Երկրորդը՝ հումանիտար մի շատ կարևոր խնդրի մասին։ Օրինակ, Օլիմպավանում եղել են օտար երկիր ներկայացնող մարզիկներ։ Ու պատկերացրեք՝ եկել, այդ մարզիկներին դուրս են հանել, թե խուզարկություն է։ Կամ չտեսնված, չլսված բան է՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքում գրասենյակը կապարակնքված է։ Դա էլ հո բիզնե՞ս չի։ Դա Միջազգային օլիմպիական կոմիտեի լիարժեք անդամ կազմակերպություն է, որն, ըստ էության, զբաղված է հայկական սպորտի ղեկավարմամբ։ Այնտեղի համակարգիչներն են տարել։ Հիմա միջազգային մրցումներ կան։ Պատկերացնո՞ւմ եք, ՀԱՕԿ-ում կա միջազգային բոլոր գործընկերների հետ կապվող կապի բաժին։ Պատկերացնո՞ւմ եք՝ հիմա ինչ է լինելու։

Այս ամենը սկսվել է 2018 թվականից։ Օրինակ, ես հիշում եմ՝ ինչ էին անում ինձ, երբ այն տարիներին պաշտպանության տակ առա գեներալ Մանվել Գրիգորյանին։ Ընդ որում, չէի ասում՝ գեներալ Մանվելը հրեշտակ է, չէի ասում՝ ինքը կարող է որևէ բան սխալ արած չլիներ։ Ես ասում էի՝ հայրենիքի առջև նման ծառայություններ ունեցող մարդուն նման ձևով նվաստացնելը անթույլատրելի է։ Ասում էի, որ հայրենիքի համար հարյուր անգամ վիրավորում ստացած մարդուն չի կարելի կալանքի տանել։ Եթե նույնիսկ կա խնդիր, կարող են քննությունը տանել, բայց այդ մարդը դրսում լինի։

Նույն պատմությունն է։ Հիշո՞ւմ եք, այդ մարդու հանգստյան գոտի էլ էին մտել, ցուցադրական բաներ էին նկարում։ Ես այն ժամանակ գրել եմ, որ ցանկացած ջոկատի հրամանատար գիտի, որ «պայոկ» կոչվածը դիրքեր գնալուց վերցնում են, հետո ջոկատի հետ գալուց դա հետ չի վերադարձվում՝ մարդը դա էլ չի կարող օգտագործել։ Եվ գեներալ Մանվելին սարքել էին «տուշոնկի գող»։

Հիմա Ծառուկյանին են բռնել։ Գիտե՞ք, ամեն մարդ ունի իր նախասիրությունները։ Մեկը ֆուտբոլ նայել է սիրում, մեկը՝ կենդանի պահել։ Հիմա բռնել են այդ առյուծին։ Դա մատնում է իր հոգեբանական վիճակը։ Առյուծի մասին հայտնի հայտարարությունից ինքը շատ վիրավորվել է երևի։ Դա հոգով թույլ մարդու կեցվածք է», – ասաց Սուրեն Սուրենյանցը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել