«Զանգվածային ինքնաբացարկները մեր գաղտնի պլանի մի մասն են»,- իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Դատարանն այսօր քննելու է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը։
Նախընտրական ցուցակից ինքնաբացարկների մասով լրագրողների տարբեր հարցերին էլ պատասխանեց՝ ասելով, որ բոլորն իրենց թիմակիցներն են և վստահելի մարդիկ։ Պարզապես այդ մարտավարությունն են ընտրել՝ տվյալ մարդկանց «տարբեր տեսակի բռնաճնշումներից պաշտպանելու»։
«Մեր գաղտնի պլանները երկար պլաններ են, քայլ-քայլ ձեզ ենք ներկայացնում»,- իշխանափոխության գաղտնի պլանի մանրամասների մասին հարցին պատասխանեց բանախոսը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանն օր-օրի ավելի է ձախողվելու, լինելու է «թրիգեր», որն ընդդիմությունն օգտագործելու է։
Հակադարձելով լրագրողի դիտարկմանը, որ ընդդիմության սպասողական վիճակին հակառակ` Նիկոլ Փաշինյանն ակտիվ գործում է, Սամվել Կարապետյանն ասաց. «Շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալու։ Մենք սպասում ենք՝ դրանք կլինեն ճակատագրական, ընդդիմությունը կասի իր խոսքը։ Դա Հայաստանի համար է լինելու ճակատագրական, բայց մենք կանգնեցնելու ենք դա»։
Կարդացեք նաև
ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները հնարավո՞ր է սոցիալական բունտ հասունացնեն, դրա՞ն են սպասում ընդդիմադիրները՝ հարցին էլ Սամվել Կարապետյանը պատասխանեց, որ ինքն անկեղծորեն դեմ է այդ պատժամիջոցներին և ամեն ինչ անելու են, որ դրանք կանգնեցնեն։ Կարծում է՝ դրանք պետությանն են վտանգ բերում։
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի պետականացմանը, Սամվել Կարապետյանը հեգնեց. «Իրենք (նկատի ունի իշխանությունը.- Ն. Գ.) հաջողությամբ ոչնչացրեցին «Հրազդան ցեմենտը», հիմա՝ «Արարատ ցեմենտը» կոչնչացնեն, հետո՝ այլ «ցեմենտներ»։ Իրենք գործում են Հայաստանի տնտեսության դեմ։ Գյուղատնտեսությունն էլ ոչնչացրեցին… «Հրազդան ցեմենտը» պետականացրել են, բա ինչի չեն աշխատեցնում, 400-500 մարդ մնացել է առանց աշխատանքի, ո՞վ էր իրենց խանգարում աշխատեցնեին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































