Լրահոս
Օրվա լրահոսը

Նախքան կենդանուն թմրեցնող նյութեր ներարկելու հրահանգ տալը չի ապահովվել պատշաճ քննություն՝ պարզելու՝ կենդանու օրգանիզմը կդիմանա՞ դրան. Զարուհի Փոստանջյանը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել

Հուլիս 08,2026 11:42 Share

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ
ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ԴԻՄՈՂ` ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱՆՔԻ ՄԱՍԻՆ

(Քննիչի գործողություններում հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ)

Սույնով հայտնում եմ, որ 06.07.2026 թվականին ՀՀ Քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ իրականացվել է Գագիկ Ծառուկյանի առանձնատանը գտնվող կենդանիների առգրավման և տեղափոխման գործընթացը Երևանի կենդանաբանական այգի։

Առգրավման գործողության ընթացքում կենդանիներին ներարկվել է քնեցնող/թմրեցնող դեղորայք, ինչից հետո առյուծներից մեկը` էգ առյուծը տեղափոխվել է կենդանաբանական այգի և այդպես էլ չարթնանալով՝ անկել է։ Կենդանաբանական այգու պաշտոնական հայտարարության համաձայն՝ կենդանին ունեցել է բազմաթիվ տարիքային և ուղեկցող հիվանդություններ (լյարդի, սրտի, թոքերի ախտահարում)։

Գտնում եմ, որ քննիչի գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ՝ հետևյալ հիմնավորմամբ.

  1. Կենդանու կյանքի և անվտանգության անտեսում.

Քննիչը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պարտավոր էր ապահովել քննչական գործողության անվտանգությունը։ Նախքան տարեց և խնամքի տակ գտնվող կենդանուն թմրեցնող նյութեր ներարկելու և նրան իր բնականոն միջավայրից տեղափոխելու հրահանգ տալը, քննիչը չի ապահովել պատշաճ կենդանաբուժական նախնական քննություն՝ պարզելու համար, թե արդյոք կենդանու օրգանիզմը կդիմանա նման միջամտությանը։

  1. ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի խախտում.

Չնայած կենդանու ծանր առողջական վիճակին, նրա նկատմամբ կիրառվել են կյանքի համար վտանգավոր մեթոդներ (ուժեղ թմրեցում և սթրեսային տեղափոխում), ինչն անհամատեղելի է եղել նրա կյանքի հետ և հանգեցրել է կենդանու տանջալից մահվան (անվերադարձ քնի)։

  1. Պաշտոնեական անփութություն կամ լիազորությունների չարաշահում.

Քննիչը ցուցաբերել է հանցավոր անփութություն, հաշվի չի առել կենդանի էակի շահերն ու կյանքի իրավունքը, ինչի արդյունքում պետական գործողության հետևանքով ոչնչացվել է արժեքավոր կենդանի։ Այս վարքագիծը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) կամ 446-րդ (Պաշտոնեական անփութությունը) հոդվածներով նախատեսված արարքների հատկանիշներ:

  1. Մյուս առգրավված կենդանիների կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգը.

Քանի որ քննչական գործողությունների շրջանակներում առգրավվել և տեղափոխվել են նաև այլ կենդանիներ, չի բացառվում, որ նրանց ևս պատճառվի մահ կամ առողջության այլ ծանր վնաս։ Մինչ օրս հանրությանը հայտնի չէ և առկա չէ որևէ հավաստի տեղեկատվություն այն մասին, թե արդյոք առկա է համապատասխան մասնագիտական/կենդանաբուժական եզրակացություն՝ մյուս առգրավված կենդանիներին նոր միջավայրում (Երևանի կենդանաբանական այգում) անվտանգ պահելու, նրանց կերակրման, խնամքի և սթրեսային վիճակից դուրս բերելու պայմանների վերաբերյալ։ Առանց նմանատիպ մասնագիտական երաշխիքների կենդանիներին անհայտ պայմաններում պահելը նույնպես հանդիսանում է հանցավոր անփութության և անօրինական գործելաոճի շարունակություն, որը հղի է նոր կորուստներով։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխի համապատասխան նորմերով՝

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ՝

  1. Սույն հաղորդման հիման վրա նախաձեռնել քրեական վարույթ՝ պարզելու համար առգրավման որոշում կայացրած և այն իրականացրած քննիչի (կամ քննչական խմբի) գործողությունների օրինականությունը։
  2. Քրեաիրավական գնահատական տալ քննիչի գործողություններին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի (Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք) ինչպես նաև 441-րդ և/կամ 446-րդ հոդվածների (Պաշտոնեական հանցագործություններ) հատկանիշներով։
  3. Պարզել, թե որ կենդանաբույժների կամ մասնագետների եզրակացության հիման վրա է քննիչը թույլատրել հիվանդ կենդանու թմրեցումն ու տեղափոխումը։
  4. Հրատապ կարգով քննության առնել և պարզել մյուս առգրավված կենդանիների պահման պայմանների օրինականությունն ու անվտանգությունը՝ կանխելու համար հնարավոր նոր անկումները կամ կենդանիների առողջությանը վնաս պատճառելը։

Զարուհի Փոստանջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031