ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այսօր Վահե Դոլմազյանի նախագահությամբ քննեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը։ Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել Սամվել Կարապետյանի տնային կալանքը եւս երեք ամսով երկարացնելու վերաբերյալ։ Ըստ դատախազության, վկաների հարցաքննությունը դեռ չի սկսվել, ուստի մտավախություն կա, որ նա կարող է ազդել վկաների վրա։
Մանրամասները՝ տեսանյութում
Պաշտպանական կողմն առարկեց՝ հիմնավորելով միջնորդության ոչ իրավաչափությամբ, քանի որ 100-ից ավել հատոր ունեցող գործում փաստաթղթերի հետազոտությունն ու ըստ այդմ վկաների հարցաքննությունը ենթադրում է մարդուն երկար ժամանակ անազատության մեջ պահել։ Պաշտպանը նաեւ նկատեց՝ նախընտրական շրջանում Սամվել Կարապետյանը մոտ 20 հազար մարդկանց հետ է հանդիպել եւ պրոբացիայի ծառայությունը չի գրանցել գեթ մեկ շեղում սահմանված գրաֆիկից։ Պաշտպաններն առաջարկում են վերացնել տնային կալանքը՝ պահպանելով գրավը եւ արգելելով կոնկրետ դատակոչված անձանց հետ շփումները։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Պաշտպաններից Արամ Վարդեւանյանը նկատեց՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ արդեն բարձր գրավ է կիրառված, բայց իրենք առաջարկում են այն ավելացնել՝ հասցնելով 400 միլիոն դրամի, եթե դա կնպաստի իրավունքի ապահովմանը։
Սամվել Կարապետյանը կալանավորված է 13 ամիս։ Պաշտպան Արամ Վարդեւանյանը դիմելով դատարանին՝ ասաց, որ այս ընթացքում ինքն այդպես էլ չի կարողանում իր պաշտպանյալի մեկ հարցին պատասխանել՝ ինչի՞ համար է նա կալանավորված։ Հարցրեց՝ իրենց համար դեռեւս չպարզված քրեական վարույթի շրջանակներում Սամվել Կարապետյանը որեւէ ձեւով փորձե՞լ է այդ թվում նաեւ իր միջազգային կապերն ու հեղինակությունն օգտագործել՝ վարույթին միջամտելու համար։ Ինքն էլ պատասխանեց՝ ոչ։
Հիշեցրեց՝ Սամվել Կարապետյանի միակ մարդն է, որի՝ պրոբացիայի ծառայության կողմից տրամադրված էլեկտրոնային սարքը տնային կալանքի ընթացքում մի քանի անգամ փոխվել է եւ տարակուսեց, թե ինչո՞ւ է միայն Սամվել Կարապետյանին հատկացվող սարքի մարտկոցը խնդիր ունենում։
Արամ Վարդեւանյանը չի հասկանում նաեւ, թե ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին դատարան տեղափոխում կալանավորված անձանց համար նախատեսված մեքենայով։ Պատկան մարմինները բացատրել են ծանրաբեռնվածությամբ, միմյանց աջակցելու գործառույթով, թեեւ նման պարտավորություն չկա։ Բայց պաշտպանը միտում է տեսնում։
Սամվել Կարապետյանը, ըստ պաշտպանի նաեւ միակ անձն է, որի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել, որ լինելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը եւ մասնակցելով ընտրություններին՝ հայտարարագիր չի ներկայացրել, մինչդեռ ԿԿՀ-ում տեղյակ են եղել, որ Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ եւ հնարավորություն չի ունեցել բանկեր եւ այլ հաստատություններ այցելել՝ այդ գործառույթն իրականացնելու համար։ Փաստաբանների դիմումից հետո վարույթը ընդամենը հետաձգվել է։
Ինչեւէ, Արամ Վարդեւանյանը չի տեսնում հանրային մեղադրողի կողմից հիմնավոր պատճառը, որ մարդը 13 ամսվա փոխարեն 16 ամիս լինի կալանավորված, այն դեպքում, երբ հանրային մեղադրողն իր խոսում ընդգծեց Սամվել Կարապետյանի պատշաճ վարքագիծը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































