ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել էր պատգամավորի թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, որոշների դեպքում էլ՝ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություններ։ Այդ միջնորդությունները ԿԸՀ-ն չէր քննել աշխատանքային ծանրաբեռնվածության՝ ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկման հանգամանքով պայմանավորված։ Հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում որոշել է դրանք վերադարձնել ՀՀ գլխավոր դատախազություն։
ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԿԸՀ-ի իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի կարգավիճակ չունեցող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու մասին միջնորդությանը համաձայնություն տալը։
Կարդացեք նաև
Ընտրական օրենսգրքով պատգամավորի թեկնածուների սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվում են մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը: Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվել են մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը։
Նույն հիմնավորմամբ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուներ Մհեր Աղամյանի, Լևոն Նալբանդյանի, Հայկ Ավագյանի, Սասուն Բադոյանի, Նարեկ Կարապետյանի, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































