Եթե Հայաստանում քաղաքականությամբ ես զբաղվում և ընդդիմադիր գործունեություն ես ծավալում, անմիջապես հայտնվում ես իրավապահների ուշադրության կենտրոնում։ Սա «դոգմա» է արդեն մոտ ութ տարի: Այդ ամենը զուգադրվում է տնտեսական ճնշումներով այն մարդկանց նկատմամբ, ովքեր որոշակի կարողություն ունեն կամ կապիտալի են տիրապետում։
Այդ ճնշումներն արտահայտվում են նաև ունեցվածքը, սեփականությունը խլելու միջոցով, որոնցից ամենաթարմ ու խոշոր դեպքերից է ՀԷՑ-ի «պետականացումը», իսկ հիմա էլ նույնը կատարվում է «Արարատցեմենտի» հետ։ Այս օրերին զուգահեռ ստուգումներ են իրականացվում «Մուլտի գրուպ» կոնցեռնի տասնյակ ընկերություններում։ Որոշ ժամանակ առաջ էլ, կհիշեք, նման ստուգումներ էին իրականացվում «Տաշիր» ընկերությունների խմբում: Այն, որ այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի, որևէ մեկը չի էլ կասկածում: Բայց հավելյալ դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ նախորդ հաշվետու ժամանակահատվածում հարկայինի կողմից եղել են պլանային ստուգումներ վերոնշյալ ընկերություններում, և… խախտումներ չեն հայտնաբերվել։ Իսկ «վերստուգումն» ու ինչ-որ բաներ «հայտնաբերելն» ինքնին փաստում է այս գործընթացի քաղաքական ուղղվածության և մեկ անձի հրահանգները ամեն գնով կատարելու ձգտման մասին։
Այս ամենը պարզ ու հասկանալի է: Սակայն հարցն այն է, որ քաղաքական մոտիվացիայով նման գործողությունները նաև տնտեսական լուրջ հետևանքներ են ունենում։ Ընդ որում, ոչ միայն տվյալ ընկերությունների կամ գործիչների համար, այլ երկրի ու ժողովրդի: Առաջին հերթին խնդիրը վստահության պակասի խորացումն է, ինչի արդյունքում ներդրողներն ու գործարարները շահագրգռված չեն լինի գործ սկսել կամ բիզնեսը զարգացնել Հայաստանում, քանի որ ոչ ոք վստահ չէ, որ «մի պայծառ օր» մեկ անձի քմահաճույքով խնդիրներ չեն ստեղծվի իր գործունեության համար։ Մյուս կողմից էլ՝ նման գործողություններով ուղղակի վնաս է հասցվում այդ ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատակիցներին, քանի որ նրանք շատ դեպքերում զրկվում են աշխատանքից ու եկամտի աղբյուրից: Ու դա էլ բավական չէ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սպառնում է, թե այն աշխատողները, որոնք ինչ-որ «բաներ կանեն», կարող են ազատվել աշխատանքից։
Վերջապես՝ ամենաառանցքային հարցերից մեկը, որը ոտնահարում են իշխանությունները, սեփականության իրավունքն է։ Պատահական չէ, որ սեփականության իրավունքը ժամանակակից իրավական պետության և ազատ տնտեսության հիմնասյուներից մեկն է։ Այն ոչ միայն սահմանադրական կարգավորում է կամ իրավական նորմ, այլև հասարակության, տնտեսության և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության առանցքային չափանիշ։ Այն երկրներում, որտեղ քաղաքացին վստահ է, որ իր օրինական ճանապարհով ձեռք բերված գույքը պաշտպանված է օրենքով, ձևավորվում է ներդրումային առողջ միջավայր, ընդլայնվում է գործարար ակտիվությունը, մեծանում է աշխատատեղերի թիվը և ամրապնդվում է սոցիալական կայունությունը։ Իսկ այն դեպքերում, երբ սեփականության իրավունքի պաշտպանությունը սկսում է կախված լինել քաղաքական իրողություններից, իշխանությունների վերաբերմունքից կամ ընտրովի իրավակիրառությունից, առաջանում են խորքային ռիսկեր, որոնք իրենց բացասական ազդեցությունն են ունենում ոչ միայն առանձին անձանց, այլ ամբողջ պետության տնտեսական, իրավական և քաղաքական համակարգի վրա։ Հենց այս համատեքստում սեփականության իրավունքի ապահովման թեման դառնում է առավել քան արդիական, հատկապես այն պայմաններում, երբ հասարակության մեջ ձևավորվում է այնպիսի ընկալում, որ յուրաքանչյուրի սեփականությունը կարող է հայտնվել բռնագանձման կամ այլ միջամտությունների վտանգի ներքո։
Կարդացեք նաև
Սեփականության անձեռնմխելիության սկզբունքը պատմականորեն ձևավորվել է այն համոզմունքից, որ պետությունը պետք է լինի ոչ թե սեփականության սպառնալիքը, այլ դրա երաշխավորը։ Եթե գործարարը կամ հասարակ քաղաքացին վստահ չէ, որ վաղը չի զրկվելու իր ունեցվածքից կամ ստիպված չի լինելու տարիներով դատարաններում պաշտպանել իր սեփականությունը, ապա նա չի պատրաստվի երկարաժամկետ ներդրումներ կատարել, արտադրություն զարգացնել, նոր ձեռնարկություններ հիմնել կամ ընդլայնել իր տնտեսական գործունեությունը։
Մյուս կողմից՝ երբ հասարակության մեջ ձևավորվում է այն համոզմունքը, որ օրենքը գործում է ոչ բոլորի նկատմամբ նույն չափանիշներով, այլ տարբեր կերպ՝ կախված անձից կամ քաղաքական իրավիճակից, ապա դա հարվածում է արդարության և արդարադատության նկատմամբ վստահությանը։ Ընտրովի արդարադատությունը նույնիսկ կարող է ավելի վտանգավոր լինել, քան բազմաթիվ առանձին իրավական սխալներ։ Եթե քաղաքացին սկսում է մտածել, որ օրենքի կիրառման հավանականությունը կախված է ոչ թե իր գործողություններից, այլ քաղաքական դիրքորոշումից, ապա իրավական անվտանգությունն աստիճանաբար փոխարինվում է քաղաքական սեգրեգացիայով։
Արդյունքում առաջանում է նաև մեկ այլ վտանգավոր երևույթ։ Յուրաքանչյուր գործարար, ներդրող կամ պարզապես որոշակի սեփականություն ունեցող քաղաքացի սկսում է գնահատել ոչ միայն շուկայի տնտեսական ռիսկերը, այլ նաև քաղաքական ռիսկերը։ Կապիտալը, ի տարբերություն բազմաթիվ այլ ռեսուրսների, չափազանց զգայուն է ոչ միայն անորոշության, այլև առարկայական ռիսկերի նկատմամբ։ Այն միշտ շարժվում է այնտեղ, որտեղ առավել կանխատեսելի են խաղի կանոնները։ Ոչ մի գործարար չի ցանկանա տարիներով ստեղծված բիզնեսը պահել այնպիսի միջավայրում, որտեղ մշտապես առկա է սեփականության իրավունքի նկատմամբ միջամտության վտանգի զգացողություն։ Նույնիսկ եթե այդ վտանգը երբևէ չիրականանա, դրա գոյության մասին ընկալումն արդեն բավական է ներդրումային ծրագրերը վերանայելու, կապիտալի մի մասը դուրս բերելու կամ նոր ներդրումներից հրաժարվելու համար։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































